
Մխիթար Հայրապետյանն առաջարկում է պահպանել գերության մեջ գտնվող զինծառայողի պաշտոնային դրույքաչափը
Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Հայրապետյանն առաջարկում է գերության մեջ գտնվող զինծառայողի պաշտոնային դրույքաչափը պահպանել: Պատգամավորը փոփոխություններ է առաջարկում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում:
Գործող կարգավորումների համաձայն` գերության մեջ գտնվող զինծառայողն ազատվում է զբաղեցրած զինվորական պաշտոնից և թողնվում է ՊՆ կադրային ստորաբաժանման տրամադրության տակ մինչև գերությունից ազատվելը: Օրենքով սահմանված են կադրերի տրամադրության տակ թողնելու այն հիմքերը, որոնց դեպքում պահպանվում է զինծառայողի պաշտոնային դրույքաչափը, և այդ ցանկում գերության մեջ հայտնվելը չկա:
Մխիթար Հայրապետյանն առաջարկում է հստակեցում այդ հոոդվածում` պահպանել գերության մեջ գտնվող զինծառայողի համար պաշտոնային դրույքաչափը և դրա վճարումն իրականացնել է միայն այն դեպքում, երբ զինծառայողի կողմից գերության մեջ գտնվելու փաստի կապակցությամբ անցկացված ծառայողական քննության արդյունքում ակնհայտ հիմնավորվում է, որ գերության մեջ հայտնվելը զինծառայողի` զորամասը կամ ծառայության վայրը կամ մարտադաշտն ինքնակամ թողնելու և (կամ) կամովին գերի հանձնվելու հետևանք չէ:
Ըստ հեղինակի`գործող կարգավորումների պարագայում խնդիրներ են առաջանում գերության մեջ գտնվելու ընթացքում զինծառայողի ընտանիքի կենսագոյության հետ կապված, ինչը զինծառայողների իրավական և սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականության առումով արդարացի չէ:
Հիշեցնենք, որ նախագիծը ԱԺ լիագումար նիստերի օրակարգում հայտնվելու համար պետք է ստանա գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը: Այն շրջանառության մեջ է դրվել սեպտեմբերի 10-ին:
Լուսանկարում` Մխիթար Հայրապետյանը
Մեկնաբանել