HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Արարատ-Արմենիան» հաղթեց «Ֆոլա Էշին» և դուրս եկավ ԵԼ որակավորման երրորդ փուլ

Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» 4:3 հաշվով պարտության մատնեց Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլա Էշ» թիմին և որակավորման երրորդ փուլի ուղեգիր նվաճեց: Հանդիպումը տեղի ունեցավ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, չնայած որ ի սկզբանե նախատեսված էր խաղն անցկացնել Հանրապետականում, սակայն խոտածածկի անբարվոք վիճակի պատճառով հանդիպման վայրը փոխվեց:

Առաջին խաղակեսն անցավ երևանյան թիմի զգալի առավելությամբ։ Առաջին երեսուն րոպեներին «Արարատ-Արմենիան» արագ և դինամիկ ֆուտբոլ էր խաղում։ 17-րդ րոպեին Հայատանի չեմպիոնի ճնշումը մրցակցի դարպասին վերջապես տվեց իր արդյունքը։ Անկյունայինի խաղարկումից հետո թիմի նորեկ Ջեյսոն Մարտինեսը իր նորամուտի խաղում գրավեց մրցակցի դարպասը և առաջ մղեց «Արարատ-Արմենիային»։ Սակայն մեր թիմի ուրախությունը շատ կարճ տևեց, քանի որ երկու րոպե անց «Ֆոլան» կարողացավ հավասարեցնել հաշիվը, աչքի ընկավ Դիոգո Պիմենտելը։ Մրցակցի գոլից հետո Դավիդ Կամպանյայի սաները շարունակում էին սուր գրոհները, մի քանի իրական գոլային պահ չօգտագործեց Յուսուֆ Օտուբանջոն։ Առաջին կեսի վերջում խաղը մի փոքր հանդարտվեց։ 43-րդ րոպեին «Արարատ-Արմենիան» մնաց 10 հոգով. ձեռքով խաղի համար երկրորդ դեղինը ստացավ Ալեքս Քրիստիան Ջունիորը և լքեց խաղադաշտը։

Երկրորդ խաղակեսի մեկնարկը Հայաստանի չեմպիոնի համար անհաջող դասավորվեց։ 56-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավարը շատ վիճելի 11 մետրանոց նշանակեց «Արարատ-Արմենիայի» դարպասին, որն էլ հստակորեն իրացրեց Ստեֆանո Բենսին։ Ընդունած գոլից հետո էլ երևանյան թիմը հաշիվը հավասարեցնելու հրաշալի պահեր կորցրեց, նպաստավոր դիրքերից վրիպեցին Ջեյսոն Մարտինեսն ու Յուսուֆ Օտուբանջոն։ Ի տարբերություն մեր թիմի լյուքսեմբուրգյան ակումբը իրացրեց իր պահերից մեկը, գոլի հեղինակ դարձավ Զաքարի Հաջին՝ հաշիվը դարձնելով 3։1։ Եվ երբ թվում էր, թե հանդիպման ելքը վճռված է, մրցավարի ավելացրած րոպեներին իրար հետևից երկու 11 մետրանոց նշանակվեց «Ֆոլա Էշի» դարպասին, երկու դեպքում էլ դիպուկ հարվածներով Մաիլսոն Լիման խոցեց մրցակցի դարպասը և խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ, բացի այդ լյուքսեմբուրգյան թիմը նույնպես մնաց 10 հոգով, կարմիր քարտ ստացավ Դիոգո Պիմենտելը։

Լրացուցիչ ժամանակում «Արարատ-Արմենիան»  բազմաթիվ պահեր ստեղծեց և ի վերջո կարողացավ խփել հաղթական գնդակը։ 113-րդ րոպեին Սարգիս Շահինյանի եզրից կատարած փոխանցումից հետո գլխի հարվածով աչքի ընկավ կենտրոնական պաշտպան Սերգեյ Վակուլենկոն՝ դնելով հանդիպման վերջակետը՝ 4։3։

Հավելենք, որ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում սեպտեմբերի 24-ին «Արարատ-Արմենիան» կրկին Երևանում կհյուրընկալի սլովենական «Ցելե» թիմին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter