HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրանսիայում կփակվեն տասնյակ դպրոցներ, իսկ Չեխիայում կտրուկ աճել է հոսպիտալացվածների թիվը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ ներկայացուցիչ Դևիդ Նաբարոն աշխարհում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն անվանել է սարսափեցնող և զգուշացրել, որ դա միայն համավարակի սկիզբն է։ Նաբարոյի խոսքերով՝ վտանգը նրանում է, որ վիրուսի տարածումը արագացել է երկրագնդի ամենախիտ բնակեցված հատվածներում։  Օրինակ, Հնդկաստանի հինգ միլիոն վարակվածներից մեկ միլիոնը վարակվել է միայն վերջին 11 օրերին։

ԱՀԿ արտակարգ իրավիճակների հարցերով դեպարտամենտի ղեկավար Մայքլ Ռայանը հայտարարել է, որ եվրոպական առաջնորդները պետք է դադարեն հուսալ և ընդունեն խիստ որոշումներ, որոնք թույլ կտան պաշտպանել սոցիալական խոցելի խմբերին՝ առաջիկա ձմռանը սպասվող բարդացումներից։

Այն բանից հետո, երբ ուսումնական տարվա սկզբին Ֆրանսիայի 28 ուսումնական հաստատությունների աշակերտների շրջանում գրանցվել են կորոնավիրուսի դեպքեր, հավելյալ փակվել է ևս 81 դպրոց։ Չեղարկվել են ավելի քան 2000 արտադպրոցական և անհատական պարապմունքներ։ Ֆրանսիայի կրթության նախարար Ժան Միշել Բլանկեն հայտարարել է, որ ուսանողների շրջանում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 1200 նոր դեպք, ինչն ավելին է, քան նախորդ շաբաթ։

Ընդհանուր առմամբ, օգոստոսից Ֆրանսիայում նկատվում է վարակման վիճակագրության կտրուկ աճ։ Անցած կիրակի օրը՝ սեպտեմբերի 13-ին նոր դեպքերի թիվը գերազանցել է 10 000-ը։ Բորդոյի և Մարսելի իշխանությունները որոշել են խստացնել կարանտինային սահմանափակումները։ Ֆրանսիան կորոնավիրուսով վարակվածների շրջանում Եվրոպայում երկրորդն է և 12-րդը՝ աշխարհում։ Ընդհանուր առմամբ, այնտեղ գրանցվել է կորոնավիրուսի 433,9 հազար դեպք, մահացել շուրջ 31 000-ը (երկրորդ ցուցանիշը Եվրոպայում և յոթերորդը՝ աշխարհում)։

Օրական կտրվածքով նոր հակառեկորդ է գրանցվել Չեխիայում։ Վերջին 24 ժամերի ընթացքում այնտեղ հայտնաբերվել է 1 677 նոր դեպք։ Կտրուկ աճում է հոսպիտալացվածների թիվը, ինչպես նաև այն հիվանդների, որոնք ինտենսիվ թերապիայի կարիք ունեն։ Երկրի իշխանությունները հայտարարել են, որ աճել են նաև մահացության ցուցանիշները։ Ըստ նրանց՝ իրավիճակը մոտ է մարտ-ապրիլ ամիսների ցուցանիշներին։

Նախորդ շաբաթ երկրում ներդրվել են խիստ սահմանափակումներ, սակայն չեխ բժիշկները զգուշացնում են, որ այդ քայլի արդյունքները տեսանելի կլինեն միայն 2-3 շաբաթ անց, իսկ մինչ այդ իրավիճակը կշարունակի խորանալ։ Երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 39 000-ի, մահացել է 476 մարդ։

Իրավիճակը խիստ լարված է Հնդկաստանում, որտեղ, սեպտեմբերի 16-ի դրությամբ, վարակվածների թիվը գերազանցել է 5 միլիոնը։ ԱՄՆ-ից հետո սա աշխարհում երկրորդ ցուցանիշն է։ Մահացել է ավելի քան 82 000 մարդ։ Երկու շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր օր կորոնավիրուս է հայտնաբերվում մոտ 100 000 մարդու մոտ։ Հնդկաստանում ցուցանիշների աճը կատարվում է սահմանափակումների թուլացման ֆոնին։ Երկրի իշխանությունները նշում են, որ դա անհրաժեշտ է տնտեսության վերականգնման համար։ Դեռևս փակ են դպրոցները, քոլեջները և կինոթատրոնները։

Նոր դեպքերի կտրուկ աճ նկատվում է նաև Լատինական Ամերիկայում։ Տարածաշրջանի միայն որոշ հատվածներում է հնարավոր եղել իրավիճակը որոշակիորեն կայունացնել։ Լատինական Ամերիկայի հինգ երկրներ վարակվածների թվով առաջատար երկրների տասնյակում են։ 

Ավստրալիան պատրաստվում է երկրի մի շարք շրջաններում հանել սահմանափակումների էական մասը, մասնավորապես, Վիկտորիա նահանգում և նրա մայրաքաղաք Մելբուրնում։ Մելբուրնը համարվել է երկրում համաճարակի հիմնական էպիկենտրոնը։ Սակայն վերջին 14 օրերին օրական կտրվածքով նոր դեպքերի թիվը չի գերազանցել 50-ը։ Ավստրալական իշխանությունների կարծիքով՝ սա կարանտինի թուլացման օպտիմալ ցուցանիշ է։ Աշխատանքի կվերադառնան շինհրապարակները և գործարանները։ Սրճարաններն ու ռեստորանները կրկին կընդունեն այցելուներին, սակայն միայն բաց տարածքներում։

Լուսանկարը՝ Miroslav Lelas/Associated Press

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter