HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

FinCEN-ի փաստաթղթեր. Ֆինանսական փաստաթղթերի նոր խոշոր արտահոսքը

Աշխարհի մի քանի խոշորագույն բանկեր հանցագործներին հնարավորություն են տվել կեղտոտ փողերը տեղափոխել ամբողջ աշխարհով։ Գումարի ընդհանուր չափը հասնում է 2 տրիլիոն դոլարի, որը պարզ է դարձել հերթական արտահոսած փաստաթղթերից: Խոսքը FinCEN-ի՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության կազմում գտնվող Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի հատուկ ստորաբաժանումից արտահոսած փաստաթղթերի մասին է։

Վերջին հինգ տարիներին սա փաստաթղթերի առաջին արտահոսքը չէ։ Մինչ այդ եղել են Պանամայի և Դրախտային փաստաթղթերի խոշոր արտահոսքերը, որոնք ցույց էին տալիս, թե ինչ կառուցվածք ունեն փողերի լվացման և ֆինանսական հանցագործությունների ժամանակակից սխեմաները։

FinCen-ի արտահոսքը ավելի քան 2500 փաստաթղթերից բաղկացած փաթեթ է, որի մեծ մասը 2000-2017 թվականներին աշխարհի տարբեր երկրների բանկերից ԱՄՆ ֆինանսների նախարարություն ուղարկված հաշվետվություններ են։ Այդ հաշվետվություններում բանկերը տեղեկացնում էին իրենց հաճախորդների կասկածելի գործողությունների մասին, սակայն միայն դրանք չեն համարվում օրենքի խախտման ապացույցներ։

FinCEN-ի փաստաթղթերն ի սկզբանե ստացել են «Buzzfeed»-ի լրագրողները, որոնք ավելի ուշ դրանք փոխանցել են Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումին (ICIJ): Այն համախմբում է 88 երկրների 108 լրատվական կազմակերպությունների ներկայացուցիչների։ 

ԱՄՆ ֆինանսների նախարարության կազմում գտնվող Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի հատուկ ստորաբաժանումը զբաղվում է ֆինանսական շարժերի վերաբերյալ տվյալների հավաքմամբ և ուսումնասիրությամբ։ Ստորաբաժանումն այնուհետ տվյալները փոխանցում է ԱՄՆ կառավարական մյուս ստորաբաժանումներին և հատուկ ծառայություններին։ Բանկերը FinCEN-ին պետք է տեղեկացնեն ամերիկյան դոլարով իրականացվող կասկածելի գործարքների մասին, եթե նույնիսկ դրանք իրականացվում են Միացյալ Նահանգների սահմաններից դուրս։

Կասկածելի գործունեության մասին հաշվետվությունը կամ SAR-ը (suspicious activity report) օրինակ է այն մասին, թե ինչպես են բանկերը ձևակերպում և փոխանցում կասկածելի գործունեության մասին հաղորդագրությունները։ Բանկը լրացնում է կասկածելի գործունեության մասին հաշվետվության ձևաթուղթը, եթե անհանգստացած է ինչ-որ հաճախորդի գործողություններով, որից հետո այն ուղարկվում է FinCEN-ին։

Հանցավոր գործունեությունից ստացվող եկամուտները հաճախ փորձում են օրինականացնել՝ ձեռնարկելով տարբեր գործողություններ։ Փողերի լվացումը «կեղտոտ փողերի» փոխանցման գործընթաց է (օրինակ՝ թմրավաճառությունից կամ կոռուպցիոն երևույթներից ստացվող եկամուտների) հայտնի բանկերից մեկի հաշվեհամարին, որտեղ հնարավոր չի լինի գտնել այդ փողերի կապը հանցավորության հետ։ Այդպիսի գործընթաց իրականացվում է այն դեպքում, երբ այս կամ այն ազգային պատկանելության օլիգարխը, որի նկատմամբ, օրինակ, ԱՄՆ-ն կիրառում է սանկցիաներ, ցանկանում է իր փողերը տեղափոխել, ենթադրենք, դեպի Միացյալ Նահանգներ։

Ենթադրվում է, որ բանկերը պետք է հետևեն իրենց հաճախորդներին՝ կանխելու փողերի լվացմամբ զբաղվելը կամ ֆինանսական միջոցները տեղափոխելը՝ շրջանցելով առկա սահմանափակումները։ Օրենքով բանկերը պետք է իմանան, թե ովքեր են իրենց հաճախորդները։ Այսինքն՝ բավարար չէ միայն SAR-ի ձեւաթուղթը լրացնելը և շարունակել կեղտոտ փողեր ունեցող հաճախորդների հետ աշխատել՝ սպասելով, որ խնդիրը կլուծեն պետական մարմինները։ Եթե բանկն ունի ապացույցներ իր հաճախորդների հանցավոր գործունեության վերաբերյալ, նա պետք է խոչընդոտի փողերի տեղափոխմանը։

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումից Ֆերգուս Շիլը նշում է, որ FinCEN փաստաթղթերի արտահոսքը օգնեց պատկերացնել, թե հատկապես ինչ գիտեն բանկերը՝ աշխարհում կեղտոտ փողերի հսկայական հոսքերի մասին։ Նրա խոսքերով՝ փաստաթղթերում խոսքն անհավանական մեծ գումարների մասին է։ Լրագրողների ձեռքն ընկած FinCEN-ի փաստաթղթերում առկա է տեղեկատվություն մոտ 2 տրիլիոն դոլարի գործարքների մասին, սակայն սա SAR հաշվետվությունների միայն մի փոքր մասն է, որն ուղարկվել է այդ ժամանակահատվածում։ 

Իսկ ինչ է հնարավոր եղել պարզել այդ արտահոսքից։

  • HSBC բանկը խաբեբաներին թույլ է տվել գողացված միլիոնավոր դոլարները տեղափոխել ամբողջ աշխարհով, նույնիսկ այն բանից հետո, երբ բանկը ամերիկացի քննիչներից իմացել է, որ սխեման, որն օգտագործել են իրենց հաճախորդները, կեղծ է եղել:
  • JP Morgan-ը բանկի լոնդոնյան մասնաճյուղերից մեկի հաշվի միջոցով ընկերություններից մեկին թույլ է տվել փոխանցել ավելի քան 1 միլիարդ դոլար՝ նույնիսկ չիմանալով, թե ում է պատկանում այդ ընկերությունը։ Ավելի ուշ բանկը հայտնաբերել է, որ ընկերությունը կարող է պատկանել մի մարդու, որը տարիներ շարունակ եղել է ԱՄՆ-ում ամենաորոնվող հանցագործների տասնյակում։
  • Վլադիմիր Պուտինի մերձավոր անձանցից մեկն օգտագործել է Լոնդոնի Barclays բանկը, որպեսզի շրջանցի արևմտյան պատժամիջոցները։ Փողերի մի մասն օգտագործվել է արվեստի գործերի գնման նպատակով։
  • ԱՄՆ ֆինանսների նախարարության ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանման վերլուծաբանները Մեծ Բրիտանիան անվանում են «բարձրացված ռիսկի իրավասություն»։ Այսպիսի բնորոշում երկրին տրվել է Մեծ Բրիտանիայում գրանցված կազմակերպությունների թվի պատճառով, որոնք երևում են SAR հաշվետվություններում։ FinCEN-ի փաստաթղթերում հիշատակվում է բրիտանական ավելի քան 3000 ընկերություն։ Այս ցուցանիշով Բրիտանիան առաջինն է բոլոր երկրների մեջ։
  • Արաբական Միացյալ Էմիրությունների Կենտրոնական բանկը չի արձագանքել նախազգուշացումներին և քայլեր չի ձեռնարկել տեղական ընկերություններից մեկի առնչությամբ, որն օգնել է Իրանին խուսափել պատժամիջոցներից։
  • Deutsche Bank-ը տեղափոխել է այնպիսի մարդկանց կեղտոտ փողեր, որոնք կապ ունեն կազմակերպված հանցավորության, ահաբեկչության և թմրավաճառության հետ։
  • Standart Chartered բանկը, նույնիսկ տարիներ անց, շարունակել է տեղափոխել Arab Bank-ի փողերն այն բանից հետո, երբ վերջինիս հաճախորդների հաշիվներն օգտագործվել են ֆինանսական ահաբեկչության համար։

Ինչով է այս արտահոսքը տարբերվում նախորդներից։ Վերջին տարիներին տեղի են ունեցել ֆինանսական տեղեկատվության մի շարք խոշոր արտահոսքեր, այդ թվում՝

  • «Դրախտային փաստաթղթեր»-ը (2017 թվական)։ Հետաքննող լրագրողների ձեռքում հայտնվել էին «Appleby» և «Estera» օֆշորային իրավաբանական ընկերությունների բազմաթիվ փաստաթղթեր։ Այս երկու ընկերություններն աշխատում էին միասին՝ «Appleby» անվան տակ, մինչ այն պահը, երբ Estera-ն 2016 թվականին դարձավ անկախ։ Փաստաթղթերը բացահայտել են քաղաքական գործիչների, հայտնի անձնանց և բիզնեսմենների օֆշորային ֆինանսական գործարքներ։ Փաստաթղթերում առկա են եղել նաև հայազգի քաղաքական գործիչների և գործարարների վերաբերյալ տվյալներ։ Այսպես, Սեյշելյան օֆշորում գրանցված «Բրեդվել Ինվեսթմենթ Քորփ» (Bradwell Investmentc Corp.) ընկերությունը մեղադրվել է միլիոնավոր դոլարների լվացման և հարկային խարդախության մեջ: Ընկերության սեփականատերը ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդին էր՝ Արամ Խաչատրյանը։ Կամ, օրինակ, «Վիվառո»-ի հիմնադիր, գործարար եղբայրներ Վիգեն և Վահե Բադալյանները բաժնետեր են Մալթայում գրանցված առնվազն 3 ընկերության: 2008-ին Մալթայում գրանցել են Vivaro Ltd ընկերությունը, իսկ 2015-ի օգոստոսին իրենց բաժնեմասը եղբայրները փոխանցել են Մեն կղզում գրանցված Soft Construct Limited-ին: 2014-ին նրանք Մալթայում գրանցել են եւս մեկ ընկերություն՝ Soft Construct Malta Ltd, որի սեփականատերը կրկին Մեն կղզու գրանցումով Soft Construct Limited-ն է, իսկ 2015-ին Մալթայում գրանցել են FC Capital (Malta) Limited ընկերությունը: 
  • «Պանամայի փաստաթղթեր»-ը (2016 թվական)։ Հետաքննող լրագրողներին հասանելի են դարձել Mossack Fonseca իրավաբանական ընկերության փաստաթղթերը, որոնց օգնությամբ լրագրողները հասկացել են, թե ինչպես են աշխարհի հարուստ մարդիկ իրենց շահերին ծառայեցնում օֆշորային հարկային ռեժիմները։ Դեռ 2016 թվականի մայիսին «Հետք»-ը հրապարակել է ՀՀ այն քաղաքացիների անունները, որոնք հայտնվել են «Պանամայի փաստաթղթեր»-ում։ Նրանց թվում էին Միհրան Պողոսյանը, ՌԴ-ում ՀՀ ներկայիս դեսպան Վարդան Տողանյանը, Ռուբեն Վարդանյանը և այլք։   
  • Շվեյցարական արտահոսք (2015 թվական)։ HSBC բանկի շվեյցարական մասնաճյուղի փաստաթղթերը ցույց են տվել, թե ինչպես է բանկն օգտագործում բանկային գաղտնիքի մասին երկրի օրենսդրությունը, որպեսզի օգնի հաճախորդներին խուսափել հարկերից։ ICIJ-ի հետաքննության համաձայն՝ 2006-2007 թթ. ՀՀ-ին առնչվող 10 անձ 15,4 մլն դոլար է պահել HSBC բանկի շվեյցարական մասնաճյուղում: Այս ցուցանիշով Հայաստանը 203 երկրների մեջ հայտնվել է 146-րդ տեղում: Ըստ լրագրողական հետաքննության՝ վերոնշյալ 10 հոգուց 4-ը եղել է ՀՀ քաղաքացի: Նրանց թվում են եղել Ն.Ս.O.Տ.Տ. Գարեգին Բ-ն, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Շահե արքեպիսկոպոս Աճեմյանը, Երևան քաղաքի գլխավոր ուռուցքաբան Գագիկ Բազիկյանը։
  • Լյուքսեմբուրգի արտահոսք (2014 թվական)։ Հետաքննող լրագրողների ձեռքում հայտնվել են PriceWaterhouseCoopers աուդիտորական ընկերության փաստաթղթերը, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են խոշոր ընկերությունները Լյուքսեմբուրգն օգտագործել հարկային պարտավորությունների կրճատման համար։

FinCEN-ի փաստաթղթերի արտահոսքը մյուսներից տարբերվում է նրանով, որ սրանք այս կամ այն ընկերությունից արտահոսած փաստաթղթեր չեն, այլ ստացվել են աշխարհի տարբեր երկրների բանկերից։ Բանկային հաշվետվությունները և դրանցում որոշակի ընկերությունների ու անձանց հիշատակումները ցույց են տալիս կասկած առաջացնող գործունեության լայն սպեկտրը։ Միաժամանակ հարց է ծագում, թե ինչու բանկերը, որոնք նկատել են այս գործողությունները, միշտ չէ, որ քայլեր են ձեռնարկել իրենց մտահոգությունները փարատելու համար։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ գերատեսչության փաստաթղթերի արտահոսքը և հրապարակումը կարող է մեծ վնաս հասցնել ԱՄՆ ազգային անվտանգությանը, խանգարել իրականացվող հետաքննություններին, ինչպես նաև վտանգի տակ դնել կոնկրետ մարդկանց և հաստատությունների անվտանգությունը, որոնք իշխանություններին են ներկայացնում կասկածելի գործարքների մասին իրենց հաշվետվությունները։ Ընդ որում, ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ կարող է վերանայել փողերի լվացման դեմ պայքարի իր ծրագրերը։

Լուսանկարը՝ ICIJ-ի կայք էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter