HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մինսկում ընթանում է «Արդարության երթը». կապի օպերատորը պնդում է, որ մոբայլ ինտերնետը թուլացվել է պետական մարմինների պահանջով

Մինսկում սեպտեմբերի 20-ին ընթանում է հերթական բողոքի ակցիան՝ «Արդարության երթը», որն իրականացվում է ի նշան նախագահական ընտրությունների արդյունքների, որտեղ հաղթող է ճանաչվել Բելառուսը 26 տարի կառավարող Ալեքսանդր Լուկաշենկոն։ «BBC»-ն գրում է, որ քաղաքում արդեն իսկ սկսվել են ձերբակալությունները։

Երթը սկսվել է տեղի ժամանակով 14:00-ին, սակայն մեկնարկից մեկ ժամ առաջ Մինսկի մետրոպոլիտենը հայտարարել է, որ «ուղևորների անվտանգությունն ապահովելու համար» փակվել են քաղաքի կենտրոնում գտնվող մետրոյի վեց կայարաններ։ Բողոքի գործողությունների մեկնարկից հետո, մետրոպոլիտենը հայտարարել է ևս մեկ կայարանի փակման մասին։

Ինչպես փոխանցում է «Tut.by»-ը, Նեմիգա փողոցի շրջանում ցուցարարներին են մոտեցել ուժայինները։ Մարդիկ ցրվել են տարբեր ուղղություններով, իսկ նրանց հետևից վազել են սև արտահագուստով ոստիկանները։ Նշվում է, որ մարդիկ փոքր խմբերով շարժվում են դեպի «Հերոս քաղաք Մինսկ» հուշահամալիր, իսկ ոստիկանները շարունակում են ձերբակալությունները։

Մինսկի կենտրոնում՝ Բարձրագույն դատարանի և Անկախության պալատի շրջանում, ՆԳՆ-ն կենտրոնացրել է տեխնիկա և ներքին զորքերի ուժայինների։ Քաղաքում նկատվում է ռազմական տեխնիկա։ «Հերոս քաղաք Մինսկ» հուշահամալիրի մոտ կանգնած են ջրցան մեքենաներ, իսկ «Ռուբին Պլազա» բիզնես կենտրոնի մոտ գտնվում են ռազմական տեխնիկա և ոստիկանական մեքենաներ։

Լրատվամիջոցների տվյալներով՝ քաղաքում գրանցվում է մոբայլ ինտերնետի խափանումներ։ «TACC» գործակալությանը կապի «A1» օպերատորը հայտարարել է, որ մոբայլ ինտերնետի արագությունը իջեցվել է պետական մարմինների պահանջով։ Նախօրեին երթի մասնակիցներին կոչ էր արվել «փողոց դուրս գալ այն անձանց լուսանկարներով և անձնական տվյալներով, որոնք արժանի են ազգային տրիբունալի»։ 

Զուգահեռաբար, բողոքի ցույցեր են ընթանում նաև Գոմելում, որտեղ ցուցարարներին հաջողվել է ճեղքել շրջափակումը, Մոգիլյովում և Գրոդնոյում։ Սեպտեմբերի 20-ին ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան հարցազրույց է տվել «РБК» լրատվամիջոցին, որի ժամանակ «անհեթեթություն» է անվանել Ռուսաստանի հետ միությունից Բելառուսի դուրս գալը։ «Ես առաջին անգամ այդ առաջարկությունները լսել եմ այն չինովնիկներից, որոնք քարոզում էին այդ անհեթեթությունը։ Այդպիսի բան չէր կարող լինել, քանի որ իմ ծրագրում երեք կետ է։ Եվ եթե ինչ-որ տեղ, ինչ-որ բան, ինչ-որ ժամանակ նշվել է, ապա դա ինձ հետ որևէ կապ չունի»,- գործակալության հետ հարցազրույցում նշել է Տիխանովսկայան։

Հիշեցնենք, որ նախօրեին՝ սեպտեմբերի 19-ին Մինսկում ընթացել է ավանդական կանանց երթը, որն ավարտվել է ձերբակալություններով։ Բելառուսի ՆԳՆ-ն պնդում է, որ սեպտեմբերի 19-ին Բելառուսի 11 քաղաքներում ընթացող բողոքի ցույցերի մասնակիցների թիվը չի գերազանցել 900-ը, որոնցից 415-ը ձերբակալվել են Մինսկում՝ «զանգվածային միջոցառումների օրենսդրության խախտման» համար։ Տելեգրամ ալիքները և բելառուսական անկախ լրատվամիջոցները պնդում են հակառակը, համաձայն որի երթին մասնակցել է մի քանի հազար մարդ։

Լուսանկարը՝ «Tut.by»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter