HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատի մարզի որոշ համայնքներում ուսուցիչներին դեռևս չեն թեստավորել. լաբորատոր պայմանները բավարար չեն

Արարատի մարզի Եղեգնավան, Լուսառատ և Փոքր Վեդի համայնքներում ուսուցիչներին դեռ չեն թեստավորել։ Չնայած դրան՝ նրանց մի մասն այսօր դաս է անցկացրել առաջին դասարանցիների հետ, իսկ վաղը մեկնարկելու է ուսումնական պրոցեսը։

Եղեգնավան համայնքի ուսուցիչները չգիտեն՝ երբ են թեստավորվելու: Այս մասին մեզ հայտնեց համայնքի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Ադելլա Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ Եղեգնավանի ամբուլատորիայի վարիչն իրենց տեղեկացրել է, որ ուսուցիչները թեստավորվելու ժամանակացույց ունեն:

«Օրինակ՝ Նոյակերտում թեստավորումն իրականացրել են սեպտեմբերի 11-ին: Դպրոցում բոլորը գիտեն արդեն, որ հենց ամբուլատորիայի վարիչը զանգեց, էդ ժամին բոլորը պիտի դպրոցում լինեն, որպեսզի թեստավորումն իրականացվի: Մեզանից կախված չի: Հստակ օր չեն հայտնել»,- հայտնեց Ադելլա Աբրահամյանը:

Դպրոցի փոխտնօրենը նշեց, որ ուսուցիչներից ոչ մեկն այս պահին գանգատ չունի:

Լուսառատ համայնքում ուսուցիչները նույնպես չեն թեստավորվել: Համայնքի դպրոցի փոխտնօրեն Օֆելյա Բաբայանի խոսքով՝ ուսուցիչների թեստավորման վերջնաժամկետը սեպտեմբերի 18-ն է: Նմուշառում կատարելու համար բժիշկները Վեդու ամբուլատորիայից գալու են Լուսառատի դպրոց:

Փոքր Վեդի համայնքի դպրոցի փոխտնօրեն Անահիտ Դումանյանն անհանգստացած է, որ մինչ օրս թեստավորում չեն կատարել, համայնքի բուժամբուլատորիայից սեպտեմբերի 11-ին ուսուցիչներին հայտնել են, որ իրենց թեստավորման օրը սեպտեմբերի 28-ն է։

«Ես չեմ կարող ասել, թե ուշացումներն ինչի հետ են կապված, երկու շաբաթ անորոշության մեջ պիտի գանք դպրոց, մենք սպասում էինք, որ մեզ կթեստավորեն նախքան ուսումանական տարվա մեկնարկը, քանի որ նախարարն այդպես էր հայտնել: Լավ կլիներ, որ արդեն թեստավորված գնայինք դպրոց, գուցե որևէ մեկը վարակակիր է, բայց տեղյակ չէ»,- ասում է փոխտնօրեն Դումանյանը։

Մարզպետարանը տեղյակ չէ, թե դպրոցներից քանիսում թեստավորում չի իրականացվել

Արարատի մարզպետի խորհրդական Լիլիթ Թադևոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մարզում թեստավորումների հետ կապված ուշացումներ չկան, թեստավորում անցկացնելու հստակ վերջնաժամկետ առողջապահության նախարարության կողմից նշված չէ, և կուտակումներից խուսափելու համար ուսուցիչներին թեստավորում են տարբեր օրերի։

«Մոտ օրերս կավարտվի ուսուցիչներին թեստավորելու գործընթացը, չթեստավորված ուսուցիչ չի մնալու ոչ մի դպրոցում»,- հայտնեց մարզպետի խորհրդականը:

Դպրոցներում վաղվանից՝ սեպտեմբերի 15֊ից սկսվում է ուսումնական պրոցեսը։ Մեր հարցին՝ դասարան մտնող չթեստավորված ուսուցիչները վտանգ չեն ներկայացնո՞ւմ աշակերտների համար, խորհրդականը պատասխանեց, որ վարակի կանխարգելիչ միջոցառումներն իրականացվելու են, դպրոց մտնելիս բոլորը ջերմաչափվելու և ախտահանվելու են, դասարանում պահպանվելու է ուսուցչի և աշակերտների միջև հեռավորությունը, հետևաբար վարակվելու ռիսկը նվազում է։

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին տեղի ունեցած համապետական ծնողական ժողովի ժամանակ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել էր, որ ուսուցիչների թեստավորումը պետք է իրականացվի մինչ ուսումնական տարվա սկիզբը։

Դպրոցների թեստավորված աշխատակիցներից ոմանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Վեդի քաղաքի թիվ 2 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Աննա Նավասարդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ համայնքի 3 դպրոցներում դեռ անցյալ շաբաթվա ընթացքում կատարվել է ուսուցիչների թեստավորում։

«Մեր դպրոցում ուսուցիչներին թեստավորել են նախորդ երկուշաբթի՝ սեպտեմբերի 7-ին, ուսուցիչներից 2-ի թեստի պատասխանը եղել է դրական, նրանք ինքնամեկուսացել են, նրանցից ոչ ոք չունի սիմպտոմ»,- ասաց Աննա Նավասարդյանը։

Արարատի  մարզի Նոյակերտ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն էլ թեստավորվել են ուրբաթ՝ սեպտեմբերի 11-ին։ Այս մասին հայտնեց դպրոցի փոխտնօրեն Էսթեր Վարդանյանը։ Թեստի դրական պատասխան եղել է միայն դպրոցի համակարգչային օպերատորի մոտ, որն ինքնամեկուսացել է։ Նրան 14 օրով փոխարինելու է հարևան համայնքից եկած մասնագետը։

«Լաբորատոր պայմանները բավարար չեն»,- հայտնում է Առողջապահության նախարարությունը

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը նշում է, որ հայաստանյան լաբորատոր պայմանները չեն բավականացնում մի քանի օրում թեստավորման գործընթացն արագ կազմակերպելու համար։ 

«Հայաստանում կա մոտավոր 30 000 ուսուցիչ, նրանց անհնար է մի քանի օրում թեստավորել, քանի որ լաբորատորիաներում այս օրերին իրականացվում է ոչ միայն ուսուցիչների, այլև մյուս քաղաքացիների թեստավորում, որոնք ունեն կորոնավիրուսիային հիվանդության ախտանշաններ»,- ասաց Ալինա Նիկողոսյանը։

Նա մեզ ուղղորդեց ԿԳՄՍ նախարարություն՝ ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար:

ԿԳՄՍ-ից մեզ ավելի վաղ հայտնել էին, որ տեղյակ չեն, թե քանի դպրոցում թեստավորում չի իրականացրել, և ինչու է թեստավորման գործընթացը երկարում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter