
Մաշտոցի պուրակի քառասունքը (վիդեո)
Այսօր լրանում է Մաշտոցի պուրակի տաղավարապատման դեմ քաղաքացիական պայքարի 40-րդ օրը, ինչպես նաև քաղաքապետարանին ուղղված, տաղավարների ապամոնտաժման պահանջի տասնօրյա ժամկետի 3-րդ օրը:
Ինչպես և վճռել էր Հանրային դատարանը, քաղաքացիները երեկվանից սկսել են այգու բարեկարգման աշխատանքները: Այսօր նրանք ապամոնտաժել են բենզալցակայանին կից երբեմնի սրճարանի բետոնը՝ ազատագրելով հողը ապագա կանաչ տարածքի համար:
Շինարարական գործիքներով ակտիվիստներին աջակցել են քաղաքապետարանի «Կենտրոն-կանաչապատում» ընկերության աշխատակիցները, ովքեր նույնպես բնապահպաններին զուգահեռ երեկվանից բարենորոգում են պուրակը. առայժմ իրականացվում են ոռոգման ցանցի արդիականացման աշխատանքներ:
Ի դեպ, քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ նախապատրաստական աշխատանքներ են կատարվում կանաչապատման, ծաղկապատման և պուրակի ընդհանուր ձևավորման ուղղությամբ: Տարոն Մարգարյանն էլ կրկին հավաստիացնում է, որ կանաչ տարածքների հաշվին որևէ կառուցապատում մայրաքաղաքում չի թույլատրվելու:
![]() |
![]() |
Ինչևէ, ակտիվ քաղաքացիները, հետևելով իրենց իսկ ստեղծած «Արդար ու անկախ քաղաքացիական դատարանի» որոշմանը, յուրաքանչյուր օր, ըստ հստակ օրակարգի, Մաշտոցի պուրակում իրականացնում են բարեկարգման, ինչպես նաև ստեղծագործական, ռեկրեացիոն և ճանաչողական բնույթի միջոցառումներ: Երեկվա միջոցառման շնորհիվ վերադարձող թռչունները բույն ունեն այգու ծառերին:
Գործում է նաև քաղաքացիական ամբիոնը, որտեղ տարբեր բնագավառների մասնագետներ իրենց տեսակետն են ներկայացնում առկա խնդիրների վերաբերյալ:
Արդեն երկու օր է՝ պուրակում տեղադրվում է հանգանակության թափանցիկ արկղ, որի միջոցները ծառայելու են բացառապես այգու բարեկարգմանը:
Արդեն 40 օր է՝ մայրաքաղաքի գլխավոր պողոտայի այս հատվածում և ասմունք է հնչում, և զուռնա-դհոլ, սակայն այգու առօրյայի ավանդական ուղեկիցը մնում է կիթառի մեղեդին:
Մաշտոցի պուրակի քառասունքը • Չորեքշաբթի, 11:00-ից 19:00 Պայքարը շարունակվում է 13:00- 15:00` այգու բարեկարգման աշխատանքներ 15:00 - 16:00` կիթառի ժամ 17:00 - 18:00` քաղաքացիական ամբիոն. «Դեմ ենք գրքերի թանկացմանը» նախաձեռնություն https://www.facebook.com/groups/193355757437432/ 17:00 - 18:00` Մաշտոցի պուրակում սկսում ենք կարտոֆիլով, կաղամբով, սնկով, կաթնաշոռ-մուրաբայով և այլ անակնկալ բուսակերական կարկանդակների մրցույթ: Մենք հավատում ենք ձեր երևակայությանը: Հաղթողին սպասվում է անակնկալ: 15:00 - 19:00` նարդու մրցույթ 16:00 - 19:00՝ Մաշտոցի պուրակի 40 օրվա պայքարի խրոնոլոգիա /ֆոտոցուցահանդես/ Շարունակում է գործել դրամահավաքը՝ ի պաշտպանություն այգու: |
Տեսանյութը՝ Խաժակ Դրամփեանի
Մեկնաբանել