HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Զենքի չկայացած մրցույթի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ՊՆ պաշտոնատար անձի

«Օրսիս-Արմս» ընկերության հետ զենքի գնման չկայացած մրցույթի ընթացակարգերի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել մեկ պաշտոնատար անձի, որի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցվել է:

Այս մասին «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից: Տվյալ պաշոնատար անձին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 310 հոդվածի` ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հատկանիշներով:

Ըստ այդ հոդվածի` պաշտոնատար անձի կողմից օրենքով սահմանված արգելքին հակառակ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություն հիմնադրելը կամ անձամբ կամ վստահված անձի միջոցով այդպիսի կազմակերպության կառավարմանը մասնակցելը, եթե այդ արարքները կապված են այդպիսի կազմակերպությանն արտոնություններ և առավելություններ տրամադրելու կամ այլ ձևով հովանավորելու հետ՝ պատժվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ դեռևս 2019 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, թե զենքի գնման մրցույթի առաջին փուլով հաղթող ճանաչված ընկերություն կա, սակայն հետագայում փաստաթղթերի անհամապատասխանության պատճառով այն չկայացած համարվեց, ընթացակարգերի վերաբերյալ ՊՆ-ում սկսվեց ծառայողական քննություն, հարուցվեց քրեական գործ:

Մրցույթի ընթացքում ՊՆ գնահատող հանձնաժողովը «Օրսիս-Արմսի» փաստաթղթերում անհամապատասխանություններ էր գտել, դա էլ պատճառ էր դարձել, որ գնման ընթացակարգը հայտարարվի չկայացած:

Պաշտպանության նախարարության մի պաշտոնյա, իր անունը չհրապարակելու պայմանով, մեզ հայտնել էր, որ ընկերությունը փորձել է այդ պայմանագրի շրջանակում որսորդական նշանակության զինատեսակները տրամադրել ՊՆ-ին որպես մարտական նշանակության զինատեսակներ, որոնք, բնականաբար, թե՛ որակապես, թե՛ ինքնարժեքով տարբերվում են:

Մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանը կաշառք է պահանջել ռուսական «Օրսիս-Արմս» ընկերությունից, որպեսզի մրցույթում նա հաղթի: Մենք ՊՆ-ից հետաքրքրվել էինք, թե արդյոք ստուգել են այս լուրի արժանահավատությունը։ Նախարարությունից հայտնել են, որ մայիսի 23-ին ՀՔԾ-ն որոշում է կայացրել Մակար Ղամբարյանի նկատմամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, կաշառք ստանալու, յուրացում կատարելու, փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, ինչպես նաև քրեորեն հետապնդելի որևէ այլ արարք կատարելու կապակցությամբ քրեական հետապնդում չիրականացնել` նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter