HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանը քննարկում է ՍԴ դատավորի պաշտոնում Երվանդ Խունդկարյանի թեկնածության հարցը

Օրհներգի հնչյունների ներքո մեկնարկեցին Ազգային ժողովի 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի աշխատանքները: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ներկայացրեց քառօրյայի օրակարգը, օրակարգում է նաև Սահմանադրական դատարանի դատավորների թափուր պաշտոններում առաջադրված թեկնածուների ընտրության հարցը: Դատավորների ընդհանուր ժողովն առաջադրել է Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը: Վերջինիս թեկնածությունը ներկայացրեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Լիլիթ Թադևոսյանը:

Մինչ դատավորներին ներկայացնելը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ չեն մասնակցելու հակասահմանադրական այս պրոցեսին, ինչից հետո խմբակցության պատգամավորները դուրս եկան նիստերի դահլիճից:

ՍԴ դատավորի թեկնածուին տարբեր հարցեր ուղղեցին` մասնագիտական որակներից մինչ որդիների զինծառայությանն առնչվող:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հիշեցրեց, որ Խունդկարյանը 2010-2018 թվականներին զբաղեցրել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահի պաշտոնը և հավելեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2011 թվականին արտահերթ զեկույց է հրապարակել արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ և նշել, որ վերոնշյալ դատարանի դատավորների կայացրած վճիռների պատճառով է, որ հազարավոր մարդիկ առանց կացարան են մնացել: Զեկույցում նշվել է նաև, որ դատավորները ճնշումների են ենթարկվել:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե վերջինս ինչ ճնշումների է ենթարկվել: Երվանդ Խունդկարյանն արձագանքեց, որ իր գործունեության ընթացքում իր վրա ճնշումներ չեն եղել, ապա հավելեց, որ այդ զեկույցը հրապարակվել է  2009 թվականին, որին Դատավորների միության խորհուրդն արձագանքել է: 

Սամսոնյանը նաև հետաքրքրվեց «A1+» հեռուստաընկերության դատական վեճից, որի գործը տնտեսական դատարանում քննել է Խունդկարյանը: Վերջինս արձագանքեց` չնայած մամուլում արդեն մի քանի օր է` հրապարակումներ կան, որ ինքն է հեռուստաընկերությանը զրկել հեռարձակման իրավունքից, բայց իրեն հետաքրքիր է, թե արդյոք նման պնդումներ անողները կարդացել են եվրոպական դատարանի որոշումը:

Խունդկարյանը վերահաստատեց` այդ դատական գործում հանդես է եկել որպես միանձնյա դատավոր, իսկ ՄԻԵԴ-ն այդ գործում որևէ խախտում չի արձանագրել. դատարանի վարքագիծը եղել է օրինական: Ըստ Խունդկարյանի` խնդիրը եղել է այն, որ օրենսդիրը չի պարտավորեցրել ՀՌԱՀ-ին իր որոշման` հաղթողին ընտրելու հարցում պատճռաբանումներ ներկայացնել, թե ինչ չափորոշիչների հիման վրա է ընտրությունը եղել:

«ՄԻԵԴ վճիռը դատավոր Խունդկարյանի գործողություններում որևէ խախտում չի արձանագրել»,- ասաց նա:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց դատավորի թեկնածուի երկու որդիների զինծառայությունից` պնդելով, թե մի որդին Երևանում է ծառայել` արտոնյալ պայմաններով: Երվանդ Խունդկարյանը պատասխանեց, որ ավագ որդին ծառայել է պատվո պահակախմբի համապատասխան ստորաբաժանման շարքերում, իսկ կրստեր որդին այժմ զինծառայող է:

Խունդկարյանը չմասնավորեցրեց, թե որդին որտեղ է անցկացնում զինծառայությունը, սակայն ընդգծեց` Հայաստանի տարածքում տեղակայված զորամասերից մեկում: Երվանդ Խունդկարյանը վստահեցրեց, որ որդին զինծառայությունն իրականացնում է նույն մեթոդներով, ինչ բոլոր զինծառայողները և արդեն ամիսուկես է, ինչ մարտական հերթապահություն է իրականացնում: Ըստ Խունդկարյանի` ինքը որևէ ազդեցություն ու միջամտություն չի ունեցել որդու` զինծառայության վայրի ընտրության հարցում:

«Իմ քայլ»-ական Տաթևիկ Հայրապետյանն էլ հարցրեց, թե որն է Վճռաբեկ դատարանի նախագահի անձնական շարժառիթը` ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվելու համար և վերջինս ինչ կարծիք ունի Գերագույն դատարանի հնարավոր ստեղծման վերաբերյալ:

«Ես իմ վարքագծով ցույց եմ տալիս, որ պաշտոնը որևէ դատավորի համար ինքնանպատակ չէ, ցույց եմ տալիս, որ Վճռաբեկ դատարանի նախագահն իր պաշտոնից կառչած չէ, եթե տրվել է հնարավորություն, որ դատական իշխանությանն ի նպաստ գործունեություն իրականացվի»,- ասաց Խունդկարյանը:

Ինչ վերաբերում է Գերագույն դատարանի հնարավոր ստեղծվելուն (Վճռաբեկ դատարանի ու ՍԴ-ի միավորման արդյունքում), Խունդկարյանն այդպես էլ չհստակեցրեց, որ իր դիրքորոշումը բացասական է, սակայն ակնարկեց` դատական համակարգում կտրուկ որոշումներն իր համար անընդունելի են, ցանկացած փոփոխություն պետք է լինի խիստ կշռադատված:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրությունում փոփոխություն է կատարել, ըստ որի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները որպես նախագահ դադարել են, իսկ ՍԴ անդամ-դատավորներ Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը, Ալվինա Գյուլումյանը չեն պաշտոնավարում: Փոփոխությունների էությունն այն էր, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում էր ավարտված, և պաշտոնավարումը դադարում էր:

Նույն կերպ դադարում էր մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահի լիազորությունները:

Վերոնշյալ անձինք, սակայն, այդ փոփոխության իրավաչափությունը չեն ընդունում` պնդելով, որ Սահմանադրությունը չի կարող փոխվել առանց Սահմանադրական դատարանի մասնագիտական եզրակացության: 

Լուսանկարները` Անի Սարգսյանի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter