HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատարանը մերժել է Արմավիրի թիվ 8 մանկապարտեզի նախկին տնօրենի հայցադիմումն ընդդեմ քաղաքապետի

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է «Արմավիր քաղաքի թիվ 8 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Թամար Ավետիսյանի հայցադիմումն ընդդեմ նույն համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի՝ աշխատանքից ազատելու կարգադրությունն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքին վերկանգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանկահատվածի համար նախատեսված աշխատավարձի գումարը բռնագանձելու պահանջների մասին: Պահանջել է նաև դատական ծախսերի հատուցում, այդ թվում՝ փաստաբանի վարձատրության գումար՝ 1000 դոլարի չափով:

Թամար Ավետիսյանն աշխատանքից ազատվել էր Արմավիր համայնքի ղեկավարի 13.12.2019թ. թիվ 159 կարգադրությամբ՝ վստահությունը կորցնելու հիմքով:

Նախկին տնօրենը դատարանին հայտնել էր, որ իր ու Արմավիր համայնքի ղեկավարի տեղակալի միջև տեղի է ունեցել «լարված խոսակցություն», ինչն էլ Արմավիր համայնքի ղեկավարը հիմք է ընդունել՝ վիճարկվող կարգադրությունը կայացնելու համար: 

Հիշեցնենք, որ «Հետք»-ն անդրադարձել էր մանկապարտեզի արդեն նախկին տնօրենի ու Արմավիրի համայնքապետարանի վեճին: Մեզ հետ զրույցում Թամար Ավետիսյանը պատմել էր, որ աշխատանքային քննարկման ժամանակ համայնքապետարանի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդական հարցերի բաժնի պետ Արաքսյա Դոլինյանը փոխքաղաքապետ Վարշամ Սարգսյանին ներկայացրել է, թե իբր իրեն Թ. Ավետիսյանը «բանատեղ չի դնում»:

«Այդ խոսակցության վրա փոխքաղաքապետ Վարշամ Սարգսյանը տեղից թռավ և իմ վրա գոռաց, թե դուռը բացի, դուրս գնա, քեզ կարգի հրավիրի, արի: Նեղվեցի, ասում եմ՝ ինչ իրավունքով, որպես կին, տնօրեն ինչո՞ւ եք ինձ վիրավորում: Դուրս եկա և զանգեցի քաղաքապետին: Հարցրեց, թե ինչի համար եմ զանգել, ասացի, որ փոխքաղաքապետի ոչ կոռեկտ պահվածքի պատճառով և բարկությունից ասացի, որ չմոռանա, թե որտեղից է եկել՝ խոզապահ: Այդ բառի համար երեք օր է՝ կռիվներ է, զեկուցագիր են գրում, թե պիտի ազատենք աշխատանքից»,-պատմել էր Թամարա Ավետիսյանը՝ վստահ լինելով, որ իրեն աշխատանքից ազատել են հենց այդ արտահայտության համար:

Աշխատանքից ազատվելու օրը Թ. Ավետիսյանը բարձրացել է քաղաքապետարան, բացատրել է իրավիճակը, որ վիրավորելու ցանկություն չի ունեցել, բարկացած ժամանակ է ասել: Սակայն, նրա խոսքերով՝ բացատրությունները չեն ընդունվել: 

Արմավիրի համայնքապետարանի ներկայացուցիչը դատարանում հայտնել է, որ ՀՈԱԿ-ի տնօրեն Թ. Ավետիսյանին աշխատանքից ազատելու կարգադրության հիմքում չի դրվել միայն Արմավիրի համայնքի ղեկավարի տեղակալի և կրթության բաժնի պետի նկատմամբ ոչ հարիր վարքագիծ դրսևորելու հանգամանքը, ինչպես մատնանշում է հայցվոր կողմը: Այն միայն հանդիսացել է Թ. Ավետիսայնի կողմից հակօրինական և հակաբարոյական վարքագծի հերթական դրսևորում: 

Ըստ համայնքապետարանի՝ թիվ 8 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Թ. Ավետիսյանը դեռևս 2018թ. ենթարկվել է կարգապահական տույժի, որը թերևս մարված է, սակայն ևս մեկ անգամ փաստում է այն հանգամանքը, որ Թ. Ավատեսյանի կողմից դրսևորվել է ոչ իրավաչափ վարքագիծ: Մասնավորապես երեխաների ընդունման և հաշվառման մատյանների հետ կապված` շրջանցելով քաղաքապետարանի երեխաների ընդունման հերթացուցակը իր հայեցողությամբ ընդունել է երեխաների, որի արդյունքում մանկապարտեզ են հաճախել սահմանված թվից ավել թվով երեխաներ: 

Բացի այդ, Թ. Ավետիսյանը 2019թ. հոկտեմբեր ամսին խոչընդոտել է Արմավիրի համայնքապետարանի կրթության բաժնի թվով 4 աշխատակիցների կողմից երեխաների թվի ստուգում իրականացնելուն ուղղված աշխատանքներին, որի արդյունքում այդպես էլ համապատասխան արձանագրություն չի կազմվել: Աշխատակիցներին հաջողվել է ստուգումներ իրականացնել միայն 2 խմբերում, իսկ մյուս 2 խմբերում չեն կարողացել շարունակել, քանի որ Թ. Ավետիսյանը անհարգալից վերաբերմունք է դրսևորել նրանց նկատմամբ, վիրավորել է, թույլ չի տվել շարունակել աշխատանքները` ասելով, որ նրանք նման իրավունք չունեն և վերոնշյալ աշխատակիցներին դուրս է հրավիրել թիվ 8 մանկապարտեզից: Արմավիր համայնքում թիվ 8 մանկապարտեզը միակն է եղել, որտեղ այդպես էլ երեխաների թվի ստուգման արձանագրություն չի կազմել: 

Ըստ համայնքապետարանի՝ թիվ 8 մանկապարտեզ են հաճախել երեխաներ, որոնք մանկապարտեզից գնացել են նախատեսված ժամից շուտ, սակայն այդ երեխաներից մի քանիսի մասով համապատասխան դիմումները մատյանում բացակայում են: Այն հարցին, թե համապատասխան դիմումների բացակայությունը ինչով է պայմանավորված, Թ. Ավետիսյանը պատասխանել է, որ մատյանում տողավանդակների քանակը սահմանափակ է, սակայն ինչպես մնացած մանակապարտեզներում թիվ 8 մանկապարտեզը այդ հարցը կարող էր կարգավորել լրացուցիչ տետր պահելու կամ մատյանում տողավանդակների քանակն ավելացնելու միջոցով: 

«Այս և այլ նմանատիպ արաքների արդյունքում է` Թ. Ավետիսյանը որպես աշխատող աստճանաբար կորցել իր վստահությունը, որին նոր միայն գումարվել է Արմավիրի համայնքի ղեկավարի տեղակալի և կրթության բաժնի պետի հետ տեղի ունեցած միջադեպը»,-Արմավիրի համայնքապետարանը դատարանում այսպես է հիմնավորել աշխատանքից ազատելու քաղաքապետի կարգադրությունը: 

Իսկ միջադեպի օրը Թամարա Ավետիսյանը, քաղաքապետարան էր հրավիրվել պարզաբանում ներկայացնելու համար, թե ինչու է շրջանցել աշխատակից ընդունելու քաղաքապետարանի սահմանած կարգը: Մասնավորապես՝  տիկին Ավետիսյանը թիվ 8 մանկապարտեզում ֆիզարձակուրդ գնացած բուժքրոջ փոխարեն` ով ի դեպ նախկին քաղաքապետի վարորդի կինն է, սեփական հայեցողությամբ ընդունել է բուժքրոջ քրոջը: Մինչդեռ, ըստ սահմանված կարգի, նախապես քաղաքապետարանում գրանցված թեկնածուների հետ հարցազրույց է անցկացվում ՀՈԱԿ տնօրենի և քաղաքապետարանի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բաժնի աշխատակցի մասնակցությամբ, ինչը չի ապահովվել:

«Այն որ Թամար Ավետիսյանի կողմից բազմաթիվ անգամներ դրսևորվել է ոչ հարիր վարքագիծ, ամենևին էլ գաղտնիք չէ, որի արդյունքում տուժում է ոչ միայն մանկապարտեզի հեղինակությունը, այլև խոչընդոտվում է մանկապարտեզի բնականոն գործունեությունը: Ինչ է ստացվում, Թ. Ավետիսյանը, որպես աշխատող ոտնահարելով օրենքի նորմերը, դրսևորում է այնպիսի վարքագիծ, ինչպիսին կամենում է: Բացի այդ նմանատիպ վարքագծի արդյունքում, եթե չառաջանան համապատասխան իրավական հետևանքներ, ապա կառաջանա ամենաթողության մթնոլորտ և գործատու-աշխատող հարաբերություների համար օրենքով նախատեսված իրավունքերը և պարտականությունները կկրեն ձևական բնույթ, և հնարավոր է, վատ օրինակ ծառայի մյուս ենթակա կառույցների աշխատողների և տնօրենների համար»,-դատական քննության ժամանակ հայտնել են Արմավիրի քաղաքապետարանից:

Դատարանը վճռի պատճառաբանական մասում հիմնավորել է, որ աշխատանքից ազատումը եղել է օրինակա: Մասնավորապես՝ անդրադառնալով Թամար Ավետիսյանի ներկայացուցչի այն փաստարկին, որ գործատուի կողմից կիրառվել է առավել խիստ կարգապահական տույժի տեսակ, դատարանը գտել է, որ գործատուն ընտրել է Աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածի հիմքով աշխատանքային պայմանագրի լուծումը, պայմանավորված այն հանգամանքով, որ Թամար Ավետիսյանը լինելով ուսումնադաստիարակչական գործառույթ իրականացնող անձ, տվյալ աշխատանքում թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք:

Դատարանը գտել է, որ կարգապահական տույժ կիրառելիս՝ տվյալ դեպքում աշխատողին աշխատանքից ազատելու մասին կարգադրություն արձակելիս, գործատուի կողմից պահպանվել է օրենքով նախատեսված պարտադիր բնույթի պահանջը: Այն է՝ ուսումնադաստիարակչական գործառույթ իրականացնող անձը թույլ է տվել այնպիսի արարք, որը տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի փաստի վերաբերյալ հայցվորից գործատուն գրավոր կերպով բացատրություն է պահանջել տրամադրելով ողջամիտ ժամկետ: Բացի այդ, աշխատանքից ազատելու կարգադրության հիմքում Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը դրել է համայնքի ղեկավարի տեղակալ Վարշամ Սարգսյանի բացատրությունը, աշխատակազմի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Արաքսյա Դոլինյանի զեկուցագիրը, թիվ 8 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրեն Թամար Ավետիսյանի բացատրությունը, հետևաբար այն իրավաչափ է, Թամար Ավետիսյանը ազատվել է աշխատանքից օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանմամբ:



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter