
Հայաստանի ֆոնդային բորսան և Cbonds գործակալությունը կնքել են համագործակցության համաձայնագիր
Ռուսական Cbonds գործակալությունը և Հայաստանի ֆոնդային բորսան կնքել են համաձայնագիր Premium Cbonds կայքում գնանշումների և AMX-ում շրջանառվող բաժնետոմսերի և պարտատոմսերի մասին տեղեկատվության արտացոլման վերաբերյալ։ Հայաստանի ֆոնդային բորսայի տարածած հաղորդագրության համաձայն՝ համաձայնագիրը հասանելի կդարձնի հայաստանյան արժեթղթերի մասին տեղեկատվությունը միջազգային մասնագետների շրջանակներին։
Cbonds-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Լյալինը նշել է. «Մեզ համար կարևոր է կայքի օգտատերերին տրամադրել ճշգրիտ և մանրամասն տեղեկատվություն: Cbonds-ի և Հայաստանի ֆոնդային բորսայի համագործակցությունը կապահովի հայկական արժեթղթերի մասին տեղեկատվության ամբողջականություն, ստացման արագություն և հուսալիություն: Հուսով ենք, որ դա կբարձրացնի Ռուսաստանի և այլ երկրների ներդրողների հետաքրքրությունը հայկական արժեթղթերի շուկայի նկատմամբ»։
«Մենք բարձր ենք գնահատում Cbonds-ի հետ համագործակցությունը և հույս ունենք, որ AMX-ի վերաբերյալ համապատասխան տեղեկատվության առկայությունը գործակալության կայքում կբարձրացնի տարածաշրջանի և միջազգային ներդրողների հետաքրքրությունը AMX-ի ֆինանսական գործիքների և ծառայությունների նկատմամբ, ինչպես նաև կնպաստի հայկական և օտարերկրյա թողարկողների արժեթղթերով բորսայական առևտրի ակտիվացմանը»,- ասաց Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։
Այժմ կայքը պարունակում է ավելի քան 600 հայկական պարտատոմսերի և եվրապարտատոմսերի թողարկման մանրամասներ, որոնցից շրջանառվում են ավելի քան 4 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ 130 թողարկումներ։ Ինչպես նաև հասանելի է տեղեկատվություն Հայաստանյան 11 թողարկողների բաժնետոմսերի պարամետրերի, գնանշումների ավարտի և առևտրաշրջանառության արխիվի վերաբերյալ:
Ֆոնդային բորսայում ցուցակվելու համար կարող եք տեսնել ցուցակման ուղեցույցը։ Հայաստանի ֆոնդային բորսայի մասին AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է:
Ֆոնդային բորսայի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:
Մեկնաբանել