HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանագետ․ «Տարածաշրջանային ակնհայտ ակտիվության ականատեսը կլինենք հատկապես հաջորդ տարի»

«Հետքի» հարցերին պատասխանում է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, իրանագետ Գոհար Իսկանդարյանը

-Տիկին Իսկանդարյան, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն սեպտեմբերի 6-ին հայտարարեց, թե Իսրայելն ու ԱՄԷ-ն կարող են հակաիրանական դաշինք կազմել՝ պաշտպանելու ամերիկյան շահերը Մերձավոր Արեւելքում։ Վաշինգտոնի միջնորդությամբ իսրայելական ու արաբական պետությունների հարաբերությունների ջերմացումը ընդդեմ Իրանի նո՞ր սպառնալիք է մեր հարեւանի համար, թե՞ մեծ հաշվով իրավիճակը նույնն է՝ հաշվի առնելով, որ Իրանը տարիներ ի վեր, միեւնույնն է, շատ վատ հարաբերություններ ունի Իսրայելի ու ԱՄԷ-ի հետ։ 

-Ըստ էության, Թրամփի նախագահության օրոք հակաիրանական դաշինքը հստակ ձեւավորվեց 2017 թ. մայիսին, երբ տեղի ունեցավ ԱՄՆ նախագահի առաջին արտասահմանյան այցելությունը, որն սկսվեց Մերձավոր Արեւելքում Իրանի թիվ մեկ ախոյան Սաուդյան Արաբիայից, ինչը խոսուն փաստ է Թրամփի մերձավորարեւելյան հետագա քաղաքականության համար: Այս այցելության ժամանակ նաեւ ուրվագծվեց հակաիրանական կոալիցիա կազմելու ծրագիրը: Թրամփը պարզորոշ ցույց տվեց, որ խորացնելու է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները. կնքվեց 350 մլրդ դոլարի պայմանագիր, որից 110 մլրդ-ը՝ ԱՄՆ-ից զենք գնելու համար: Համաձայն պաշտոնական Վաշինգտոնի՝ սա բխում էր Մերձավոր Արեւելքում Միացյալ Նահանգների շահերից եւ ուղղված չէ որեւէ երրորդ պետության դեմ:

Սակայն առավել քան պարզ է, որ տարածաշրջանում փորձ է արվում համախմբելու նույնպիսի շահեր ու հետաքրքրություններ հետապնդող երկրներին: Այցի շրջանակներում Թրամփը հանդես եկավ կոշտ հայտարարությամբ Իրանի հասցեին՝ մեղադրելով նրա ղեկավարությանը ահաբեկչությունը հովանավորելու, տարածաշրջանում անկայունություն սերմանելու մեջ եւ կոչ արեց բոլոր ազգերին միանալ՝ Իրանին մեկուսացնելու համար։ Իսկ դուրս գալով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից՝ ԱՄՆ-ն նախ փորձեց անհարմար իրավիճակ ստեղծել նաեւ Իրանի ու ծրագրի մյուս անդամների համագործակցության համար, իսկ այնուհետեւ Մերձավոր Արեւելքում Իրանի ախոյաններին փորձեց համախմբել, որպեսզի վերջիններս ի վիճակի լինեն կասեցնելու Իրանի տարածաշրջանային գործողությունները։

Ասել, որ հակաիրանական գործողությունները, որոնք իրականացվում են Միացյալ Նահանգների կողմից, նոր են՝ սխալ կլինի, բայց որ այն իրականացվում է նոր ջանասիրությամբ ու տարածաշրջանային այլ մասնակիցներ ներառելով, դա արդեն փաստ է։ Հատկապես հաշվի է առնվել այն հանգամանքը, որ թե՛ Իսրայելը եւ թե՛ ԱՄԷ-ն ունեն չլուծված խնդիրներ Իրանի հետ։ ԱՄԷ-ն անգամ տարածքային պահանջներ ունի՝ ի դեմս Հորմուզի նեղուցի երեք կղզիների, որոնք Իրանը վերցրել է 1970-ական թվականներին։

-Ինչի՞ է ուզում հասնել Վաշինգտոնը՝ նախկին երկու հակառակորդներին ընդհանուր թշնամու դեմ ուղղորդելով։

-Կարծում եմ՝ Միացյալ Նահանգները, Իրանի հակառակորդ երկրներին միավորելով, մոբիլիզացնելով, զինելով, աջակցելով, նպատակ է հետապնդում առ այն, որ կկարողանա հասնել այն բանին, որ այդ երկրները ի վիճակի կլինեն զսպել Իրանի ակտիվ տարածաշրջանային քաղաքականությունը, եւ Միացյալ Նահանգները այդուհետ ուղղակի չի միջամտի տարածաշրջանային գործընթացներին, այլ պարզապես կիրականացնի դրանց կոորդինացումը։

-«Համասը» Իսրայել-ԱՄԷ մերձեցումը «թիկունքից դանակով հարված» որակեց, եւ այս ամենը տեղի է ունենում Արեւմտյան ափից նոր տարածքներ բռնակցելու Իսրայելի մտադրության ֆոնին։ Հնարավո՞ր է, որ Իրանն էլ պաղեստինցիների ձեռքով փորձի ցավոտ հակահարված տալ Իսրայելին։   

-Ինձ համար անհասկանալի է «Համասի» վերոնշյալ որակումը, քանի որ թիկունքից հարվածելը նշանակում է հարված ստանալ, երբ չես սպասում, երբ դաշնակիցդ է դավաճանում, այս պարագայում ո՛չ Իսրայելը, ո՛չ էլ ԱՄԷ-ն «Համասի» հետ չեն համագործակցել, այլ միշտ արտահայտել են իրենց դժգոհությունն այդ կառույցի գործունեությունից։ Ինչ վերաբերում է Իրանի պատասխանին, ապա կարծում եմ՝ Իրանն ունի բավական հարուստ գործիքակազմ, որպեսզի կարողանա հավուր պատշաճի պաշտպանել իր շահերը տարածաշրջանում։ Կարծում եմ՝ տարածաշրջանային ակնհայտ ակտիվության ականատեսը կլինենք հատկապես հաջորդ տարի, երբ ԱՄՆ-ում ավարտված կլինեն նախագահական ընտրությունները, որտեղ, կարծում եմ, բավական մեծ շանսեր ունի գործող նախագահը։ Միեւնույն ժամանակ հաջորդ տարի Իրանում եւս տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, որի արդյունքում, կարծում եմ, առավելապես մեծ ձայներ կհավաքեն կոշտ կամ ծայրահեղ պահպանողական քաղաքականության կողմնակիցները։

-Հայաստանի հարաբերությունները ԱՄԷ-ի հետ բարեկամական են, Իսրայելի հետ էլ ջերմացում է նկատվում վերջին շրջանում, ինչի ապացույցը նաեւ Թել Ավիվում ՀՀ դեսպանության բացումն է, գուցե նաեւ հակաթուրքական ընդհանուր օրակարգը։ Ինչպե՞ս եք գնահատում մեր արտաքին քաղաքականությունը Իրան-Իսրայել-ԱՄԷ բարդ եռանկյունու խաղացողների հանդեպ։  

-Իրականում հասկանալով եւ գիտակցելուվ տարածաշրջանային բարդ թնջուկը՝ միեւնույն ժամանակ ՀՀ արտաքին գերատեսչությունը բավական լավ պատկերացնում է, որ մենք այդ թնջուկում անելիք չունենք եւ մենք չենք մասնակցել այդ թնջուկի ստեղծմանն ու, ամենայն հավանականությամբ, դրա լուծման մեջ էլ մաս չենք կազմի։ Դա նշանակում է, որ մենք պետք է ձեռնպահ մնանք եւ ակամա չներքաշվենք այդ խնդիրների մեջ։ Մեր հարեւան եւ անգամ դաշնակից պետությունները եւս ունեն բավական ջերմ հարաբերություններ տարածաշրջանում մեր իրավունքները, շահերը ոտնահարող երկրների հետ, սակայն սա բնավ չի նշանակում, որ մենք պետք է պահանջենք նրանցից դադարեցնել կամ երկրորդայնացնել իրենց հարաբերությունները։ Մենք կարող ենք եւ պետք է պահանջենք հավասար եւ բալանսավորված քաղաքականություն իրականացնել եւ չփորձել ՀՀ շահերը ոտնահարել՝ հանուն իրենց շահերի։

Մեկնաբանություններ (1)

Мераби Суслов
Я,будучи по национальности Езидом ( Курдом), а также имея связи и прямое влияние на руководителей KRG (Курдское региональное государство), с большим опытом практических знаний, хочу заявить следующее. Без решения Курдской государственности , этот регион будет всегда очагом сопротивления 48- и миллионной национальной борьбы за естественное право на государственность. Древнейшая арийская нация, была крайне несправедливо обделена, после 1- ой мировой ! Кстати , Армянская нация также была оставлена в ряде опрокинулся в забытье стран. Нынешняя Армения,по территории и могуществу, совершенно не соответствует своему генетическому праву по соответствии. С уважением Мераби Суслов- Алоян.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter