HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

«Փոքր Ջերմաջրի» ավազանի դեպքի վերաբերյալ պարզաբանումներ է տալիս վարձակալը

Սեպտեմբերի 15-ին, ֆեյսբուքյան օգտատեր Արտավազդ Սարոյանն Արցախի Շահումյանի (Քարվաճառի) շրջանի Զուար համայնքում գտնվող «Փոքր Ջերմաջուր» հանքային աղբյուր ջրաերկրաբանական հուշարձանի լուսանկարներն է տարածել: Լուսանկարներից մեկում երևում է բուն աղբյուրի հարևանությամբ գտնվող խորացրած ավազանը, որի մոտակայքում փակցված է «Բասեյնը խորացված է, խորությունը՝ 2 մ» գրությամբ ցուցանակը: Օգտատիրոջ գրառումը մեծ արձագանք է ստացել սոցիալական ցանցում: Երեկ «Հետքը» զրուցել է հարակից տարածքը վարձակալող Վյաչեսլավ Սարգսյանի հետ: Նա ասում էոր լուսանկարները մի ամիս առաջ են արվել, ջրավազանի ներկայիս տեսքն այլ է: Հավելում է, որ այնտեղ 2 մետր խորություն չկա, դա ավելի շատ մարդկանց զգուշություն ներշնչելու համար են գրել:

-Պարո՛ն Սարգսյան, այդ ջրավազանը բնությա՞ն հուշարձան է, թե՞ չէ։ Այդ վայրում աշխատանքներ իրականացնելու համար որևէ թույլտվություն պե՞տք է։

-Ճիշտն ասած, բնական է այնտեղ ամեն ինչը, բայց քանդածը հիմնականը չէ, դա երևի ժամանակին ավելացրել են։ Շատ մարդ լինելու դեպքում, ավազանը մարդկանց չի հերիքում: Դա Սևանը չէ, որ մարդկանց ասես՝ էս ափին լողացեք, կամ էն մեկ ափին։ Նոր էլ ինչ-որ խոսակցություն է եղել էնտեղ, ինչ-որ մեկը լողանալիս ձեռով կպել է մի կնոջ։ Դրա համար էլ մեծ խոսակցություն է եղել։ Դա առաջին անգամը չի եղել, որ մաքրում ենք այնտեղ՝ թե՛ աղբից, թե՛ մեջը հավաքված հողից ու կոտրած շշերի շուշեքից։ Ժամանակ առ ժամանակ պիտի մաքրվի, առանց դրա չի լինում։ Դրա համար նենց ենք մաքրում, որ մեջը մարդ նստի ու խորությունը համապատասխանի։

-Իսկ որևէ թույլտվություն պե՞տք է նման աշխատանքների համար, թե՞ չէ։

-Դե, ճիշտն ասած, ի՞նչ թույլտվություն, եթե էնտեղ հիմնական ջրավազանին ձեռ տայինք՝ իհարկե։ Բայց որ ավելացնում ենք մենք… Ջուրը հենց նենց հոսում է: Մի բան էլ ուզում ենք ավելացրած լինել, երևի էնտեղ երրորդը սարքվի, որ ջրի մեջ մտնելուց կարողանանք մարդկանց ապահովել։

-Երրո՞րդ ջրավազանը։

-Հա, որովհետև մի տեղից հոսում է մյուս տեղը։ Երեխաների համար էլ ենք մի փոքր փոս փորել, որ ջուրը էնտեղ էլ լցվի, որ երեխեքը չմտնեն մյուս ջրավազանը։ Բայց հիմնականին ձեռ չենք տվել։

-Իսկ եթե նկատողություն ստանաք Բնապահպանության կոմիտեից։ Ասեն՝ չի կարելի։ Կամ էլ՝ նույն աղմուկը բարձրանա սոցիալական ցանցերում։ Մտավախություն չունե՞ք։

-Ճիշտն ասած, ավելի շատ «շուխուռ» են դրել, քան թե իրականում կա։ Որովհետև էնտեղ մարդ կար, որ մինչև մեզ աշխատացնում էր, հենց դրա դրած «շուխուռն» է երևի։ Մինչև մեզ աշխատացնում էր, էդ ժամանակ էնտեղ վիճակ չկար՝ աղբից սկսված ու էդ ամեն ինչով։ Մինչև մաքրեցինք, էդ շատ դժվար էր։

Գետի կողքից սկսած ու ամբողջ տարածքով այսօր մարդիկ են գնացել ուսումնասիրել ու համոզվել, որ հատուկ բան չկա արված՝ Դատախազությունից, Բնապահպանությունից։ Սա ինչ-որ մի մարդու արած գործ է։

-Բնապահպանության կոմիտեի տեղակալը ասել էր, որ ոչ ոք բնական հուշարձանը չի վնասել, բայց, այնուամենայնիվ, հարկավոր է Բնապահպանության կոմիտեի թույլտվությունը ստանալ նման շինարարարական աշխատանքների ժամանակ:

-Դե պարզ է, եթե նեղություն չէ իրենց համար, կարող ենք ամեն ժամանակ էլ հարցնել։ Բայց տենց չի, որ էդ մարդիկ ինչ-որ իրենց գործով են զբաղված։ Էդ էլ ասեմ, թող սաղ իմանան։ Մարդ չենք ճարում, որ հետները խոսենք։

Հոսանքը բերել են էնտեղ, տրանսֆորմատորը դրել։ Քաղշինը գործը արել է, հոսանքը հասցրել էնտեղ, բայց Էլցանցը չի ընդունում այդ կատարած աշխատանքները։

Էն մեկն էլ ջուրը հասցրել է էնտեղ, ջրագիծը կա էսօրվա վրա, բայց ջուր չեն տալիս, որ օգտագործենք, շահագործման չեն հանձնում։ Գիշերվա հոսանքի փողը մենք ենք մեր աշխատած փողից տալիս, գիշերը էնքան մարդ է մտնում առանց կոպեկ տալու, առանց ոչ մի բան, բոլորն էլ տուրիստ են։ 2․5 տարի է՝ հոսանքի փողը մենք ենք տալիս։

-Պարո՛ն Սարգսյան, ե՞րբ եք վարձակալել, ինչպես եք վարձակալել, ի՞նչ աշխատանքներ եք կատարել բնության հուշարձանի շրջակա տարածքում:

-2․5 տարուց առաջ ախպորս հետ գնացել ենք գիշերել այնտեղ ու տեսել վիճակը։ Շատ հուզված էի, շատ վատ էի ինձ զգում, ճիշտն ասած, իմ երկիրն էլ է, մենակ ինչ-որ մի հիմնարկի երկիր չէ։ Հետո տեղակացա, որ տարածքը վարձակալելու ժամկետը ավարտել է, ու նոր մրցույթ է հայտարարված: Մասնակցել եմ մրցույթին։ Չեք պատկերացնում, թե ինչ վիճակ էր այնտեղ տիրում, 3-4 ԿԱՄԱԶ աղբ ենք հանել էնտեղից։ Ամսից ավել մարդկանց գումար եմ տվել, 3-4 մարդ աշխատել են, հատիկ-հատիկ աղբը հավաքել են՝ գետի ափից, տարածքից, անտառից։ Խոզանոց էր։

-Այսինքն՝ նախկին վարձակալը ոչ մի աշխատանք չի՞ կատարել։

-Չէ, նկարները կան։ Ժամանակին նկարել ենք, կարող եք տեղադրել, բոլորին էլ ցույց տալ, թե ինչ վիճակում է եղել (զրուցակիցը մեզ է տրամադրել «Փոքր Ջերմաջուր» բնության հուշարձանի աղտոտված լուսանկարները

-Ասում եք՝ աղմուկ են բարձրացրել։ Ո՞վ է արել։

-Ճիշտն ասած՝ ով արել է, իզուր է արել։ Էդ նույն առաջվա վարձակալողի սարքած գործն է, առաջին անգամը չէ։ Խոսքը ներկայիս համայնքապետի մասին է: Հա՛մ համայնքապետ էր, հա՛մ էլ բիզնեսով էր զբաղվում: Չգիտեմ, թե փաստաթղթերով ում անվամբ էր ձևակերպած, բայց ինքն էր զբաղվում: Մի անգամ էլ էնտեղ մարդ է բերել, լրագրողներ է բերել: Մի լրագրող հետս խոսեց ու համոզվեց, որ էս էն մարդը չի, որ գանգատվի ամեն ինչից։

Անտերություն է։ Ասեմ՝ իմանաք։ Այս պահին էնտեղ՝ սկսած վագոն-տնակներից, սկսած էդ տարածքից՝ ջուրն ու հոսանքը, մարդ չենք ճարում, որ հետները խոսենք ու իմանաք, թե այդ ամեն ինչի պատասխանատուն ով է։ Չկա այդպիսի մարդ, մեկը մյուսի մոտ է ուղարկում։ Արդեն հոգնել ենք մարդկանց դիմելուց։ Երրորդ նախարարն է փոխվում, էն երկու նախարարին էլ ենք ասել՝ Սերգեյ Շահվերդյանին, հետո՝ Լեռնիկ Հովհաննիսյանին։ Ոչ մի բան, մենակ կարող են կա՛մ վարձակալության գումար ու հարկ վերցնել, կա՛մ էլ նկատողություն անել։ Ուրիշ ոչ մի բան, տեղում մի մարդ չի եղել, որ մտնի ու մտահոգությունից ելնելով՝ հարցնի, թե ինչ եք անում։

-Բայց չէ՞ որ պետությունը հսկում է այդ տարածքը։

-Մեզանից բացի՝ ոչ մեկ չի վերահսկում այնտեղ, տարածքին էլ ուշադրություն դարձնող չկա։ Շատ վատ վիճակ է այնտեղ։ Էդ վագոն-տնակների դռները չեն փակվում, որը ՊՈԱԿ-ն է տրամադրել, զուգարան չկա, պատկերացնո՞ւմ եք, օդում երկու երկաթի վրա զուգարան էր դրած։ Կոյուղի չկա, չգիտենք ինչ անենք, մարդկանց ձեռքեր լվանալու հնարավորություն չկա։ Մի խոսքով՝ անտերություն։ 

--------------------------------------

Երեկ՝ սեպտեմբերի 16-ին՝  «Արցախպրես»-ի հետ զրույցում ԱՀ բնապահպանության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Գաբրիելյանը ասել էր, որ իրականում այն ավելի շատ ահազանգ էր, քանի որ բնական հուշարձանի մոտ մարդիկ արհեստական ջրավազան էին սարքել, և սոցցանցերում տարածված նկարը հենց այդ ջրավազանին է վերաբերում։ Նաև ավելացրել էր, որ ոչ ոք բնական հուշարձանը չի վնասել, բայց դա չի նշանակում, որ արվածը թույլատրելի աշխատանք էր․ «Բնական հուշարձանների մոտ ցանկացած շինարարական միջամտություն պետք է ստանար պետական համապատասխան գերատեսչության, տվյալ դեպքում՝ ԱՀ բնապահպանության կոմիտեի գրավոր թույլտվությունը, որը չի եղել: Այժմ քննություն է սկսված, և մեղավորներն անպայման օրենքով նախատեսված կարգով պատասխանատվություն են կրելու»։

Մեկնաբանություններ (1)

Արտավզդ Սարոյան
Պատասխանատու ասում եմ, որ իմ տեղադրած նկարների հետևում ոչ մեկ, ոչ մի գյուղապետ կանգնած չի եղել։ Արել եմ իմ նախաձեռնությամբ, չեմ էլ մտածել, որ տենց արձագանք կստանա։ Ես չգիտեմ, ով ինչքան ա ուրախացել, կամ տխրել էտ արձագանքից, ամեն դեպքում, եթե էս աղմուկը պիտի ծառայի որ ավելի ուշադիր լինենք սենց հարցերին, թող ծառայի. Պղտոր ջրում ձուկ որսացողներին խորհուրդ կտամ չօգտագործել այս առիթը այլ շահերի ծառայեցնելու համար։ Վարձակալողն էլ է ասում, որ պետական պատշաճ ուշադրություն չի եղել, կակռազ առիթ ա, թող այսուհետ ամեն մեկը իր գործը լավ անի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter