
Հուշարձանագետը պահանջում է վերականգնել «Փոքր Ջերմաջուր» հուշարձանի նախկին վիճակը
Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, ֆեյսբուքյան օգտատեր Արտավազդ Սարոյանն Արցախի Քարվաճառի շրջանի Զուար համայնքում գտնվող «Փոքր Ջերմաջուր» հանքային աղբյուր ջրաերկրաբանական հուշարձանի լուսանկարներն է տարածել: Լուսանկարներից մեկում երևում է բուն աղբյուրի հարևանությամբ գտնվող խորացրած բնական ավազանը, որի հարևանությամբ փակցված է «Բասեյնը խորացված է: Խորությունը՝ 2 մ» գրությամբ ցուցանակը:
Օգտատիրոջ գրառումը մեծ արձագանք է ստացել սոցիալական ցանցում: Այդ մասին «Հետքը» զրուցեց Զուար համայնքի ղեկավար Սոս Չիլինգարյանի հետ:
Պարզվեց, որ դեպքը մի ամիս առաջ է տեղի ունեցել: Հայմանքապետն ասաց, որ ավազանի միջի կուտակվող հողն ամեն տարի քիչ քանակությամբ հանում են:
«Արդեն վտանգը հետևում է, անցել է: Իրենց ասելով՝ տեղի վարձակալողը կամ աշխատակիցն էդ ժամանակ աշխատանքի վայրից հեռացել էր, տրակտորիստն էլ լայնացրել ու խորացրել է, փոսորակ դարձրել: Էսա մի ամիս է՝ կամաց-կամաց աղ է բռնում ու բարձրանում: Արդեն լցվել է: Բախտներս նրանով է բերել է, որ ջուրը չի փախել»,- ասաց գյուղապետը:
Հարցին՝ արդյոք մեղավորությունը տրակտորիստինն է, գյուղապետը պատասխանեց․ «Չէ՛, ընդհանուր առմամբ, իրենց մեղավորությունն է, իրենց գլխու իրավունք չունեն նման բաներ անել: Թեկուզ վարձակալողը, հնարավոր է, տեղյակ չէր: Նրանց աշխատակիցը նման իրավունք չուներ»:
Չիլինգարյանը ասաց, որ մի ամիս հետո հին տեսքը ինքնըստինքյան վերականգնվելու է:
Ինչ վերաբերում է ոստիկանություն դիմելուն, նա ասաց, որ սկզբում նույնիսկ ավազանի ոչնչացման վտանգ կար, հիմա բախտի բերմամբ, ամեն ինչ հաջող է ավարտվել, ուստի դիմելու կարիք չկա:
Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեն այսօր հաղորդագրություն է տարածել՝ ի պատասխան ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառման: Գերատեսչությունը հասարակությանն իրազեկում է, որ Բնապահպանության կոմիտեի բնապահպանական և ընդերքի պետական տեսչության աշխատակիցներն այս պահին ուսումնասիրություններ են իրականացնում Շահումյանի շրջանի «Փոքր Ջերմաջուր» հանքային աղբյուր ջրաերկրաբանական հուշարձանի աղտոտվածության և օգտագործման հարցերի շուրջ:
«Հետքը» խնդրեց արցախցի հուշարձանագետ, մշակույթի վաստակավոր գործիչ Սլավա Սարգսյանին մեկնաբանել տեղի ունեցածը:
«Այնտեղ գրված է, որ բնության հուշարձան է... Ինչպես հէկերի պարագայում, այստեղ ևս նույն վիճակն է: Ինչպես ապականվել է Լևի կիրճը, այնպես էլ՝ սա: Պահանջում եմ դատի տալ, վերականգնել նախկին վիճակը»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
Ինչպե՞ս վերականգնել հարցին, Սարգսյանը պատասխանեց՝ թող մասնագետները որոշեն, թող նախ բերվի եղած խորությանը:
Մեր ունեցած տեղեկություններով՝ այդ տարածքը վարձակալում է գործարար Վյաչեսլավ Սարգսյանը: Վերջինս հեռախոսազանգերին չի պատասխանում:
Artsakh.travel զբոսաշրջային կայքում գրված է՝ մայրուղուց դեպի հարավ տանող ճանապարհի 22 կմ հեռավորության վրա դուք կհասնեք Զուար գյուղ, որտեղ մի բնական հուշարձան կա՝ այսպես կոչված «Տաք ջուր» աղբյուրը:
«Տաք աղբյուրը» բնական «ջակուզի» է մոտ 2,5 մետր տրամագծով և մեկ մետր խորությամբ, ձևավորված է կրաքարային նստվածքից: Տաք հանքային ջուրը ժայթքում է հենց կենտրոնում: Ջրի ջերմաստիճանը «ջակուզիում» այնքան տաք է, որ նույնիսկ ցուրտ եղանակին կարող եք լոգանք ընդունել և չվախենալ հիվանդանալուց: Բացօթյա լոգանքն հրաշալի և հանգստացնող փորձառություն է: Այս զբոսաշրջային վայրը նույնիսկ որոշ ծառայություններ է մատուցում՝ առաջարկելով տաղավարներ, հյուրատներ, ավտոկայանատեղի և այլն»,- ասված է կայքում:
Գլխավոր լուսանկարում՝ ավազանի ներկայիս տեսքը
Լուսանկարները՝ Արտավազդ Սարոյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել