HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չեմ երազում, որովհետեւ բաներ կան, որ հաստատ իրականություն չեն դառնա»,- ասում է 17 տարեկան Արմինեն

-Բա դուք որտե՞ղ եք հասել,- Երեւան-Հացիկ ճանապարհին հեռախոսով հարցնում է Մարիամը։

-Արմավիր ենք հասնում, Դուք շտապո՞ւմ եք,- հարցնում եմ նրան։

-Հա, դաշտ պիտի գնամ, էսօր խաղող հավաքողները քիչ են,- պատասխանում է 45-ամյա կինը։

Արմավիրի մարզի Հացիկ գյուղի 4-րդ փողոցի վերջնամասում է գտնվում Մարիամ Իվանյանի տունը։ Նա մեզ դիմավորում է ճամփեզրին։ Հոգսերը, կարծես, շերտ-շերտ շաղախվել են նրա անժպիտ, արեւից սեւացած դեմքին։ Կիսաթափված ատամները մեծացնում են կնոջ տարիքը։

Գարուն-ամառը 45-ամյա Մարիամի աշխատանքային ժամանակն է․ օրավարձով աշխատում է դաշտում։ Ասում է՝ լոլիկ են հավաքում, դեղձ, խաղող, որ սեզոնին ինչ լինում է։

Ճամփեզրից երեւացող միհարկանի տունն առանց ցանկապատի է։ Չորացած խոտերը հատուկենտ են երեւում, քանի որ ձուլվել են ավազին։ Բակի թզենին փոքր-ինչ ծածկում է տան դիմային հատվածը։ Արագ քայլով, ոտաբոբիկ մեզ է մոտենում Մարիամի ամուսինը՝ Համլետը։ Մարիամն ամուսնուն խնդրում է հողաթափ հագնել, Համլետն անկաշկանդ է, ասում է՝ ինքը սովոր է դրան, ոտքերն այդպես հանգստանում են։ Հետո մոտենում է թզենուն ու մի մեծ բուռ թուզ հավաքում։ Կոշտացած ձեռքերի ափերի մեջ մեզ է պարզում մանր սեւ թզերը։ Ասում ենք, որ ավելի ուշ կփորձենք։

Տան սեփականատերը Համլետի եղբայրն է։ Նրանք 10 երեխա են, Համլետը երեխաներից 7-րդն է։ Նկատում է, թե եղբայը երբեք չի ասել, որ ինքը տունը թողնի, հեռանա, սակայն միեւնույնն է՝ տունն իրենցը չէ, վիճակն էլ՝ օդից կախված։

Տան տանիքն ու պատուհանները հին են։ Ներսից էլ տպավորությունը չի փոխվում։ Պատերին երեխաների նկարչության հետքերն են։ Գույքը հին է, սակայն ամեն բան կոկիկ է։ Սեղանին դրված կարմիր սփռոցին արհեստական ծաղիկներով ծաղկամանն է։ Դրանց վրա փոշի չկա հավաքված։

-Ո՞նց հանդիպեցիք Մարիամին,- հարցնում եմ Համտելին։

Համլետն ուշադիր նայում է կնոջը, թեթեւ ժպիտ է հայտնվում դեմքին։ Ի պատասխան ամուսնու՝ Մարիամն էլ է ժպտում։

-Մարիամը Լենուղի գյուղից ա։ Էդտեղ գնացել էի խոտ շարելու, տեսա, հավանեցի,- կարճ պատմում է ամուսինը՝ անընդհատ քայլելով ընդարձակ հյուրասենյակում։ 52-ամյա փոքրամարմին այս մարդու մեջ հյուրընկալի մեծ սիրտ է թաքնված։

-Դե լավ, գոնե մի բաժակ կոֆե հյուրասիրենք․․․ Եթե կոֆե չեք ուզում, թան բերենք,- մերթընդմերթ ընդհատում է Համլետը մեր զրույցը։

Ասում է՝ չափազանց նյարդային է դարձել ընտանիքի սոցիալական վիճակից։ Գյուղում օրավարձով բանվորություն է անում 3000 դրամով, բայց իր սրտի ուզածի պես չի կարողանում պահել երեխաներին՝ 17-ամյա Արմինեին ու 10-ամյա Հրանտին։

Մեր այցելության ժամանակ Արմինեն ընկերուհու տանն էր։ Մայրն ասում է՝ քանոն պարապելու է գնացել, բայց ասածը հիմնավոր չի հնչում։ Հասկանում ենք, որ աղջիկն ուղղակի չի ցանկանում հանդիպել լրագրողներին։ Քիչ անց Արմինեն վերադառնում է տուն՝ հյուրասենյակը լցնելով աշխուժությամբ։ Բազմոցին նստած քանոնն է լարում՝ ինչ-որ բան նվագելու մեր խնդրանքը չմերժելու համար։ Շուտով հարեւան սենյակից լսվում է երաժշտության ձայնը։

Սպիտակ շապիկով 10-ամյա Հրանտն ուղիղ մեր դիմաց է նստում՝ կարծես որեւէ ֆիլմ նայելիս լինի։ Ուշադիր է լսում՝ քիչ-քիչ դառնալով զրույցի մասնակից։

Հրանտը 5-րդ դասարանում է սովորում։ Դասագրքերի գումարի մի մասը՝ 1800 դրամը, դեռ չեն վճարել։

-Դասերդ ո՞նց են անցնում,- հարցնում եմ նրան։

-Նորմալ, էլի,- ժպտում է,- անցած տարի դասերից հետո ընկեր Լիլիթենց տուն էի գնում՝ պարապում էր մեզ, ընկեր Հայկուշն էր դասերից հետո պարապում։

Հացիկի դպրոցում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF) արտաժմյա ուսուցում է կազմակերպում ուսման մեջ դժվարություններ ունեցող երեխաների համար։ Հրանտն էլ է հաճախել այդ դասերին։

Արմինեն սովորում է Արմավիրի արվեստի ուսումնարանի երրորդ կուրսում։ Քանոնահար է։ Ասում է՝ ընկերուհիներից մեկը քանոնի էր գնում, իրեն ասել էր, որ մի քանի դաս գնա հետը, գուցե մտափոխվի, ինքն էլ ցանկանա նվագել։ Այդպես էլ եղավ։ «Հետո էլ բախտս բերեց՝ անվճար ընդունվեցի ուսումնարան, բայց ընկերուհիներս դուրս մնացին։ Էդ տարի մրցակցությունը մեծ էր»,- պատմում է 17-ամյա աղջիկը, ու հավելում, որ ուսումնարանն ավարտելուց հետո աշխատանքի կանցնի հագուստի խանութում։ Արմինեի արտաքուստ աշխուժության տակ տան խնդիրներն են դարսվել։ Երբ մայրը դաշտում աշխատում է, ինքն է տան ճաշը պատրաստում, մաքրությունն անում։

Արմինեի քանոնի հնչյունները խլացնում է դրսից լսվող հարսանեկան երգուպարի ձայնը։

-Արմին, էս էլի Վերջին զանգ ա՞,- հարցնում է եղբայրը։

-Չէ, հարսանիք ա,- պատասխանում է քույրը։

Երբ խոսում ենք երազանքներից, Հրանտն անմիջապես թվարկում է դրանք՝ հեծանիվ եւ ինքնագլոր՝ հովերբորդ է ցանկանում։ Արմինեն, սակայն, լռում է, հետո նշում, որ երազանքներ չունի։

-17 տարեկան աղջիկը ո՞նց կարող է երազանք չունենա,- հարցնում եմ։

-Չեմ ուզում երազել, որովհետեւ բաներ կան, որ հաստատ իրականություն չեն դառնա։ Մեկը հենց էն, որ ուսումնարանը հաստատ կարմիր դիպլոմով չեմ ավարտելու, երկրորդը՝ մեր տան տնտեսական վիճակը, տան վերանորոգումը, մեկ էլ, որ մամայենք առողջանային։ Վերջ։

Ծնողները առողջական խնդիրներ ունեն։ Մարիամը զոբ՝ հանգուցավոր խպիպ, ունի։ Աշխատանքի ժամանակ անհանգստացնում է, բայց բուժման հնարավորություն չունի։ 45-ամյա կինը նշում է, որ ամսական մոտ 10 հազար դրամի դեղ է գնում։

Մարիամը զրույցը կիսատ է թողնում՝ դաշտ գնալու համար։ Առավոտյան 8-ից մինչեւ երեկոյան 5-ը խաղող են հավաքում։ Ասում է, որ երբ տուն է գալիս, մեջքը հազիվ է բարձրացնում, ոտքերն ուռում են։ Ընտանիքը նաեւ ամսական 29 հազար դրամ նպաստ է ստանում։

Հրանտի հետ դուրս ենք գալիս բակ։ Փոքր հողամասում սալորենիներ են։ Համլետն արագ մի բուռ քաղում է, ու Հրանտին խնդրում տոպրակ բերել։

-Ցավդ տանեմ, մի տոպրակ բեր, գոնե էս տարեք ձեզ հետ,- շարունակում է նա։ Մենք հրաժարվում ենք՝ ասելով, որ դեռ մեկ այլ գյուղ էլ պետք է մտնենք։

Հետո մեզ է միանում Արմինեն։ Նրա հետ մեր զրույցը երազանքի մասին ծանր էր։

-Բայց դու երազանքներ կունենաս, չէ՞։

-Դե հա․․․,- ավելի շատ կախման կետերով պատասխանում է Արմինեն։

Այս ընտանիքի հետ հրաժեշտի ժամանակ տխրություն կար։ Երեւան գալու ճանապարհին դեռ մտածում էի 17-ամյա աղջկա՝ երազանք չունենալու մասին ու տխրում։

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter