HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Բասար» անունով հայտնի Արմեն Մելքոնյանը, «Արսեն Երևանսկի» անունով հայտնի Արսեն Մկրտչյանը ու վերջինիս մտերիմ Ռուսլան Թադևոսյանը կմնան կալանավորված

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի, այսօր հրապարակեց որոշում, որով անփոփոխ թողնվեց «Արսեն Երևանսկի» անունով հայտնի Արսեն Մկրտչյանի, վերջինիս մտերիմ Ռուսլան Թադևոսյանի և  «Բասար» անունով հայտնի Արմեն Մելքոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

Գործը, որով անցնում են վերը նշված անձինք, վերաբերում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու, նման խմբավորման մասնակցելու կամ ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելուն։

Ըստ մեղադրանքի՝ Արսեն Մկրտչյանը 1999 թվականին քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Դեդ Հասան» մականվամբ Ասլան Ուսոյանի և «Կնդո Մայիս» մականվամբ Մայիս Մկրտչյանի կողմից «թագադրվելով»՝ ստացել է «օրենքով գողի»  քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ և 2020 թվականի փետրվարի 22-ի դրությամբ շարունակելով  պահպանել այդ կարգավիճակը՝ ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում։

Քրեական օրենսգրքի՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակին առնչվող հոդվածներն ուժի մեջ են մտել 2020 թվականի փետրվարի 22-ից, այդ պատճառով է Արսեն Մկրտչյանի մեղադրանքում հիշատակվում այդ ամսաթիվը։

Արմեն Մելքոնյանը մեղադրվում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցելու մեջ։ Ռուսլան Թադևոսյանն ու ևս 6 անձ մեղադրվում են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացման գործընթացին ներգրավվելու մեջ։

Գործով կալանքի տակ գտնվող մեղադրյալների խափանման միջոցի հարցով դատական նիստը տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 16-ին, և դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Նշենք, որ դատական նիստի ընթացքում պաշտպանները միջնորդել են մեղադրյալների նկատմամբ գրավ կիրառել, Ռուսլան Թադևոսյանի պաշտպանը միջնորդել է նաև իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել։

Պաշտպանները պնդում են, որ գործով անցնող բոլոր անձանց վերագրվող հոդվածները  չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, առկա չէ հիմնավոր կասկած, որ նրանք կատարել են իրենց վերագրվող արարքները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter