HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ եթե դատական պրոցեսը տեսանկարահանվի, ամբողջ ընթացքում չի նստելու ամբաստանյալի աթոռին

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանն ու վերջինիս սանիկ, Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանն այսօր  առարկեցին իրենց  վերաբերյալ դատական պրոցեսի տեսանկարահանման դեմ։

Թովմասյանի պաշտպաններից Միհրան Պողոսյանը նշեց, որ ցանկացած դատավորի, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի դատավորի վերաբերյալ քրեական վարույթում պետք է ապահովվի հնարավորինս գաղտնիություն՝ այնպես, որ այդ պրոցեսի լուսաբանումը որևէ կերպ կասկածի տակ չդնի դատական իշխանության անկախությունը։ Ըստ Միհրան Պողոսյանի՝ գործի նախաքննության ընթացքում այս սկզբունքը խախտվել է, իրենք չեն ցականում, որ դատարանում նույնպես թույլատրվի այդպիսի խախտում։

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը դիտարկեց, որ  լրատվամիջոցներն, ամեն դեպքում, անարգել կարող են լուսաբանել դռնբաց դատական պրոցեսը՝ գրավոր տեսքով, ինչին ի պատասխան Միհրան Պողոսյանը նշեց, որ յուրաքանչուր լրագրող ըստ իր բարեխղճության է իրականացնում դատական պրոցեսի լուսաբանումը,  և հանրությունը տեսնում է, թե որ լրատվամիջոցն ինչ ծավալով է տեղեկատվություն տարածում։

Տեսանկարահանման դեմ առարկելիս Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ եթե դատական նիստը տեսաձայնագրվի, ինքն ամբողջ դատական պրոցեսի ընթացքում չի նստելու ամբաստանյալի համար նախատեսված տեղում ու  կանգնած է մնալու։

«Որովհետև այն պրցեսները, որոնք սկսվել են, ունեն զուգահեռ, թաքնված այլ նպատակներ՝ ինձ ցույց տալ այս աթոռին նստած։ Ես միանում եմ միջնորդությանը, որ տեսանկարահանումն արգելվի, իսկ լուսաբանման հետ կապված որևէ խնդիր չունեմ։ Կրկնում եմ՝ եթե դատարանը որոշի թույլատրել տեսանկարահանումը, ես ամբողջ դատական պրոցեսի ընթացքում չեմ նստելու»,- ասաց Հրայր Թովմասյանը։

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հարցրեց, թե արդյոք Հրայր Թովմասյանը դե՞մ է, որ դատական պրոցեսը տեսանկարահանվի այնպես, որ ինքը կադրերում չերևա։ Թովմասյանն այս տարբերակին ևս դեմ էր։ Նա կարծիք հայտնեց, որ հնարավոր չէ տեսանկարահանում իրականացնել այնպես, որ ինքն առհասարակ չերևա կադրերում։

Ամբաստանյալ Նորայր Փանոսյանը նույնպես առարկեց տեսանկարահանման դեմ։ Հաշվի առնելով ամբաստանյալների դիրքորոշումը՝ դատարանը որոշեց չթույլատրել տեսանկարահանումը։

Այսօրվա դատական նիստի ընթացքում քննարկման առարկա դարձավ դատավորի ինքնաբացարկի հարցը։ Նորայր Փանոսյանն ու Հրայր Թովմասյանն ինքնաբացարկ չհայտնեցին։ Վերջինիս պաշտպաններից Միհրան Պողոսյանը նույնպես ինքնաբացարկի միջնորդություն չներկայացրեց, բայց հարկ համարեց որոշակի պարզաբանումներ ներկայացնեկ։

Պողոսյանը դիրքորոշում հայտնեց, որ այս գործը դատաքննության նախապատրաստելու փուլում ինքը կարծել է, որ դատարանն ունի բոլոր հնարավորությունները՝ քրեական գործի վարույթը  կարճելու և ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, բայց, փաստացի, այսպիսի որոշում չի կայացվել։

Ըստ փաստաբանի՝ նման որոշում չկայացնելը կամ պետք է պաշտպանական կողմի նկատմամբ դատարանի վերաբերմունքով պայմանավորված լինի, կամ պարզապես դատարանը պետք է տեղյակ չլիներ այն հանգամանքների մասին, որոնք հիմք կտային առնվազն քննարկել քրեական գործի վարույթը կարճելու և ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը։

Սակայն հետագայում, քրեական գործի նյութերին կրկին ծանոթանալով, պաշտպանի համար ակնհայտ է դարձել, որ այս ամենում դատարանի մեղավորությունը չկա, որովհետև ինչպես վարույթն իրականացնող մարմինն, այնպես էլ այս գործի նկատմամբ հսկողություն իրականացրած դատախազները քրեական գործի վարույթում չեն դրել այն փաստական հանգամանքները, որոնք դատարանին հնարավորություն կտային վերը նշված որոշումը կայացնելու հնարավորություն։ Մասնավորապես՝ քրեական գործի նյութերում բացակայում է Հրայր Թովմասյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահ լինելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ։

«Այսպիսով՝ Ձեզ զրկել են այս անօրինական պրոցեսի վերաբերյալ վերջնական դատական ակտ կայացնելու հնարավորությունից։ Քանի որ, իմ գնահատմամբ, վարույթն իրականացնող մարմինն ու Դատախազությունը Ձեզ մոլորության մեջ են գցել՝ ինքնաբացարկի միջնորդություն չեմ ներկայացնում»,- ասաց Միհրան Պողոսյանը։

Դատարանն այսօր ճշտեց նաև ամբաստանյալների ինքնություններն ու նրանց վերաբերյալ այլ անհրաժեշտ տվյալներ։ Նորայր Փանոսյանը հայտնեց, որ  բարձրագույն իրավաբանական կրթություն ունի, իրավաբանական գիտությունների թեկնածու է, փաստաբանների պալատի անդամ, ունի մեկ անչափահաս երեխա։ Դատավորի հարցին ի պատասխան Փանոսյանը հայտնեց նաև, որ քրոնիկ հիվանդություն ունի։

Հրայր Թովմասյանի վերաբերյալ պահանջվող տեղեկություններից շատերը դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ինքն ասաց՝ ստանալով Թովմասյանի հավաստումը դրանց վերաբերյալ։

«Ազգությամբ հայ եք, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ունեք բարձրագույն կրթություն, ներկայում աշխատում եք Սահմանդրական դատարանում, նախկինում դատված չեք»,- ասաց Տաթևիկ Գրիգորյանն ու Թովմասյանից հարցրեց՝ վերջինս ֆիզիկապես առո՞ղջ է, ինչին Թովմասյանը դրական պատասխան տվեց։

Շուտով պարզվեց, որ Հրայր Թովմասյանը չի ստացել իր վերաբերյալ մեղադրական եզրակացությունն, ինչպես նաև իր դատավարական իրավունքների վերաբերյալ հուշաթերթիկ։

Թովմասյանը նշեց, որ իրենց հասցեով ծրար է ուղարկվել, բայց իր երեխաները չեն վերցրել։

Մեղադրող Արսեն Մարգարյանն էլ նշեց, որ ծրարը, որն իրենք ուղարկել են, ետ է վերադարձվել, որից հետո ինքը հանդիպել է Թովմասյանի պաշտպաններից Միհրան Պողոսյանին ու առաջարկել նրան փոխանցել մեղադրական եզրակացությունը։ Մարգարյանը նշեց, որ եթե հիշողությունը չի դավաճանում, Միհրան Պողոսյանը պատասխանել է, որ ինքն ունի մեղադրական եզրակացությունը, դրա անհրաժեշտությունը չկա, ու այդ առումով խնդիր չի առաջանա։

Միհրան Պողոսյանն էլ պարզաբանեց, որ այո, ինքն ունեցել է մեղադրական եզրակացությունը, բայց Հրայր Թովմասյանին այն հանձնելը Դատախազության պոզիտիվ պարտականությունն է։  Պողոսյանը նաև հիշեց, թե ինչպիսի ջանասիրությամբ է գործով քննիչը նախաքննության ընթացքում բաց ծրարներ ուղակել Հրայր Թովմասյանի աշխատանքի վայրի, տան հասցեով կամ դրանք փողոցում հանձնել պարոն Թովմասյանին։

Կողմերը, թերևս, երկար կհակադարձեին միմյանց, բայց Տաթևիկ Գրիգորյանը թույլ չտվեց, նշեց, որ փաստն այն է, որ ամբաստանյալը չի ստացել մեղադրական եզրակացությունն, ինչը դատական նիստը շարունակելու անթույլատրելիություն է առաջացնում։

Այսպիսով՝ նիստը հետաձգվեց և հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 7-ին։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝  2010  թվականից մինրև 2014 թվականն Արդարադատության նախարար եղած Հրայր Թովմասյանն, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, կարգադրիչ լիազորություններով, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել Արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։ Բացի այդ Հրայր Թովմասյանը, նույն շահագրգռվածությամբ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նախարարության մի խումբ պաշտնակատար անձանց հետ համակցությամբ՝ հարկադրվել է Նոտարական պալատի նախագահին՝ պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել փաստացի իրեն պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել Արդարադատության նախարարության և Նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։ Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանի մեղադրանքը ևս այս դրվագների վերաբերյալ է։ Նրանք իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։ Դեռևս գործի նախաքննության ընթացքում Հրայր Թովմասյանը  հայտարարել է, որ օրվա իշխանությունը խնդիր ունի արագ ձերբազատվելու իրենից՝ որպես ՍԴ նախագահ։

Այս պահին Հրայր Թովմասյանի լիազորությունները՝ որպես նախագահ դադարել են՝ թեև ինքն անօրինական է համարում դա ու պատրաստվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան  գանգատ ներկայացնել։

«Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրությունում փոփոխություն է կատարել, ըստ որի՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում։ Նույն կերպ դադարում էր մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահի լիազորությունները:

Այս օրենքի համաձայն է դադարել Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախագահի լիազորությունները, նույն օրենքի ուժով ՍԴ դատավորներ Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լրազորությունները դադարել են։ Թովմասյանն ու վերը նշված մյուս անձինք պնդում են, որ Սահմանադրությունը չի կարող փոխվել առանց Սահմանադրական դատարանի մասնագիտական եզրակացության, ինչը, սակայն, արվել է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter