HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գևորգ Լոռեցյանին կաշառք տալու մեջ մեղադրվող անձը չի ընդունում մեղադրանքը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանին կաշառք տալու մեջ մեղադրվող Հրաչիկ Քանանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Քանանյանը։ Վերջինս նաև հայտնեց, որ գործով ցուցմունք չի տվել։

Այսօր նշանակված էր Քանանյանի, Գևորգ Լոռեցյանի և վերջինիս վարորդ Էդուարդ Հովհաննիսյանի գործով դատական առաջին նիստը, որը, սակայն, հետաձգվեց Հովհաննիսյանի պաշտպանի բացակայության պատճառով։

Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը դատարան է ներկայացրել միջնորդություն՝ իր պաշտպանյալի հեռախոսային խոսակցությունների արգելքը վերացնելու մասին։ Մինչ դատական նիստի հետաձգվելը նա խնդրեց քննարկել այդ միջնորդությունը, սակայն դատարանը որոշեց այն քննարկել հաջորդ դատական նիստին, երբ Էդուարդ Հովհաննիսյանի պաշտպանը նույնպես ներկա կլինի։ Դատական նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 2-ը։

Գևորգ Լոեցյանը, հիշեցնենք, մեղադրվում է «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից 2 մլն դրամ կաշառք պահանջելու մեջ։ Փոխնախարար Լոռեցյանին սպասարկող վարորդ Էդուարդ Հովհաննիսյանը մեղադրվում է Լոռեցյանին օժանդակելու, իսկ Հրաչիկ Քանանյանը՝ կաշառք տալու մեջ։

ԱԱԾ-ն 2019  թվականի դեկտեմբերի 4-ին հայտնել էր, որ «ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով տնտեսվարողին՝ դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ գումար: Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բերման են ենթարկվել»։ 9 ամսից ավելի է՝ Լոռեցյանը գտնվում է կալանքի տակ։

Նշենք, որ գործով որպես մեղադրյալ ներգրավվելուց որոշ ժամանակ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է Լոռեցյանին ազատել փոխնախարարի պաշտոնից։

Լոռեցյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter