HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Հրայր Թովմասյանը չի ստացել Աշոտ Խաչատրյանի կարգադրությունը` իրեն արձակուրդից հետ կանչելու վերաբերյալ

Հրայր Թովմասյանը չի ստացել Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող Աշոտ Խաչատրյանի կարգադրությունը, որով վերջինս որոշել է Թովմասյանին և ՍԴ մեկ այլ դատավորի՝ Արևիկ Պետրոսյանին, արձակուրդից հետ կանչել։ Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում «Հետք»-ի հետ զրույցում ասաց Հրայր Թովմասյանը։

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրությունում փոփոխություն է կատարել, ըստ որի՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում։ Նույն կերպ դադարում էր մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահի լիազորությունները:

Այսպիսով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները որպես նախագահ դադարել են, իսկ ՍԴ դատավորներ Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը, Ալվինա Գյուլումյանը չեն պաշտոնավարում:

Վերոնշյալ անձինք, սակայն, այդ փոփոխության իրավաչափությունը չեն ընդունում` պնդելով, որ Սահմանադրությունը չի կարող փոխվել առանց Սահմանադրական դատարանի մասնագիտական եզրակացության: Արևիկ Պետրոսյանը և Հրայր Թովմասյանն այժմ արձակուրդում են, Սահմանադրական դատարանում նիստեր տեղի չեն ունենում՝ քվորում չլինելու պատճառով։ Նման պայմաններում է Աշոտ Խաչատրյանը որոշել հետ կանչել արձակուրդում գտնվող դատավորներին։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր Հրայր Թովմասյանի և վերջինիս սանիկ, Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստ, որին, սակայն, Փանոսյանը չէր ներկայացել։ Նա դատարան գրություն էր ուղարկել այն մասին, որ ունի քրոնիկական հիվանդություն, իր մոտ ախտորոշվել է թոքաբորբ, օգոստոսի 4-ին կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը դեռևս չի ստացել։ Փանոսյանը նշել է, որ իր՝ նիստին ներկայանալը կարող է վտանգել ինչպես իր, այնպես էլ դատավարության մասնակիցների առողջությունը, ուստի դատարանից խնդրել էր հետաձգել դատական նիստն ու այն նշանակել մեկ այլ հերթի։ Փանոսյանը դատարանին ներկայացրել էր նաև համապատասխան բժշկական փաստաթղթեր։

Դատարանը ստացել էր նաև Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանի միջնորդությունը՝ դատական նիստը հետաձգելու վերաբերյալ։ Պաշտպանը նույնպես գրել էր, որ կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը դեռևս պարզ չէ, չի կարող ներկայանալ դատական նիստին, քանի որ ներկայում գտնվում է ինքնամեկուսացման մեջ։

Անդրադառնալով Նորայր Փանոսյանի բացակայության հանգամանքին՝ մեղադրող դատախազ Արսեն Մարգարյանը նշեց, որ Փանոսյանը պատշաճ փաստաթղթեր է ներկայացրել, ինչ վերաբերում է փաստաբան Ամրամ Մակինյանին, դատախազը կարծիք հայտնեց, որ նրա բացակայությունն անհարգելի է։

Այսօր Ամրամ Մակինյանը մասնակցել է իրավապահների մասնակցությամբ մի գործողության։ Խոսքը Հյուսիսային պողոտա 1  հասցեում գտնվող «Մ-Գրուպը» ՍՊԸ-ում քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների իրականացրած գործողությունների մասին է, որի վերաբերյալ «Հետք»-ին ահազանգել էր մեկ այլ փաստաբան՝ Գեորգի Մելիքյանը։ Դատախազը դիրքորոշում հայտնեց, որ եթե Ամրամ Մակինյանը հնարավոր է համարել այդ գործողությանը մասնակցելն, ապա պետք է ներկայանար նաև դատարանի կանչով։

Փաստաբան Միհրան Պողոսյանը Արսեն Մարգարյանի ելույթը բոցաշունչ որակեց, ապա նշեց, որ Ամրամ Մակինյանի բացակայության պատճառով դատական նիստը չի հետաձգվում, այս դատական նիստին Հրայր Թովմասյանը մյուս փաստաբանի՝ իր միջոցով պաշտպանություն իրականացնելու հնարավորությունից է օգտվել։

Անդրադառնալով Միհրան Պողոսյանի՝ Մարգարյանի ելույթը բոցաշունչ որակելու հանգամանքին՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հորդորեց որակումներ չտալ։ Հրայր Թովմասյանն ասաց, որ ըստ Էդուարդ Աղայանի բացատրական բառարանի՝ «բոցաշունչ» բառը նշանակում է գեղեցիկ, հրաշալի։

Դատավորը արձանագրեց, որ ամբաստանյալ Փանոսյանի բացակայությունը հիմք է՝ նիստը հետաձգելու համար։ Ինչ վերաբերում է Ամրամ Մակինյանի բացակայության հանգամանքին, դատարանն արձանագրեց, որ Մակինյանը թեև որևէ բժշկական փաստաթուղթ չի ներկայացրել՝ նրա բացակայությունը որևէ իրավական հետևանք առաջացնել չի կարող, քանի որ պաշտպաններից մեկի ներկայությունը բավարար է նիստն անցկացնելու համար։

Մինչ հաջորդ դատական նիստը նշանակելը Հրայր Թովմասյանը խնդրեց հաշվի առնել, որ երեքշաբթի և հինգշաբթի օրերին ինքը ծանրաբեռնված է Սահմանադրական դատարանի նիստերով։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 24-ին։

Հիշեցնենք, որ  2010  թվականից մինրև 2014 թվականն Արդարադատության նախարար եղած Հրայր Թովմասյանն, ըստ մեղադրանքի, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, կարգադրիչ լիազորություններով, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։ Բացի այդ Հրայր Թովմասյանը, նույն շահագրգռվածությամբ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նախարարության մի խումբ պաշտնակատար անձանց հետ համակցությամբ՝ հարկադրվել է ՀՀ նոտարական պալատի նախագահին՝ պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել փաստացի իրեն պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։ Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանի մեղադրանքը ևս այս դրվագների վերաբերյալ է։ Նրանք իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։ Դեռևս գործի նախաքննության ընթացքում Հրայր Թովմասյանը  հայտարարել է, որ օրվա իշխանությունը խնդիր ունի արագ ձերբազատվելու իրենից՝ որպես ՍԴ նախագահ։

Ի դեպ, մեզ հետ զրույցում Ամրամ Մակինյանը նշեց, որ բացակայության վերաբերյալ դատարան գրություն ուղարկելուց հետո հրատապ անհրաժեշտություն է առաջացել մասնակցել Հյուսիսային պողոտայում կատարվող գործողություններին, ուստի ստիպված է եղել գնալ այնտեղ։

Լուսանկարում՝ ձախից՝ Հրայր Թովմասյանը, աջից՝ Միհրան Պողոսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter