HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արթուր Եզեկյան. «Արտակարգ դրություն հայտարարելու հաջորդ օրն արդեն գովազդային պատվերները եթերում կրճատվեցին մոտ 80 տոկոսով»

Կորոնավիրուսային համավարակը ֆինանսական դժվարություններ է ստեղծել լրատվամիջոցների համար ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Մարտի 16-ից Հայաստանում հայտարարված արտակարգ դրության հետեւանքով կրճատվել են նրանց գովազդային եկամուտները։ 1994 թվականին Գյումրիում հիմնադրված «Շանթ» հեռուստաընկերությունում վերջին ամիսներին կրճատումներ են կատարվել։ «Հետք»-ը ստեղծված իրավիճակի մասին զրուցել է «Շանթ» հեռուստաընկերության հիմնադիր և տնօրեն Արթուր Եզեկյանի հետ։

Պարոն Եզեկյան, վերջերս «Շանթ» հեռուստաընկերության մի քանի աշխատակիցներ աշխատանքից ազատվեցին իրենց դիմումների համաձայն, ո՞րն է պատճառը։ 

«Շանթ» հեռուստաընկերությունը ստեղծման օրվանից ֆինանսավորվել է միայն շուկայական միջոցներից և վստահ եմ, որ մեր բոլոր հաջողությունները կապված են հենց այս առանձնահատկության հետ: Միևնույն ժամանակ, դա ենթադրում է նաև ենթարկվել շուկայական օրենքներին, այսինքն՝ եթե շուկայում առկա է ճգնաժամային իրավիճակ, որի հետևանքով շեշտակիորեն կրճատվում են ընկերության եկամուտները, ապա նման պայմաններում անխուսափելի են դառնում ֆինանսական դժվարությունները: Արտակարգ դրություն հայտարարելու հաջորդ օրն արդեն գովազդային պատվերները եթերում կրճատվեցին մոտ 80 տոկոսով: 

Նույն իրավիճակում հայտնվեց նաև մնացած ոլորտներում գործող մասնավոր ընկերությունների ճնշող մեծամասնությունը: 

Այս պայմաններում ծախսերի կրճատումն անխուսափելի քայլ է, որ պարտավոր է անել յուրաքանչյուր կազմակերպություն, հակառակ դեպքում կարող է հասնել սնանկացման: 

Ցավոք, մեզ նույնպես չհաջողվեց խուսափել աշխատակազմի որոշակի կրճատման խնդրից, ինչը հետևանք էր մի շարք նախագծերի դադարեցման, որոշ ծրագրերի դեպքում՝ արտադրության ծավալների կրճատման: 

Հարկ է նշել, որ մենք լավատես ենք այս հարցում և տնտեսության առաջին իսկ դրական ազդակները նկատելիս փորձում ենք աստիճանաբար վերադարձնել մեր աշխատակիցներին և նախագծերը:

Ինչո՞վ են պայմանավորված ընկերության ֆինանսական խնդիրները։ Հնարավո՞ր է հեռուստաընկերության բաժնետերերն այլևս ներդրում չեն անում: 

Բնականաբար, այս ամիսների ընթացքում ֆինանսական դժվարությունները մասնակիորեն մեղմվել են որոշ ներդրումների միջոցով: Սակայն, Ձեր հարցի ձևակերպման մեջ նկատելի է ենթատեքստ, որով համարվում է միանգամայն բնական, որ հեռուստաընկերության ֆինանսավորման հիմնական աղբյուրը պետք է լինեն բաժնետերերից ստացվող մշտական ներդրումները:  Ինչպես արդեն նշեցի, «Շանթի» համար շուկայով ֆինանսավորումը սկզբունք է և, անկասկած, եթե մշտապես սնվեր բաժնետերերի ներդրումներով, ապա ներկայիս «Շանթի» փոխարեն բոլորովին այլ բնույթի և որակի ընկերություն էր լինելու:

Վերջերս «Հորիզոնը» ցուցադրեց մի տեսանյութ, որը բացահայտում էր տեսահենների գործունեությունը ու նկարագրում, թե ինչ մեխանիզմներով է արտադրողից գողացվում հեռուստաարտադրանքն ու անվճար մատուցվում սպառողին՝ ցուցադրման ժամանակ տեղադրելով միանգամայն օրինական գործունեություն ծավալող ընկերությունների գովազդը: Ասվեց, որ պետությանն ու արտադրողին պատճառված հարյուրավոր միլիոնների հասնող վնասը զրկում է ոլորտը զարգացման հնարավորություններից: Արդյոք նաեւ սա է «Շանթի» ֆինանսական խնդիրների պատճառը։

Պիրատների վերաբերյալ «Շանթն» առաջին անգամ չէ, որ հրապարակումներ է անում: Այս հարցում էլ ամեն ինչ պայմանավորված է շուկային ապավինելու մեր սկզբունքով։ Եթե դու գիտես, որ քո միակ եկամուտի աղբյուրը շուկան է, իսկ այդ շուկայից քո հասանելիք բաժնի միայն շուրջ 30%-ն է քեզ հասնում, իսկ 70%-ը յուրացնում են պիրատները, բնականաբար, ստիպված ես մշտապես դրա դեմ պայքարել մինչև դրա հիմնովին արմատախիլ անելը։ Մինչդեռ, պիրատների գողացածը գնում է յուրաքանչյուր ԶԼՄ ներկայացուցչի գրպանից, անկախ տեսակից և ուղղվածությունից, այդ թվում նաև՝ «Հետքի»: Մեր հաշվարկների համապատասխան, պիրատների գողացած ամսական շուրջ 25 միլիոն դոլարը կարող էր բաշխվել օրինական դաշտում գործող բոլոր խաղացողների միջև և այսօրվա ունեցածի փոխարեն ունենայինք անհամեմատ առավել մեծ տեմպերով զարգացող ու բոլորովին այլ որակ ունեցող ոլորտ։ Ինչպես արդեն նշեցի վերևում, մեր և հայկական բիզնեսի ճնշող մեծամասնության ֆինանսական դժվարությունները պայմանավորված են համավարակի առաջացրած խնդիրներով, իսկ պիրատների թալանը ժամանակին կանգնեցրած լինելու դեպքում համավարակի հասցրած վնասը կարող էր շատ ավելի աննշան լինել:

Իրավապահ մարմիններն արձագանքե՞լ են այդ տեսանյութում հեռուստաընկերության մատնանշած խնդիրներին։ 

Իրավապահներն արձագանքել են, իհարկե, և ներկայում պատրաստվում է բավական մեծ գործ: Սակայն այս գործում հաջողություններն անհամեմատ ավելի մեծ կլինեին, եթե վերջիններիս օպերատիվությունը լիներ ավելին, քան հիմա է: 

«Շանթ» հեռուստաընկերությունը համացանցային լրատվական դաշտում այսօր կարողանու՞մ է արդյունավետորեն մրցակցել։

Հաշվի առնելով, որ «Շանթի» գործունեության հիմնական տարածքը դեռևս եթերն է, ապա համացանցում մեր գործունեությունը ունի դեռևս հետազոտական բնույթ:

Որո՞նք են «Շանթ» հեռուստաընկերության առաջնային կարիքները, եւ ի՞նչ մարտահրավերներ կան։

Սա արդեն շոշափում է կոմերցիոն և ռազմավարական բնույթի հարցեր, որոնք, ցավոք, հրապարակման ենթակա չեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter