HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

YouTube-ը գործարկում է TikTok-ի անալոգային ծառայությունը` YouTube Shorts-ը

YouTube-ը, մրցակցության մեջ մտնելով չինական հայտնի TikTok հավելվածի հետ, գործարկել է կարճ տեսանյութերի իր նոր՝ YouTube Shorts ծառայությունը։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն։ «Shorts-ը նոր հարթակ է կարճ տեսանյութեր ստեղծողների և արվեստի գործիչների համար, որոնք ցանկանում են նկարահանել կարճ ու հետաքրքիր տեսանյութեր՝ չօգտագործելով ոչինչ՝ բացի սեփական բջջային հեռախոսից»,- նշվում է ընկերության պաշտոնական բլոգում տեղադրված հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է սեպտեմբերի 14-ին։

Նոր ծառայությունը, ինչպես և TikTok-ը, հնարավորություն է տալիս նկարահանել 15 վայրկյան տևողությամբ տեսանյութ, որտեղ կարելի է տեղադրել նաև երաժշտություն՝ YouTube-ի տեսանյութերից։ Ի սկզբանե, YouTube Shorts-ը կգործի միայն Android օպերացիոն համակարգով հեռախոսների վրա, իսկ հետագայում այն հասանելի կլինի նաև iOS օպերացիոն համակարգով գործող հեռախոսների համար։

Հաղորդագրության մեջ ընկերությունը նշում է, որ ներկայումս YouTube Shorts ծառայությունը, գտնվելով դեռևս վաղ բետա տարբերակի փուլում, փորձարկվում է միայն Հնդկաստանի տարածքում։ Այդ երկրի իշխանությունները հունիսի վերջին արգելափակել էին TikTok-ը և չինական մի շարք այլ հավելվածներ՝ նշելով, որ այդ հավելվածները վնաս են հասցնում Հնդկաստանի ինքնիշխանությանը և ամբողջականությանը, ինչպես նաև սպառնում են երկրի անվտանգությանն ու հասարակական կարգին։

YouTube Shorts-ի գործարկումն իրականացվում է ամերիկյան իշխանությունների և TikTok-ի միջև հարաբերությունների լարման ֆոնին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսին ստորագրել էր հրամանագրեր, որոնք փաստացիորեն արգելում էին TikTok-ի հասանելիությունը Միացյալ Նահանգների տարածքում։ Թրամփն իր գործողությունները հիմնավորել էր այնպես, որ TikTok-ը կարողանում է կազմել ամերիկացի պաշտոնյաների տեղաշարժման քարտեզը և լրտեսել ամերիկյան ընկերություններին։ TikTok-ի սեփականատերերը հերքում են այդ մեղադրանքները և փորձում դատարանում վիճարկել Թրամփի գործողությունները։

2019 թվականի նոյեմբերին TikTok-ի նման մեկ այլ ծրագիր գործարկել էր Instagram-ը։ Հավելվածը ստացել էր Reels անվանումը։ Նախնական փորձարկումը տեղի է ունեցել Բրազիլիայում, սակայն արդեն 2020 թվականի օգոստոսին Reels-ը գործարկվել է 50 երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Ավստրալիայում և Ճապոնիայում։

Լուսանկարը՝ Adobe Stock-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter