HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյան. «Ոչ մի ոստիկան դիմակ չկրող ոչ մի քաղաքացու մոտով անտարբեր չպետք է անցնի»

Այսօր կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակին և նշել, որ նախորդ ամսվա ընթացքում ամեն օր գրանցվել է կորոնավիրուսի` մոտ 200-ից պակաս հաստատված դեպք՝ բացառությամբ մեկ օրվա, երբ գրանցվել է 203 դեպք:

«Բայց վերջին երկու օրերին դեպքերի թիվն էականորեն ավելացել է՝ նախորդ օրը 257, երեկ 295: Ճիշտ է, հայտնաբերման տոկոսը բավականին բարձր է: Երեկ ունեցել ենք 4319 թեստ, նախորդ օրը՝ 4135, բայց, այնուամենայնիվ, միտումն անհանգստացնող է, և կարծում եմ, որ մենք մեր բոլորի և հանրության ուշադրությունը պետք է հրավիրենք այս խնդրի վրա»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ դա, թերևս, կապված է դպրոցների բացման հետ:

Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ թեստավորումների ընդհանուր հետազոտությունների թիվը մեծ է, այդ պատճառով էլ մեծ է բացարձակ թվով դեպքերի թիվը: «Բայց մենք նաև նկատում ենք թեստավորման մեջ տոկոսային աճ: Այսօր մոտ 7 տոկոս է կազմում, ինչը մտահոգիչ է: Մենք, մեր վերլուծությունների արդյունքում, կարծում ենք, որ այս աճը, միտումը կապված է մինչ դպրոցական շրջանի ակտիվացման և տեղաշարժի ավելի ակտիվացման հետ՝ մինչ դպրոցական առևտուր անելու, հանգստյան տներից վերադառնալու հետ: Սեպտեմբերի 15-ին բացվեցին դպրոցները, բայց մինչև դա արդեն իսկ բավական աշխուժություն էր նկատվում: Եվ առաջիկա երկու շաբաթների ընթացքում մենք նոր կտեսնենք դպրոցների բացման արդյունքում ինչ արդյունքներ ենք գրանցում: Իհարկե, արտակարգ դրության ռեժիմն ավարտվեց, բայց այն սահմանափակումները, որոնք առկա են, պետք է խստորեն պահպանել: Թվերն էլ մեզ հուշում են, որ միայն բոլոր կանոնների պահպանման արդյունքում կարող ենք զսպել աճի միտումը, և աշնան ընթացքում չունենանք թվերի կտրուկ վերելք, ինչը առողջապահական համակարգի մեծ լարում է առաջացնում և մեր աշխատանքը շատ է դժվարացնում»,-ասել է փոխնախարարը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գործնականում այս պահին կորոնավիրուսի դեմ պայքարի մեկ ապացուցված գործիք ունենք, և դիմակի կրման պայմանները պետք է խստորեն պահպանվեն: «Ես ուզում եմ արձանագրել, որ մենք պետք է առավել հետևողական լինենք այս հարցում, և ոչ մի ոստիկան դիմակ չկրող ոչ մի քաղաքացու մոտով անտարբեր չպետք է անցնի»,-ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է շարունակել վարակի տարածման կանխարգելմանն ու իրազեկման աշխատանքները. «925 կորոնավիրուսից մահացած մարդ ունենք, 283 հոգի կորոնավիրուսով վարակված՝ մահացել են այլ պատճառներով: Եվ երբ տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում այլ երկրներում, ավելի եմ համոզվում, որ պետք է սովորենք կորոնավիրուսի հետ ապրել առանց ամենախիստ սահմանափակումների: Ես համոզվում եմ, որ մենք պետք է շարունակենք գնալ այդ ճանապարահով: Բայց դա հնարավոր է միայն այն պարագայում, երբ մեր առողջապահական հիմնարկները պատրաստ լինեն սպասարկել, բուժել դրա անհրաժեշտությունն ունեցող բոլոր քաղաքացիներին: Հուլիսին, օրինակ, եզրին էինք, օրեր ենք ունեցել, երբ մեր վերակենդանացման բաժանմունքներում երկու-երեք ազատ տեղ է մնացած եղել, բայց կարողացել ենք այդ իրավիճակը հաղթահարել, և, ըստ էության, ոչ մի քաղաքացու առանց բժշկական օգնության չենք թողել»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մի վերլուծության, որի համաձայն՝ այն երկրները, որոնք առավել խիստ սահամանափակումների են գնացել և կորոնավիրուսի դեմ պայքարում լավագույն արդյունքներն են գրանցել՝ ունեն տնտեսական ամենախորը խնդիրները: «Եւ սա, իհարկե, հասկանալիորեն փոխկապակցվածության մեջ է, և մենք պետք է շատ ուշադիր լինենք դպրոցներում, փողոցներում, ամենուր, որ կարողանանք այդ խնդիրները լուծել»,-նշել է վարչապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter