HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր ուսումնական տարվա մեկնարկը Երեւանի թիվ 178 դպրոցում

Սիլվարդը Երեւանի 178 դպրոցի առաջին դասարանի աշակերտ է, այսօր նա երկրորդ օրն էր անցկացնում դպրոցում։ «Երեկ մի քիչ լացեցի, վախենում էի տուն գնամ, մամայիս չտեսնեմ»,- ասում է առաջին դասարանցին, բայց հետո ժպիտով ավելացնում է, որ դասղեկի ու դպրոցի տնօրենի հետ արդեն ընկերացել է։ Մինչեւ դասասենյակ մտնելը Սիլվարդը եւ իր ընկերները ջերմաչափվել են, ախտահանել ձեռքերը։

305 աշակերտ, 42 աշխատակից ունեցող դպրոցը Էրեբունի վարչական շրջանում է։ Հիմնական դպրոցի աշակերտների թվաքանակը վերջին տարիներին է աճել, տնօրեն Հայկուհի Սիմոնյանը պնդում է՝ սանհանգույցը նորմալ վիճակում չի եղել, այդ պատճառով էլ ծնողները խուսափել են իրենց երեխաներին այդ դպրոց տանելուց, սակայն արդեն երեք տարի է՝ նորոգվել են, այժմ սանիտարահիգիենիկ պայմանները բավարար են։ Դպրոցը ձեռք է բերել մեկ շաբաթվա համար նախատեսված ախտահանիչ միջոցներ, դիմակներ։

Հայկուհի Սիմոնյանի խոսքով՝ մի քանի օր է՝ ախտահանում են միջանցքները, դասասենյակները։ Ախտահանիչ միջոցները եւ դիմակները գնվել են դպրոցի խնայողությունների հաշվին։ «Հիմա բավարար քանակի եւ՛ ախտահանիչ նյութեր ունենք, եւ՛ դիմակներ։ Հազվադեպ է եղել, որ այս երկու օրը աշակերտը դպրոց է եկել առանց դիմակի, բայց մենք բոլորին տվել ենք եւ պահպանել պարետատան պահանջը։ Կառավարության որոշման համաձայն՝ ախտահանիչ նյութերի նոր պաշար կլինի մյուս շաբաթ»։

Աշակերտներն առավոտյան ծնողներին հրաժեշտ են տալիս դպրոցի դարպասների մոտ, ապա մոտենում են բուժքրոջը, ջերմաչափվում, մտնում դասասենյակ։ Դպրոցի հրապարակում կատարվել են գծանմուշներ, որ պահպանվի սոցիալական հեռավորությունը։

Դասասենյակները եւս կահավորված են համաձայն ուղեցույցի. նստարանները 1,5 մետր հեռավորության վրա են։ Համակարգչային սենյակն են ձեւափոխել՝ դարձնելով դասասենյակ։ Դպրոցում դասերը մեկ հերթով կանցկացվեն, սակայն 20-ից ավելի աշակերտ ունեցող դասարանները կբաժանվեն խմբերի։ Տնօրեն Սիմոնյանը ցույց է տալիս առանձնացված սենյակը, որտեղ որոշ ժամանակ կմնան այն երեխաներն ու ուսուցիչները, որոնց ջերմությունը բարձր կլինի։ Այս պահին, ըստ Սիմոնյանի՝ դպրոցում կորոնավիրուսով վարակվածներ չկան։ Ուսուցիչները դեռեւս չեն թեստավորվել։ Ուսուցիչներից միայն մեկ հոգի կփոխարինվի, քանի որ ունի շաքարային դիաբետ, իսկ աշակերտների մեջ չկան քրոնիկ հիվանդություններ ունեցողներ։

Հարցին՝ արդյոք ցանկություն կա կրկին անցնելու հեռավար ուսուցման, տնօրենը նշեց, որ բոլորն անհամբեր սպասում էին, թե երբ պետք է մեկնարկի ուսումնական գործընթացը. «Դպրոցն առանց երեխաների չենք պատկերացնում, իրենք էլ էին մեզ շատ կարոտում։ Դրսում տեսնելիս ամեն անգամ հարցնում էին՝ ընկեր Սիմոնյան, ե՞րբ ենք դպրոց գալու։ Նրանք էլ են հոգնել տանը մնալուց, հեռավար դասերից։ Աշակերտները հիմնականում տեղեկացված են, գիտեն, թե ինչպես պաշտպանիչ միջոցներ օգտագործեն, մենք էլ ամեն ինչ անում ենք գործընթացը կարգավորելու համար, որպեսզի ամենօրյա շփում ունենանք»։

Ինչպես ներկայացվում է «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման» ուղեցույցում այս դպրոցում եւս դասամիջոցներին աշակերտները դասասենյակից դուրս չեն գալու, չի գործելու ճաշարանը։

Հիշեցնենք, որ պարետատան օգոստոսի 10-ի նիստից հետո որոշում է կայացվել դպրոցներում վերսկսելու դասերը, իսկ օգոստոսի 21-ին պարետատունը ներկայացրել էր ուսումնական գործընթացի կազմակերպման ուղեցույցը, որով սահմաված կանոնները պարտադիր են բոլոր հաստատությունների համար՝ անկախ իրավակազմակերպական ձևից: Համաձայն ուղեցույցի՝ առողջ և անվտանգ աշխատանքային ու կրթական միջավայր ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հանրակրթական հաստատության տնօրենը։

ԿԳՄՍՆ-ն «Հետքի» հարցմանն ի պատասխան ախտահանիչ միջոցների գնման, ֆինանսավորման վերաբերյալ նշել էր, որ 2020 թվականի սեպտեմբերի 3-ի Կառավարության նիստում հաստատվել է որոշման նախագիծ, որով նախատեսվում է 646,787.5 հազար դրամ հատկացնել բոլոր պետական հանրակրթական դպրոցներին, հատուկ և մասնագիտացված դպրոցներին, ՆՄՄԿՈՒ հաստատություններին և այլ ուսումնական հաստատություններին՝ դրանք ապահովելու դիմակներով, ձեռքերի ախտահանիչներով: Միայն հանրակրթական դպրոցներին հատկացվող գումարը կազմում է 580,226.4 հազար դրամ: Ձեռք բերվող ապրանքները հանրակրթական հաստատություններին մատակարարելու են Երեւանի քաղաքապետարանը եւ մարզպետարանները։

Դպրոցի ախտահանումն իրականացվելու է համաձայն վերոնշյալ ուղեցույցի. մինչև դասերի սկիզբը՝ նախորդ օրը երեկոյան կամ դասերը սկսելուց առաջ բոլոր դռները, պատուհանները, սեղանները, աթոռները, գրատախտակները, սանհանգույցները, ինչպես նաեւ իրականացվելու է օդափոխություն։ Վերահսկողություն իրականացնելու է կրթության տեսչական մարմինը։ Նախատեսվում է, որ վերոնշյալ աշխատանքներում կներգրավվեն նաև առողջապահական և աշխատանքի, ինչպես նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինները: Ախտահանման աշխատանքների վերահսկողությունն իրականացվելու է ուսումնական հաստատությունների տնօրենների պատասխանատվությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter