HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Ջավախյան

Ափ այն

Հեռվից եմ գալիս՝ Եգիպտոսից...  Ինչքա՜ն եմ երազել գնալ Ռամզես փարավոնի ոտքը, կամ՝ Կլեոպատրա թագուհու ծոցը... Շա՜տ եմ երազել հաղթել անհաղթահարելին՝ ժամանակն ու տարածությունը, լույսն ու Երկրի մագնիսական դաշտը... մինչև հասկացա, որ այն ինչ փնտրում եմ դրսում, ներսում է՝ մտքիս մեջ: Ժամանակի մեքենան ոչ երկաթեղեն է և ոչ էլ մսեղեն: Ժամանակի մեքենան ես էլ չգիտեմ ինչեղեն է՝ նյութեղե՞ն, հոգեղե՞ն, ոգեղե՞ն, թե՞ էներգիայի ինչ-ինչ հոսքով ուղղորդված... Բայց որ անըմբռնելի է, լույսից արագ ու անհասանելի՝ դա արդեն միայն Աստծուն է հայտնի: Փաստը մնում է փաստ, որ հիմա ես Եգիպտոսում եմ: Փարավոնի գահն ու նրա կողակցի անկողինը թողած՝ մի այլ բանով եմ զբաղված. հիերոգլիֆների վերծանումով... Գրի ու գրականության մարդուն հարիր չէ կերակրվել թագավորական թերմացքներով, որքան էլ դրանք լինեն բղջախոհությանը մերձ՝ կենսական, էլ չեմ ասում՝ փարավոնական... Առջևս քարագիր պատկերներ են, թռչնագիր զարդեր, տող առ տող՝ ողբեր ու հմայիլներ. միտքը երկնել է, հոգին երգել, ոգին արարել և ընկճվածը վիճել է իր հոգու հետ... Վառված հոգին ուրիշ հեքիաթ չուներ, արցունքն ու ողբն էր սրտակեզ բարեկամը. ժամանակի միջով նա իմ հետ խոսում էր: Քառասուն անժպիտ դարեր ինձ էին նայում: Պաղ հայացքի ներքո ցավի ու տառապանքի գետեր էին հոսում: Ոչ մի գետ հակառակը չի գնում: Հոսանքին համընթաց կարդում եմ.

Ու՞մ այսօր սիրտս բացեմ, չկան բախտավորներ, չկան և բարեկամներ նախկին:

Ու՞մ այսօր սիրտս բացեմ, ուսերիս բեռն է թշվառության, և չկա հոգեկից ընկեր:

Ու՞մ այսօր սիրտս բացեմ, չարիքը հեղեղել է աշխարհը, նրան ոչ վերջ կա, ոչ սահման:

Ու՞մ այսօր սիրտս բացեմ, լկտին հարձակվել է իր զոհի վրա, իսկ մարդկանց զվարճալիք, և միայն:

Ու՞մ այսօր սիրտս բացեմ, ուրախ են՝ խլելով վերջին պատառը մերձավորի:

Ու՞մ այսօր սիրտս բացեմ, չարագործին՝ ընկեր, եղբորը կարծում են թշնամի:

Ու՞մ այսօր սիրտս բացեմ, չի հիշում անցյալը ոչ ոք, բարու դեմ բարի չսպասես:

Ու՞մ այսօր սիրտս բացեմ, բութ են հայացքները, եղբորից դեմքերն են շրջել:

Ու՞մ այսօր սիրտս բացեմ, սրտերում շահն է թագավորում, մի փնտրիր հենարան այնտեղ:

Ու՞մ այսօր սիրտս բացեմ, չկան արդարներ, երկիրը տրված է հոգով շեղվածներին...

«... Հոգով շեղվածներին»: Այո՛: Ոչինչ չի փոխվել... Եվ ոչինչ չի մոռացվել. քանի դար է՝ քարը դրվել է քարին, բայց քարը քարի վրա չի մնացել... Էլի պնդերեսը եգիպտական բուրգերն են, Սֆինքսը՝ ժամանակի դաժան դեմքը... Հակառակ դեպքում՝ մեզ ո՞վ պիտի լուր տար ափից այն... Ոչ, եգիպտական բուրգերը փոշի չեն դառնա. «Ու միշտ, քանի որ կա շահ ու գերի, ստրուկ ու տեր, չի լինելու երկրի վրա ոչ շիտակ խոսք, ոչ կյանք, ոչ սեր...»: Բա ինչու՞ ենք ապրել և ինչու՞ ենք ապրում, ինչու՞ ենք սիրում և ու՞մ ենք հավատում. ահա հարցերի հարցը, որ մարդու ծննդյան օրից ուղեկից է մարդուն: Ես շուտ ծերացա և ուշ խելոքացա, սակայն ոչ այնքան, որպեսզի չորսից հինգ հազար տարում կուտակված հարցերի պատասխանը միանգամից ստանամ: Ես մի սովորական գրող եմ, բայց և անսովոր գրող, ով ուրիշի լավ միտքը երբեք չի թողնում օդում, այլ նույն պահին ևեթ հափշտակում է: Դա իմ ստեղծելու կերպն է: Ընկերս, ով երկար տարիներ աշխատել է իշխանական բուրգի սրածայր բարձունքներում՝ ասում է. «Երկու մարդու հաստատ շնորհակալ եմ՝ Սերժ Սարգսյան և Նիկոլ Փաշինյան: Սերժ Սարգսյանն ինձ առերեսեց իշխանության հետ, Նիկոլը՝ ժողովրդի... Երկուսի հուշն էլ վհատեցնող է, հատկապես, որ նվիրված ես լինում...»: Հոգով շեղվածները միայն վերևում չեն, այլև վարում, սարսափելին՝ վեր ի վար են անում: Էս է, շուրջ երեսուն տարի է անկախ ենք, բայց ինչի՞ հասանք... Երեսուն տարում Աֆրիկայի հյուսիսում շենքեր բարձրացան, որ այժմ երկինք են քերում, իսկ մենք դեռևս սողում ենք նույն տեղում: Մի ժամանակ մենք էինք Հյուսիսը և ըստ Խորենացու՝ Վեհագույնը հյուսիսային ազգերի մեջ: Ի՞նչ պատահեց... Մեր անկախությունը ոչ ձեռք ունի, ոչ ոտք, մեր անկախությունը սողացող անկախություն է: Ինչու՞, ինչու՞ մեկ այլ երկրի տիրապետության ներքո հզոր ազգ կարող ենք լինել՝ ստեղծելով Սովետական Հայաստան, իսկ Անկախ Հայաստանում ի վիճակի չենք զարգանալու, ինչու՞ օտար կայսրությունը պաշտպանելու համար 600 հազար զինվոր կարող ենք շռայլել, իսկ մեր իսկ պետությունը պաշտպանելու համար 100 հազարն էլ շատ է, ինչու՞ ուրիշի լծի տակ կարող ենք Գիտությունների ակադեմիա ունենալ, իսկ մենք մեր իսկ երկրում անկարող ենք անգամ ազգային դպրոց ստեղծել, ինչու՞ է լռում շինարարի մուրճը, ինչու՞ քանդվեցին գործարանները, ֆաբրիկաները, քայքայվեց տնտեսությունը, գիտությունը, արվեստը, ինչու՞ վերացավ բանվոր դասակարգը, ճարտարագիտությունը, ինչու՞ հային բոլոր ճանապարհները Հայաստան չեն բերում, ինչու՞ փշրվեցին մեր իղձերը, երազները, որ ծովից ծով էին ու ծովից ծով էլ խորտակվեցին... Որովհետև... Որովհետև կախյալ ենք, այո՛, այո՛, դեռևս անկախ չենք, այլ կախյալ... Կախված ենք մենք՝ մեզանից ու չկա մեկը, գոնե մեկը, որ ունակ լինի բացելու անիծյալ հանգույցը՝ թեկուզ և Ալեքսանդրի պես կտրելով պարանը: Մակեդոնացու պես գործելու համար Մակեդոնացու պես էլ պիտի գործնական լինել: Խոսքը լոկ խոսք է, անգամ, եթե Վարչապետի բերանում է... Ինչ պաթոսով էլ գոռաս, ինչ զգացում էլ մեջը դնես՝ խոսքով հրաշք չես գործի, մանավանդ որ Աստված չես...  Քանի, քանի Ղազարոսներ մեռան, մեռան ու կորան՝ կարոտ Աստծո կանչի...

Սա երկիր չէ, դարդ ու ցավ ա... Մերս ասում էր, դարդ ու ցավի մեջ չապրելու համար Անդարդ Օսեփ պտի ըլես... Էսօր ես մի Անդարդ Օսեփ տեսա Ռեալտոյի կամրջի վրա.... Չէ՛, չէ՛, էս ի՞նչ եմ ասում... Տաշիրի շուկայի հրապարակում անվրդով պառկած էր:

Ոստիկանները, ոտքերի տակին քացի տալով, փորձում էին վեր կացնել: Օրը կես էր դառնում, բայց երևում էր, որ դեռևս նրա արթնանալու ժամը չէր: Ոստիկանները շարունակում էին ոտքերով կոչնակել: Պետքն էլ չէր: Գլխի սև, գզգզված մազերը՝ փոշու ու կեղտի մեջ թավալված, կպել էին ասֆալտին: Ձեռքերը կիսածալ, աջ ու ձախ մեկնած՝ փռված էր: Նիհար, հնդկական թխության հասնող մարմնով տարածվել՝ տնավարի լոճվել էր գետնին: Ճառագող արեգակի տակ աղտից պլպլացող շորերը կիսահան էին, նկատելի էր կապկանման բրդոտ մաշկը: Շալվարը կոնքերի վրայով ինքնուրույն սահել էր՝ անտերության մատնելով անտրուսիկ օրգանների գոյությունը:

Սակայն ամենակարևորը՝ սիգարետն էր, սիգարետը... Կիսաբաց բերանում պռոշները թույլ-թույլ գրկել էին ծխախոտի կոթը, որ այրվել, այրվել, ի վերջո հասել էր վերջին կանգառին... Անվրդով քնած էր Անդարդ Օսեփը, մեծագույն «պոխույիստը». քնած էր՝ աշխարհի լավից ու վատից անտեղյակ: Իսկ նրա մերկ ոտքերի տակ իզուր մաշվում էին ոստիկանական   ջանքերը... Արթնությունը հեռու էր:

Իսկ որտե՞ղ է փրկությունը, իրական արթնությունը... Միգուցե այն ափում: Եգիպտացիները հենց այնտեղ էլ փնտրել ու գտել են անգտնելին: Ահա թե ի՞նչ էր գրում Անանուն բանաստեղծը քառասուն դար առաջ՝ պատմության դարագլխին.

Մահը թվում է ինձ այժմ հիվանդության բուժում, ազատում՝ տանջանքի շղթաներից:

Մահը թվում է ինձ այժմ անուշաբույր զմուռս, հանգիստ՝ ստվերի տակ առագաստի:

Մահը թվում է ինձ այժմ հայտնված երկինք, թաքնված ճշմարտության ընկալում:

Մահը թվում է ինձ այժմ մի հարազատ տուն, երկար տարիներից հետո բանտարկության:

Ընկճվածը զզվել է անարդարությունից, քանզի հոգով շեղվածներն անարգել ասպատակում էին բարոյականության դաշտերն անարատ: Եվ նա ամեն ամենից վհատ՝ իր ապաստանն է գտել մահվան մեջ, որ ազատում է, անուշաբույր զմուռս, հայտնության երկինք և վերջապես՝ հարազատ տուն:

Այս ամենը գրվել է հին Եգիպտոսում՝ մեզանից առաջ, սակայն ոչ այնքան առաջ, որ ետ մնայինք: «Մեզանում ևս հիշատակության արժան շատ բաներ են գրվել»: Ես հիմա կխոսեմ, քչի, շատ քչի մասին, որում սակայն մի ամբողջ աշխարհ է: Սանահինի վանքի գավիթում կա անանուն տապան, որ սովորական քար չէ: Տապանն այդ դարերի վրայով է լողացել՝ վրան իբրև առագաստ ունենալով երկու բառ. «Ափ այն»: Այն ամենևին էլ միտված չի եղել փոխելու աշխարհը, այլ ընդամենը եղել է դրա հաստատումը.

«Բոլորը այս ափից այն ափ են գնում»:

  1. 09. 2020թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter