HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպանները պնդում են, որ Հրայր Թովմասյանի մեղադրանքը պետք է պաշտպանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանին ու վերջինիս պաշտպաններին ակնհայտորեն դուր չի գալիս լրագրողների ներկայությունը իր և Նորայր Փանոսյանի գործով դատական նիստին՝ թեև վերջիններս հայտարարում են, թե  նիստի լուսաբանման հետ կապված խնդիր չունեն։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, այսօր տեղի ունեցավ Թովմասյանի և Փանոսյանի գործով հերթական նիստը, որի ընթացքում Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը խնդրեց քննարկման առարկա դարձնել դատական նիստի ձայնագրման թույլտվության հարցը։

Պաշտպան Պողոսյանը հիշեցրեց, որ նախորդ դատական նիստերի ընթացքում կայացվել է տեսաձայնագրությունը չթույլատրելու վերաբերյալ որոշում, որից հետո խնդրեց քննարկել առանձին ձայնագրության հարցը, եթե դատարանն այս մասով որոշում չի կայացրել։

Միամտություն կլինի կարծել, թե  ՍԴ նախագահին և վերջինիս պաշտպանությունը ստանձնած փաստաբանին հայտնի չէ, որ դռնբաց դատական նիստի ձայնագրության արգելք օրենքը չի նախատեսում, բայց, այնուամենայիվ, հարցը քննարկման առարկա դարձավ, պաշտպան Պողոսյանն ընդհուպ նշեց, որ իրենց՝ պաշտպանական կողմի կարծիքով՝ դատական նիստի ձայնագրությունը պետք է իրականացվի Դատական դեպարտամենտի միջոցով, այլ ոչ թե լրատվամիջոցները ձայնագրեն ամբողջ գործընթացը։ Պողոսյանը նաև ասաց, որ լրատվամիջոցներից մեկի բարձրախոսը դատարանում է լինում և ձայնագրություն իրականացնում դատական նիստի ընդմիջումների ժամանակ։ Պետք է նկատել, որ եթե անգամ դա այդպես է, նախագահող դատավորը լիազորություն չունի նիստից դուրս ընթացող գործընթացներին որևէ կերպ միջամտելու։  

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը պարզաբանեց, որ դատական նիստը դռնբաց է, և յուրաքանչյուր ոք, այդ թվում՝ լրատվամիջոցի ներկայացուցիչներն իրավունք ունեն իրականացնել ձայնագրություն։

«Դա դռնբաց դատական նիստի բաղադրիչներից է, և եթե դուք գտնում եք, որ խախտվում են որոշակի դատավարական կանոններ կամ  Ձեր պաշտպանյալի որևէ իրավունք, կարող եք այդ մասին հայտարարություն անել, բայց դատարանն այլ լծակներ չունի, որպեսզի դատական նիստին ներկա անձանց արգելի իրականացնել ձայնագրություն»,-պաշտպանին դիմելով՝ ասաց դատավոր Տաթևիկ Գրիգորյանը։

Նշենք, որ նախորդ դատական նիստերից մեկի ընթացքում էլ, երբ քննարկվում էր տեսանկարահանման հարցը, Հրայր Թովմասյանը հայտարարել էր, որ եթե դատական պրոցեսը տեսանկարահանվի, ապա ինքն ամբողջ դատական նիստի ընթացքում չի նստելու ամբաստանյալի համար նախատեսված աթոռին։ Թովմասյանն ընդհուպ առարկել էր, որպեսզի դատավարության մյուս մասնակիցներին թույլատրվի տեսանկարահանել՝ նշելով, որ հնարավոր չէ այնպես իրականացնել տեսանկարահանումը, որ ինքը կադրերում չհայտնվի։ Ըստ Թովմասյանի՝ իր հետ սկսված դատական պրոցեսը թաքնված նպատակ ունի՝ իրեն ցույց տալ ամբաստանյալի աթոռին։

Այսօրվա դատական նիստին քննարկման առարկա դարձավ գործով մեղադրանքը պաշտպանող դատախազներ Արմեն Մուրադյանին և Արսեն Մարգարյանին բացարկ հայտնելու հարցը։ Թովմասյանի պաշտպանները խնդրեցին ծանոթանալու համար իրենց տրամադրել գլխավոր դատախազի գրությունը՝  Մարգարյանին և Մուրադյանին որպես այս գործով մեղադրող լրազորելու վերաբերյալ։

Փաստաթղթին ծանոթանալուց հետո պաշտպանները հայտնեցին, որ բացարկի միջնորդություն ունեն դատախազներին։ Միհրան Պողոսյանը նշեց, որ ՍԴ նախագահի գործով մեղադրանքը պետք է պաշտպաներ գլխավոր դատախազը, սակայն գործի նյութերից ակնհայտ է, որ  նա ամեն կերպ խուսափել է գործով դատախազական հսկողություն իրականացնել և այժմ էլ, փաստորեն, դատարան չի ներկայանալու՝ մեղադրանքը պաշտպանելու։

Պաշտպան Պողոսյանը դատարանին միջնորդեց իրենց ժամանակ տրամադրել՝ դատախազներին բացարկի միջնորդություն պատրաստելու համար, և նիստը հետաձգվեց։

Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Միհրան Պողոսյանը նշեց, որ ցանկացած  ապօրինության հետևում պետք է պատասխանատու պաշտոնատար անձ կանգնած լինի, իսկ գլխավոր դատախազն, ըստ պաշտպանի, այս գործով  այդ պատասխանատու անձն է։

Միհրան Պողոսյանը դիրքորոշում հայտնեց, որ գլխավոր դատախազն ի սկզբանե պարտավոր էր դիմել Սահմանադրական դատարան և հաղթահարել Սահմանադրական դատարանի դատավորի անձեռնմխելության արգելքը, մինչդեռ նա այդ գործողությունը չի կատարել։

«Մենք ցանկանում ենք, որպեսզի գլխավոր դատախազն այս քրեական պրոցեսի ընթացքում ներկա գտնվի և պատասխանի, թե այս ընթացքում որ գործողությունն ինչ նկատառումով է իրականացվել։ Մենք չունենք հստակ պահանջ, թե գլխավոր դատախազը որ գործերով կարող է դատախազական հսկողություն, մեղադրանքի պաշտպանություն իրականացնել, այսինքն՝ իր նախընտրությամբ է իրականացնում՝ բացառությամբ սահմանադրական դատարանի դատավորի հետ կապած գործերի։ Եթե այս գործով էլ դատախազը չի գալիս դատարան, ապա հարց է առաջանում, թե ինչո՞վ է զբաղվում գլխավոր դատախազն առհասարակ»,- ասաց Պողոսյանը։

Հարցին՝ Սահմանադրական դատարանի դատավորի մեղադրանքը պաշտպանելն, ըստ Միհրան Պողոսյանի, դատախազի բացառիկ լիազորությո՞ւնն է, պաշտպանը պատասխանեց, որ 2019 թվականի դեկտեմբերի 26-ի դրությամբ, երբ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել,  միակ  պաշտոնատար անձը, որը կարող էր դատախազական հսկողություն իրականացնել գործի նկատմամբ, եղել է գլխավոր դատախազը։

Ըստ Պողոսյանի՝ գործի նախաքննության ընթացքում իրական դատախազական հսկողություն չի իրականացվել, այլ իր համար որոշակի պատնեշներ ստեղծելով, որոշակի օրենքների շրջանցմամբ, դատախազական խմբով է «իրեն պաշտպանել» այս քրեական գործից։

Անդրադառնալով Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ դատավորի անձեռնմխելիության արգելքը հաղթահարված չլինելու վերաբերյալ իրենց պնդմանը՝ Պողոսյանն ասաց, որ Հրայր Թովմասյանը Սահմանդրական դատարանի նախագահ է ընտրվել 2005 թվականի Սահմանադրությամբ, ըստ որի՝  նա օժտված է ամբողջական անձեռնմխելիության իրավունքով, սակայն գործընթացներ չեն իրականացվել այս հանգամանքին մեկնաբանություն տալու ուղղությամբ։

Պաշտպանը նաև հարկ համարեց նշել, որ անձեռնմխելիության մասին խոսելով՝ իրենք նկատի չունեն, որ կա օրինական քրեական գործ, մեղադրանք, սակայն հաղթահարված չէ Թովմասյանի անձեռնմխելության արգելքը։

«Սա այլ նպատակների համար իրականացված նախաքննություն է, այլ նպատակների համար դատարան ուղարկված գործ։ Նպատակը Հրայր  Թովմասյանից՝ որպես Սահմանադրական  դատարանի նախագահ ամեն միջոցով ազատվելն է եղել, և ժամանակը ցույց տվեց, որ այդ նպատակին հասնելու համար խորթ չգտնվեց որևէ մեթոդ, այդ թվում՝ սահմանադրական կարգի տապալումը Հայաստանում գործող իշխանության կողմից»,- ասաց Միհրան Պողոսյանը։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ 2010  թվականից մինրև 2014 թվականն Արդարադատության նախարար եղած Հրայր Թովմասյանն, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, կարգադրիչ լիազորություններով, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել Արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։ Բացի այդ Հրայր Թովմասյանը, նույն շահագրգռվածությամբ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նախարարության մի խումբ պաշտնակատար անձանց հետ համակցությամբ՝ հարկադրվել է Նոտարական պալատի նախագահին՝ պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել փաստացի իրեն պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել Արդարադատության նախարարության և Նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։ Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանի մեղադրանքը ևս այս դրվագների վերաբերյալ է։

Դիտարկմանը, որ Հրայր Թովմասյանն այժմ սահմանադրական դատարանի նախագահ չէ, և ոչ իր վերաբերյալ  դատական պրոցեսների պատճառով, Միհրան Պողոսյանը պատասխանեց, որ որևէ մեկը չէր կարող կանխատեսել, որ Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածումը կտապալի  Սահմանադրական հանրաքվեն, որի նպատակը Հրայր Թովմասյանից՝ որպես ՍԴ նախագահի ազատվելն էր։

«Իմ գնահատմամբ, իշխանությանն ամեն կերպ անհրաժեշտ էր մինչև այդ ապօրինի նշանակված հանրաքվեն ունենալ մեղադրյալ Հրայր Թովմասյան, որպեսզի հանրությանը իրական խնդրից, նպատակներից շեղեն և ներկայացնեն, թե իբր մեղադրյալից են ազատվում Սահմանադրական դատարանում։

Այս պահին Հրայր Թովմասյանի լիազորությունները՝ որպես նախագահ դադարել են, թեև ինքն անօրինական է համարում դա ու պատրաստվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան  գանգատ ներկայացնել։

«Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրությունում փոփոխություն է կատարել, ըստ որի՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում։ Նույն կերպ դադարում էր մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահի լիազորությունները:

Այս օրենքի համաձայն են դադարել Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախագահի լիազորությունները, նույն օրենքի ուժով դադարել են նաեւ ՍԴ դատավորներ Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լրազորությունները։ Թովմասյանն ու վերը նշված մյուս անձինք պնդում են, որ Սահմանադրությունը չի կարող փոխվել առանց Սահմանադրական դատարանի մասնագիտական եզրակացության, ինչը, սակայն, արվել է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter