HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կորոնավիրուսի պատճառով Իսրայելում սկսվում է համազգային երկրորդ լոքդաունը

Իսրայելի կառավարությունը, երկրում կորոնավիրուսի ցուցանիշների կտրուկ աճի պատճառով, երկրորդ անգամ ներդնում է համազգային լոքդաուն։ Սեպտեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով ժամը 15:00-ից, կրկին կփակվեն դպրոցները, մանկապարտեզները, հյուրանոցները, առևտրի կենտրոնները, հանգստյան գոտիները և լողափերը։ Ռեստորաններին կթույլատրվի աշխատել միայն առաքման ռեժիմով։ Երկրի բնակիչներն իրենց տները կկարողանան լքել մինչև 500 մետր շառավղով, այն էլ՝ միայն բացառիկ դեպքերում։ Տոտալ լոքդաունը կձգվի առնվազն երեք շաբաթ։

Դեռևս հստակ չէ, թե ինչքանով է բնակչությունը պատրաստ՝ պահպանելու կառավարության կողմից ներդրված սահմանափակումները։ Նոր սահմանափակումների ժամանակահատվածը համընկնում է հրեական կարևորագույն տոների հետ, ինչպես, օրինակ, Ռոշ Հաշանան և Յոմ Կիպուրը։ Բացի այդ, վերջին շաբաթներին Իսրայելում ամեն շաբաթ կազմակերպվում էին բողոքի ցույցեր, որի մասնակիցներն իրենց բողոքն էին արտահայտում Իսրայելի կառավարության հակակորոնավիրուսային քաղաքականության դեմ։ Սահմանափակումների պահպանման վերահսկողության նպատակով Իսրայելի զինված ուժերը 1000 զինծառայողների գործուղել է ոստիկանություն։

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը երկրի բնակչությանը միասնության և միասնական ջանքերի կոչ է արել։ «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ վերականգնենք մեր քաղաքացիների անձնական, բժշկական և տնտեսական վստահությունը։ Սա երկրորդ շանսն է, և մենք պետք է օգտագործենք այն, քանի որ վախենամ, որ երրորդ շանս չենք ունենա»,- նշել է նա։

Իսրայելի ընդդիմությունը կտրուկ քննադատել է նոր սահմանափակումների վերաբերյալ կառավարության որոշումը՝ անվանելով այն սխալմունք և աղետալի։ Ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը հայտարարել է, որ քաղաքացիներին պատժում են իշխանության տապալման համար։ Նա նշել է, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ ճգնաժամն արդեն իսկ էական վնաս է հասցրել երկրի տնտեսությանը։ Ամռանը Իսրայելում գործազրկության մակարդակը հասել է 20 %-ի։

Իսրայելը դարձել է աշխարհի առաջին երկիրը, որը, կորոնավիրուսի գլոբալ ցուցանիշների աճի ֆոնին, ներդրել է ոչ թե լոկալ, այլ համազգային սահմանափակումներ։ Իսրայելում առաջին լոքդաունը ներդրվել է 2020 թվականի սկզբին։ Այդ ժամանակ երկիրը հաջողությամբ կարողացավ պայքարել համավարակի դեմ, սակայն վարակման ցուցանիշները կրկին սկսել էին աճել՝ սահմանափակումների չեղարկումից հետո։

Սեպտեմբերի 15-ին Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսի ռեկորդային՝ 5 523 նոր դեպք։ Համավարակի նոր ալիքից էականորեն տուժել են արաբներով և ուղղափառ հրեաներով բնակեցված թաղամասերը։ Այստեղ բնակչության խտությունը բավականին բարձր է, այդ իսկ պատճառով վարակման շղթան արագ տարածվում է։

Լուսանկարը՝ middle-east-online.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter