HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կորոնավիրուսի հետևանքով Հայաստան վերադառնալ չկարողացող կենսաթոշակառուների համար փոփոխություն է նախատեսվում

Կորոնավիրուսի հետևանքով Հայաստան վերադառնալու հնարավորություն չունեցող կենսաթոշակառուների համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փոփոխություն է նախատեսում։ 

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ է այսօր հանրային քննարկման ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ըստ առաջարկվող փոփոխության՝ կենսաթոշակի վճարումը կվերսկսվի, եթե կենսաթոշակի վճարումը դադարեցվել է, և մինչև 2021 թվականի մարտի 31-ը ներկայացվում է կենսաթոշակի վճարումը վերսկսելու դիմում։ Վերսկսվելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուին կտրամադրվի դիմելու ամսվան նախորդող ամսվանից մինչև 2019 թվականի մարտի 1-ն ընկած այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել։

Այսինքն՝ այս նախագծի ընդունվելու դեպքում արտերկրում գտնվող՝ կորոնավիրուսի հետևանքով Հայաստան վերադառնալու հնարավորություն չունեցող կենսաթոշակառուները, մինչև 2021 թվականի մարտի 31-ը Հայաստան վերադառնալու դեպքում, ամբողջությամբ կստանան կորոնավիրուսի հետևանքով չվճարված կենսաթոշակի գումարները։

Առաջարկվող մեկ այլ փոփոխությամբ՝ 2020 թվականի մարտի 1-ից հետո մահացած կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու դիմումը եթե ներկայացվի մինչև 2021 թվականի մարտի 31-ը, չվճարված կենսաթոշակի գումարը կվճարվի կենսաթոշակառուի մահվան ամսվանից հաշված՝ մինչև 2019 թվականի մարտի 1-ն ընկած այն ժամանակահատվածը, որի ընթացքում նա կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:

«Այս դեպքում ևս, համավարակի տարածմամբ պայմանավորված, հնարավոր է սովորականից տարբերվող իրավիճակ, երբ կենսաթոշակառուն ունենա ավելի, քան 12 ամսյա ժամանակահատվածի չվճարված կենսաթոշակի գումար (12-ամսյա ժամկետը լրացել է 2020 թվականի մարտի 1-ից հետո), որը ստանալու համար նա չի կարողացել վերադառնալ Հայաստան և մահացել է»,- նախագծում նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Միաժամանակ, առաջարկվում է սահմանել, որ կենսաթոշակ նշանակվելու է իրավունք ձեռք բերելու օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից տասներկու ամսվա ընթացքում՝ մինչև 2021 թվականի մարտի 31-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter