HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոտկորի անտառների ոչնչացումը շարունակվում է

Սեպտեմբերի 2-ին` ժամը 12-ի սահմաններում, Լոռու մարզի Մարց գյուղի  մուտքի մոտ փայտով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի 4 բեռնատար էր կագնած:   

Չհասցրեցինք լուսանկարել, քանի որ վարորդները հեռվից նկատեցին մեզ, և բեռնատարները հանեցին կայանատեղիից: Փայտի օրինական լինելու դեպքում  փայտատերերը մեզնից խուսափելու պատճառներ չէին ունենա: Ժամը 16-ի սահմաններում  կրկին մտանք Մարց, նույն տարածքում կանգնած էր փայտով բեռնված 33 DU 048 համարանիշով բեռնատարը: 

Ավտոմեքենայի մոտ մեզ մոտեցավ մի տղամարդ և ասաց, որ փայտն իրենն է, ինքն էլ գնորդ Դավիթ Շմավոնյանն է:  Տղամարդը ներկայացրեց Դավիթ Շմավոնյանի ազգանունով գրված, սեպտեմբերի 2-ի ամսաթվով 12 խմ փայտի  հատման փաստաթուղթ: «Ես մարցեցի եմ, սա էլ իմ օրինական փայտի փաստաթուղթն է»,- ասաց նա: Վերջինս հայտնեց, որ նույն տարածքում առավոտյան կանգնած փայտով բեռնված ավտոմեքենաները նույնպես իրենն են եղել. «Դրանք սպասում էին, որ իրենց բեռնած  փայտը տեղափոխենք այս ավտոմեքենա»:

Մենք մեր զրուցակցին չհարցրինք, թե եթե մարցեցի է, ինչու փայտը  իր տան բակում բեռնաթափելու փոխարեն փոխադրում է մեկ այլ`33 DU 048 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա: «Շմավոնյանը» ոգևորված խնդրեց  փաստաթուղթը ձեռքին լուսանկարել իրեն, որը մենք կատարեցինք սիրով:

Նկարն էլ մեզ օգնեց հաջորդ օրը պարզել, որ լուսանկարում պատկերված անձը ոչ թե Դավիթ Շմավոնյանն է, այլ Դսեղի անտառտնտեսության Լորուտի անտառապետության Մարցի տեղամասի անտառապահ Նորիկ Ալիխանյանը, ով, փաստորեն, փորձել է կոծկել իր կողմից ապօրինի հատված 5 ավտոմեքենա փայտը: Երբ հաջորդ օրը լուսանկարը ցույց տվեցինք Դսեղի անտառտնտեսության անտառների պահպանության գծով փոխտնօրեն Սերգո Դավթյանին, վերջինս գործից անտեղյակ ասաց. «Հա, ճանաչում եմ, էս Նորիկն է, Մարցի անտառապահ Նորիկ Ալիխանյանն է»:

Նորիկ Ալիխանյանը Մարցում մեր հրաժեշտից առաջ ասաց, որ մեկ անգամ էլ է մեզ հետ գործ  ունեցել. «Մի անգամ էլ Ահնիձորի կշեռքի կշտին ենք հանդիպել, հիշու՞մ եք,  բա առանց գրելու եղա՞ք: Ի՞նչ են արել. մի ամիս էր քարշ էին տալիս»,- ասաց նա: «Քաչալացրել էլ էին»,- կատակեց  զրույցին ներկա մի երիտասարդ մարցեցի:

Դսեղի անտառտնտեսության անտառային տարածքը 14 հազար հեկտար է: Դրանք վերահսկվում են անտառտնտեսության 3`Դսեղի, Մոտկորի և Լորուտի անտառապետությունների կողմից: Լորուտի անտառապետության մեջ են մտնում նաև Մարցի անտառները: Մոտկորի 8 համայնքների` Դսեղի, Չկալովի, Լորուտի, Աթանի, Շամուտի, Ահնիձորի, Մարցի և Քարինջի շատ երիտասարդներ զբաղվում են փայտի գործով: «Շուտով կավարտվի խոտի գործը: Խոտի գործն ավարտելուց հետո սկսվում է փայտի գործը»,- ասաց Ահնիձորի  գյուղացիներից մեկը: Մարցեցի Արտաշ Գևորգյանն էլ ապօրինի անտառահատումների մասին մեր հարցին պատասխանեց. «Թողնում են, գյուղացիներն էլ անում են, չթողնեն`չեն անի»:

Մոտկորի անտառների փեշերին ապրող գյուղացիների համար փայտի գործն ի սկզբանե այնքան շահավետ է եղել, որ նրանցից շատերն իրենց համար «ԳԱԶ 66» մակնիշի բեռնատարներ են գնել: Դրանք  փայտի սեզոնին «մտնում են գործի մեջ»: «Փայտի գործով զբաղվող գյուղացիները կապված են անտառապետերի և անտառապահների հետ, իրենք էլ հատում և վաճառում են ապօրինի փայտը»,- ասաց Դսեղի անտառտնտեսության «Հետքի» աղբյուրը:

Հիշեցնենք, որ Դսեղի անտառտնտեսության ապօրինի անտառահատումներին «Հետքն» անդրադարձել է ինչպես 2011թ. օգոստոսին եւ 2012թ. սեպտեմբերին:  

Լոռու մարզի նախկին, ներկայումս Շիրակի դատախազը Կարեն Շահբազյանն է, ով շատ օպերատիվ արձագանքում էր ապօրինի անտառահատումների մասին  լրատվամիջոցների ահազանգերին, բայց որոշ ժամանակ հետո նրա ցուցումով էին փակվում ապօրինի անտառահատումների գործերը, որի արդյունքում Դսեղի անտառտնտեսության պատասխանատուները մնում էին անպատժելի և ավելի ոգևորված  էին շարունակում իրենց գործը:

Ապօրինի անտառահատումները Մոտկորի անտառներում չեն դադարել անգամ այս տարվա մայիսի 15-ին Վանաձորում Բնապահպանական պետական տեսչության Լոռու մարզի ստորաբաժանման աշխատակից Տիգրան Մելիքյանի կողմից Լորուտի անտառապետության անտառապետ Թոմ Մաթևոսյանի սպանությունից հետո: Ի դեպ, սպանությունից առաջ կողմերի միջև ապօրինի անտառահատման քննարկում է եղել, որի մասին մայիսի 31-ին լրագրողներին հայտնել է Լոռու մարզի դատախազը:

Ապօրինի անտառահատումների այսօր էլ կարելի է հանդիպել Մոտկորի անտառներում օրվա ցանկացած ժամի:

«Հետքի» հետ զրույցում Դսեղի անտառտնտեսության անտառների պահպանության գծով փոխտնօրեն Սերգո Դավթյանն ասաց, որ Դսեղի անտառտնտեսության կողմից պլանային անտառահատումները կատարվում են ինքնապատրաստման եղանակով. «Գնորդները նախապես վճարում են  փայտի համար, դուրս են գրում փայտը, որից  հետո ինքնապատրաստման եղանակով, մեր կողմից հատկացված հատատեղի տարածքից նրանք իրենց ուժերով տեղափոխում են փայտը»:

Փոխտնօրենը անթույլատրելի համարեց առանց անդորրագրի անտառից փայտ տեղափոխելը: Փայտի առաքման այս սկզբունքներն էլ ապահովում են փայտի գործով ազատ ելումուտը անտառ: Փոխտնօրենը նաև ասաց, որ անտառների պահպանության համար պարբերաբար շրջում են անտառներում. «Մենք 2013թ. անցած ժամանակաշրջանում 11 անձի ապօրինի անտառահատման արձանագրություն ենք կազմել»:

Իսկ իրականում Մոտկորի անտառների  ոչնչացումը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter