
Նորաստեղծ «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի տեղամասում վերանշանակվում են նախկին անտառապետերը
Միաձուլումից հետո մասնաճյուղի Դսեղի տեղամասի անտառներում ապօրինի անտառահատումները շատացել են
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Դսեղի և Լալվարի անտառտնտեսությունների միաձուլմամբ ստեղծված «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղն արդեն գործում է: Մասնաճյուղի անտառային տարածքները վերահսկելու և կառավարելու համար «Հայանտառը» մասնաճյուղին չի ապահովել պատշաճ կադրերով և տրանսպորտային ու տեխնիկական միջոցներով: «Մասնաճյուղի միակ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան վերանորոգելու համար տեղափոխել ենք Երևան»,- ասում է օգոստոսի 18-ից «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն նշանակված Կամո Ղարագոզյանը:
Վերջինիս խոսքով՝ Շրջակա միջավայրի նախարարությունից խոստացել են 1,5 ամիս հետո մասնաճյուղին տրամադրել նոր տրանսպորտային միջոցներ և տեխնիկա: Տնօրենի ասելով՝ մինչ այդ «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի 38,2 հազար հա անտառները վերահսկվելու են մասնաճյուղի աշխատողների ավտոմեքենաներով: Դսեղի անտառտնտեսության նախկին տնօրեն Արամ Քոչարյանի խոսքով, Լավարի անտառտնտեսությունը և Դսեղի անտառտնտեսությունը միավորելուց հետո ամեն օր մասնաճյուղի Դսեղի տեղամասի անտառներից միջինը 100 ծառ է հատվում:
Կամո Ղարագոզյանը Դսեղի տեղամասում Դսեղի անտառապետության անտառապետ է նշանակել Նորիկ Ալիխանյանին, ով 2013թ.-ին աշխատել է Լորուտի անտառպետության Մարցի տեղամասի անտառապահ: «Հետք»-ը ժամանակին անդրադարձել է Նորիկ Ալիխանյանի գործունեությանը: 2013 թ.-ին սեպտեմբերի 2-ին նա փորձում էր իր պահաբաժնում ապօրինի հատված 5 բեռնատար ավտոմեքենա փայտը կոծկել: Այդ ժամանակ նա մեզ ներկայացավ Դավիթ Շմավոնյան ազգանունով:
Կամո Ղարագոզյանի ասելով՝ Նորիկ Ալիխանյանը Դսեղի անտառապետ աշխատելու համար փորձաշրջան է անցնելու, եթե իրեն արդարացնի, կշարունակի աշխատել անտառապետ: Ն. Ալիխանյանը վերահսկելու է Դսեղի 5782 հա անտառները: «Նախկինում պահանջում էին անտառը ապօրինի հատել՝ հատում էի, հիմա էլ կպահանջեն ապօրինի չհատել՝ չեմ հատի»,- ասաց Նորիկ Ալիխանյանը:
«Քննչական կոմիտեից մենք նախորդ տարվա նոյեմբերին գրություն ենք ստացել, որ մարցեցի Վաչե Խաչատրյանը չի համապատասխանում անտառապետի պաշտոնին՝ Մարցի անտառապետության տարածքում ունեցած մեծ խախտումների համար: Քննչական կոմիտեն մեզ առաջարկել էր Մարցի անտառապետի պաշտոնից ազատել Վաչե Խաչատրյանին»,-հայտնեց Արամ Քոչարյանը: Վերջինս «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Վահե Մացակյանին երեք միջնորդագիր է ուղարկել Վաչե Խաչատրյանին Մարցի անտառապետի պաշտոնից ազատելու համար։
«Հայանտառ»-ի այլևս նախկին տնօրեն Վ. Մացակյանը չի բավարարել Ա. Քոչարյանի միջնորդագրերը: Հիշեցնեք, որ այս նույն Վաչե Խաչատրյանը, 2013թ.-ի հոկտեմբերին վախեցրեց «Մարց Էներջի» ՍՊԸ-ի կողմից Մարց գետի վրա 3-րդ հէկի կառուցման դեմ բողոքող մարցեցիներին:
Մարցի անտառապետության Ծոփ հանդամասում, Թումանյանի համայնքապետ Լևոն Զավարյանի ամառանոցի հարևանությամբ օրերս մեծ քանակությամբ ծառեր են հատվել: Այդ մասին Լևոն Զավարյանն ահազանգել է «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Կամո Ղարագոզյանին: Վերջինս մեզ հանձնեց Ծոփ հանդամասում հատված 10 ծառերի կոճղերի նկարներ: Վաչե Խաչատրյանին վստահվել է Մարցի 4717 հա անտառների պահպանությունը․
«Օգոստոսի 21-ին ինձ աշխատանքից ազատելուց 3 օր հետո ես հասկացա, որ Դսեղի անտառներում նորից ստեղծվել է ապօրինի հատումների նախկին իրավիճակը»,- ասում է Արամ Քոչարյանը:
Վերջինիս խոսքով՝ չվերահսկվելու պատճառով ամեն օր Դսեղի տեղամասում 100 ծառ է հատվում: Դսեղի տեղամասը միայն «Իքատակ» հանդամասը չէ: Տեղամասի մեջ մտնում են 3 անտառապետություններ: Սեպտեմբերի 11-ին և 15-ին Դսեղի անտառապետության «Իքատակ» հանդամասում լուսանկարեցինք հին և նոր հատված ծառերի 30 կոճղ: Կամո Ղարագոզյանը չհերքեց Դսեղի տեղամասում կատարվող ապօրինի հատումների փաստը:
«Միգուցե, որոշ մարդիկ օգտվել են մեր խառը իրավիճակից և ապօրինի հատումներ են արել: Դսեղի անտառապետության «Իքատակ» հանդամասում մեր կողմից հայտնաբերված ապօրինի հատված 300 ծառերի 20-30 տոկոսը թարմ հատումներ են»,- ասաց նա: «Իքատակ» հանդամասը մարցեցիներին ծառայում է որպես անասունների ամառանոց: Սարվորների 20-ից ավելի շներ իրենց ոհմակով հսկում են անտառի մուտքն ու ամառանոցի տարածքը: Շների ահից ամառանոցի տարածքով օտար ոչ մի փայտահատ չի կարող մտնել անտառ: Չի բացառվում, որ «Իքատակի» անտառներում ապօրինի ծառահատողները թաքնված են հենց սարվորների թիկունքում:
Արամ Քոչարյանն ասում է, որ իր պաշտոնավարման 10 ամիսներին նախկին Դսեղի անտառատնտեսության Դսեղի, Մարցի և Մոտկորի անտառապետությունների անտառներում ստուգել և հաշվառել է վերջին 2-3 տարիներին ապօրինի հատված 3000 ծառ: Ա. Քոչարյանը Լորուտի անտառպետությունում չի հասցրել կատարել ուսումնասիրություններ՝ անտառտնտեսությունները միացնելու պատճառով:
«Ուզում էի մաքրել անտառը, որ ապօրինի հատված ծառ հայտնաբերելիս անտառապետերը չկարողանան ինձ խաբել, թե կտրված ծառը հին է»,- բացատրեց նախկին տնօրենը: Ապօրինի հատված 3000 ծառը Ա. Քոչարյանը կնքել և համապատասխան արձանագրությունները ներկայացրել է «Հայանտառ» ՊՈԱԿ և ոստիկանության Թումանյանի բաժին:
«Հայանտառ»-ի անտառների պահպանության բաժնի պետ Աիդա Մանուկյանը հեռախոսով հայտնեց, որ «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի նախկին տնօրեն Արամ Քոչարյանը պաշտոնավարման 10 ամիսներին կազմել է ապօրինի անտառահատումների 46 արձանագրություն՝ ապօրինի հատված 2748 ծառի և 16 ճյուղերի վերաբերյալ:
Աիդա Մանուկյանի ասելով՝ 46 արձանագրություններից մեկ արձանագրություն, որի հատողը հայտնի է, ուղարկվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, 45 արձանագրություն ուղարկվել է ոստիկանության Թումանյանի բաժին:
Թումանյանի ոստիկանապետ Արտակ Գյուրջանյանը սեպտեմբերի 15-ին հայտնեց, որ Արամ Քոչարյանի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ոստիկանության բաժին ուղարկված 3000 ապօրինի ծառահատումների և այլ արձանագրություններով հարուցվել են քրեական գործեր: Դրանց նախաքննության ընթացքի մասին մենք սեպտեմբերի 17-ին հարցում արեցինք նաև Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Ա. Հովհաննիսյանին:
«Արամ Քոչարյանի կողմից Դսեղի անտառների ապօրինի ծառահատումների արձանագրությունների հիման վրա Թումանյանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել քրեական գործեր, որոնցով ապօրինի հատված ծառերի թիվը կազմել է 2655»,- մեր հարցմանը պատասխանել է Թումանյանի քննչական բաժնի պետ Է. Կարապետյանը:
Մոտ 25 տարի Դսեղի անտառապետության 4-րդ պահաբաժնի անտառապահ աշխատած Արամ Քոչարյանը պնդում է, որ Դսեղի անտառների թալանը կատարում են ոչ թե գյուղացիները, այլ անտառի աշխատողները: Մարցի երբեմնի գյուղապետ Հրաչիկ Հովհաննիսյանը Դսեղի և Լալվարի անտառտնտեսությունների միացումը բարեփոխում չհամարեց. «Ես անտառտնտեսությունների միացումը սխալ եմ համարում, անտառի տարածքը մեծացել է: Մեծացած անտառի հսկողությունը ավելի կվատանա»,- ասաց Հրաչիկ Հովհաննիսյանը:
«Անտառտնտեսությունների միացումը բարեփոխում չեմ համարում, սրա նպատակն ավելի շատ անտառագողերին աջակցելն էր»,- ասում է Արամ Քոչարյանը:
Կամո Ղարագոզյանի խոսքով՝ հոկտեմբերի 15-ից մասնաճյուղում սկսվել են անտառների աշնանային ստուգումները: «Ստուգելու ենք Դսեղի, Մարցի, Լորուտի և մասնաճյուղի բոլոր անտառային տարածքները: Ստուգումներից հետո կտեսնեք՝ ով արժանի չլինի, իր տեղում չի աշխատի»,- ասաց Կամո Ղարագոզյանը: Վերջինս հավատացնում է, թե ամեն ինչ անելու է «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառներում փայտագողությունը բացառելու համար:
Մեկնաբանել