HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատախազությունը մերժել է տուժողի բողոքը՝ Beauty of Armenia կազմակերպության տնօրենի վերաբերյալ քրգործը կարճելու որոշման դեմ

Դատախազությունը մերժել է Beauty of Armenia  տուրիստական կազմակերպության տնօրենի վերաբերյալ գործը կարճելու, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման դեմ տուժող Արթուր Մուրադյանի պաշտպանի բողոքը։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան հայտնում են Դատախազությունից։

Հիշենցնենք, որ Քննչական կոմիտեն սեպտեմբերի սկզբին կարճել է քրեական գործը, որով տուրիստական կազմակերպության տնօրեն Վահե Շահվերդյանը մեղադրվում էր առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու մեջ։ Շահվերդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով։ Տուժող Մուրադյանի ներկայացուցիչ Մհեր Հակոբյանը կարճման որոշումը բողոքարկել է Դատախազություն։

«Հետք»-ի հետ զրույցում վերջինս պատմել է, որ 2019 թվականի դեկտեմբերի 29-ին Մուրադյանը Beauty of Armenia տուրիստական կազմակերպության միջոցով պետք է մեկներ Վրաստան՝ Նոր տարին այնտեղ անցկացնելու, որի համար կատարել է համապատասխան վճարումները, սակայն  մեկնելու օրվանից մեկ օր առաջ էլեկտրոնային փոստով նամակ է ստացել, որ Վրաստանի Redisson blue հյուրանոցում իր ամրագրումը չեղարկվել է։ Դրանից հետո Beauty of Armenia տուրիստական ընկերության տնօրեն Վահե Շահվերդյանն անջատել է հեռախոսահամարը, նրա հետ կապ հաստատել չի ստացվել: Նույն իրավիճակում հայտնվել են նաև այլ քաղաքացիներ, որոնք, ինչպես նաև Արթուր Մուրադյանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել։ Տուժողների վերաբերյալ գործը միացվել է մեկ վարույթում և քննվել Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական  վարչության Արաբկիրի քննչական բաժնում։

Հատկանշական է, որ այս գործը կարճելուց երկու օր անց Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել և այն քաղաքացիներին, ովքեր տուժել են Beauty of Armenia տուրիստական կազմակերպության գործունեությունից, հորդորել դիմել իրենց։ Այժմ քննչական կոմիտեում տուրիստական կազմակերպության վերաբեյալ նոր քրեական գործ է քննվում, որն, ըստ ՔԿ հաղորդագրության՝ վերաբերում է տուրիստական գործակալության կողմից խարդախությամբ գումարներ հափշտակելու դեպքին։ Այս գործով տուժողների թիվն անցնում է 30-ը։

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter