HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Կասանդրա» նախագիծը. հետաքննող լրագրողներն ուսումնասիրում են ԱՄՆ-ի ֆինանսական հետախուզությունից արտահոսած փաստաթղթերը

2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Սենատում ստեղծվել էր ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտությունը հետաքննող հատուկ հանձնաժողով։ Այդ հանձնաժողովի հետաքննությունը կարող էր հանգեցնել անկանխատեսելի հետևանքների (նույնիսկ ԱՄՆ նախագահի իմպիչմենտի), սակայն քչերը կարող էին ենթադրել, որ չորս տարի անց այդ հետաքննության արդյունքներից մեկը կարող է դառնալ մինչև 2 տրիլիոն դոլար կասկածելի գործարքների մասին ԱՄՆ պատմության մեջ փաստաթղթերի ամենախոշոր արտահոսքը։

2017 թվականին ամերիկյան «BuzzFeed News» պարբերականի լրագրողների համար հասանելի են դարձել FinCEN-ի՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի գործակալության ավելի քան 2100 գաղտնի փաստաթղթեր։ FinCEN-ը ԱՄՆ ֆինանսների նախարարության գործակալություններից է, որը զբաղվում է հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի լվացման դեմ պայքարի և ահաբեկչության ֆինանսավորման հարցերով։

Բանկերը FinCEN-ին պետք է տեղեկացնեն ամերիկյան դոլարով իրականացվող կասկածելի գործարքների մասին, եթե նույնիսկ դրանք իրականացվում են Միացյալ Նահանգների սահմաններից դուրս։ Սենատի հանձնաժողովը, ինչպես նաև ԱՄՆ իրավապահ մարմինները, որոնք հետաքննություն են իրականացրել ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ, FinCEN-ին հարցում էին ուղարկել Դոնալդ Թրամփի շրջապատի իրականացրած բոլոր գործողությունների, ինչպես նաև Ռուսաստանից կատարված կասկածելի գործարքների վերաբերյալ։ Արդյունքում, 2019 թվականին ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովը հրապարակել է լայնածավալ հաշվետվություն Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի անդամների՝ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ ունեցած կապերի մասին, այդ թվում՝ հատուկ ծառայությունների։

«BuzzFeed News»-ի լրագրողների ձեռքում հայտնվել են ոչ միայն Սենատի հետաքննության հաշվետվությունները կասկածելի գործարքների մասին, այլև ամերիկյան իրավապահ մարմինների այլ գործեր։ Գնահատելով փաստաթղթերի ծավալը՝ «BuzzFeed News»-ի լրագրողները հասկացել էին, որ միայնակ չեն կարող զբաղվել դրանց վերլուծությամբ։ Ավելին, փաստաթղթերում տվյալներ կային ոչ միայն ԱՄՆ-ում, այլև աշխարհի մյուս երկրներում փողերի լվացման լայնածավալ դեպքերի մասին։

«BuzzFeed News»-ը դիմել է ICIJ-ին՝ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումին, որպեսզի կազմակերպվի արտահոսած փաստաթղթերի ուսումնասիրություն և վերլուծություն։

Այս նախագիծը ստացել է «Կասանդրա» ներքին անվանումը։ Կասանդրան եղել է Տրոյայի Պրիամոս արքայի դուստրը, որը կանխատեսել էր Տրոյայի կործանումը։ Նախագծի անվանումն ընտրվել է պատահաբար՝ անվանումների գեներատորի միջոցով։

«BuzzFeed News»-ը չի բացահայտում իր աղբյուրը, որը տրամադրել է կասկածելի գործարքների վերաբերյալ հազարավոր գաղտնի փաստաթղթերը։ Սակայն 2020 թվականի հունվարին FinCEN-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Նատալի Էդվարդսը խոստովանել է իր մեղքը լրագրողներին տվյալների փոխանցման հարցում։ ԱՄՆ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության մեջ չէր նշվում այն լրագրողների և լրատվամիջոցների անունները, որոնց Էդվարդսը փոխանցել է տեղեկատվությունը։

Էդվարդսի նախկին փաստաբան Մարկ Ագնիֆիլոն հունվարին լրագրողներին հայտնել է, որ Էդվարդսի արարքի գլխավոր մոտիվը եղել է արդարության վերականգնումը։ «Նա դիմել է լրագրողներին, որովհետև, ինչպես նա պնդում էր, չէր հավատում, որ պետական պաշտոնյաները կկարողանան լուծել այս խնդիրը։ Էդվարդսն ինձ ասել է, որ հավատում է լրատվամիջոցներին և գիտի, որ նրանք կարող էին լուծել այս խնդիրը և գրավել ԱՄՆ քաղաքացիների ուշադրությունը»,- նշել է Ագնիֆիլոն։

Ներկայում Էդվարդսը սպասում է իր դատավճռին։ Շնորհիվ նրա՝ ոչ միայն ԱՄՆ քաղաքացիները, այլև ողջ մարդկությունն իմացավ այն մասին, թե ինչպես է կառուցված փողերի լվացման գլոբալ համակարգը, որի շրջանառությունը տարեկան հասնում է մի քանի տրիլիոն դոլարի։

Հաշվի առնելով հաշվետվությունները, որոնք ուսումնասիրել են լրագրողները, բանկերի մոտ կասկածներ պետք է առաջանային այն դեպքերում, երբ՝

  • եթե ընկերությունը կամ անձն իրականացնում է խոշոր չափի գումարի խոշոր մասնավոր գործարք,
  • եթե ընկերությունը կամ բանկը գրանցված է օֆշորային գոտում,
  • եթե ընկերությունը կամ բանկը ներառված է պատժամիջոցների ցուցակներում (օրինակ` դոլարով գործարքներ, որոնք իրականացվում են ռուսական բանկերի միջոցով, որոնք գտնվում են պատժամիջոցների տակ),
  • եթե ընկերությունը կամ մարդը հիշատակվում է ԶԼՄ-ների բացասական բնույթի հրապարակումներում (դրանց թվում են, օրինակ, «Պանամայի փաստաթղթեր»-ի մեջ ներառված անձինք, ընկերությունները, որոնց մասին գրել են լրատվամիջոցները),
  • եթե ընկերության վերաբերյալ տվյալներ չկան համացանցում (ոչ կայքէջ, ոչ հիշատակում) և այլն։

Ի՞նչ է սպառնում ընկերությանը կամ մարդուն, որոնք հայտնվում են կասկածելի գործարքների մասին հաշվետվություններում։ Եթե գործարքները կասկած կամ հարցեր են առաջացնում բանկի մոտ, ապա նա կարող է պահանջել հավելյալ փաստաթղթեր փոխանցողի կամ ստացողի, ինչպես նաև գործարքի բնույթի մասին։ Եթե պատասխանները չեն բավարարում բանկին, ապա նա կարող է արգելափակել հաշիվը։ Այնուհետ բանկը պարտավոր է կասկածելի տրանսակցիաների մասին հաշվետվություն ուղարկել FinCEN-ին։ Եվ եթե ֆինանսական հետաքննիչները հայտնաբերեն բացահայտ հանցագործության հատկանիշներ, ապա դրանք կփոխանցեն իրավապահ մարմիններին՝ քրեական կամ վարչական վարույթ հարուցելու համար։ Ընդ որում, ինչպես ցույց է տվել լրագրողական հետաքննությունը, միջազգային մի քանի խոշոր բանկեր հրաժարվել են հաշվետու լինել պետական մարմիններին և հատկապես FinCEN-ին։ Այդպիսի ֆորմալ մոտեցումը առաջացնում է երկու հիմնական ծայրահեղություն։

Մի կողմից, բանկերը բաց են թողնում փողերի լվացման հիմնական դեպքերը, երբ կեղծ ընկերությունները մեկը մյուսին փոխանցում են միլիարդավոր դոլարներ, իսկ փոխանցող բանկերը հարցում են ուղարկում իրենց գործընկերներին թղթի վրա գրված ընկերությունների մասին և ստանում պատասխան, որ դրանք պատկանում են, օրինակ, Մոլդովայից ինչ-որ գյուղացու, որը զբաղվում է, օրինակ, գյուղատնտեսությամբ։ Այդպիսով բանկի «ուսումնասիրությունն» ավարտվում է։ Մի շարք բանկեր հենց այս կետում դադարեցրել են ուսումնասիրությունները։ 

Մյուս կողմից, կասկածելի գործարքների մասին հաշվետվություններում հայտնվել են իրական և բարեխիղճ ընկերություններ միայն այն հիմքով, որ գտնվել են միևնույն բիզնես կենտրոնում, որտեղ գրանցված են եղել կասկածելի գործարքներ իրականացնող ընկերությունները։ Հենց այդ հաշվետվություններն էլ արժեքավոր տեղեկատվության հիմք են դարձել շուրջ 90 երկրների հետաքննող լրագրողների համար։

2019 թվականին ՄԱԿ-ի գնահատականներով՝ հանցավոր գործունեությունից ստացված ամենամյա եկամուտները կազմել են համաշխարհային ՀՆԱ-ի 2-5 %-ը կամ տարեկան 1,6-4 տրիլիոն դոլար։

FinCEN-ի հաշվետվություններում խոսվում է Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտի գործարքների մասին։ Նախորդ տարի Մանաֆորտը ֆինանսական հանցագործությունների, ինչպես նաև ԱՄՆ-ի դեմ դավադրության կազմակերպման ու վկաների վրա ճնշումներ գործադրելու համար դատապարտվել է 7,5 տարվա ազատազրկման։ Այսպես, Մանաֆորտի օֆշորային «Global Endeavour» ընկերությունը գումար է փոխանցել ոմն Կոնստանտին Կիլիմնիկի հաշվին։ Սենատի հանձնաժողովի հաշվետվության մեջ ուղղակիորեն նշվում է, որ Կիլիմնիկը «ռուսական հետախուզության սպա է»։

FinCEN-ի արտահոսքում հիշատակվում են նաև «Պանամայի փաստաթղթեր»-ի «դերակատարները»։ Այսպես, ցուցակում է հայտնի թավջութակահար և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ավագ դստեր կնքահայր Սերգեյ Ռոլդուգինը։ 2016 թվականին լրագրողներին հաջողվել էր պարզել, որ երաժիշտ Ռոլդուգինը չնայած հանրայնորեն հայտարարել էր, թե չի զբաղվել բիզնեսով, իրականում պարզվել է, որ միլիարդավոր դոլարների շրջանառություն ունեցող օֆշորային կայսրության գաղտնի սեփականատեր է։

FinCEN-ի հաշվետվությունները հաստատել են լրագրողների տեղեկությունները և  նորերը հավելել։ Օրինակ՝ հնարավոր է եղել պարզել, որ Ռուսաստանի ամենահարուստ անձանցից մեկը՝ Ալեքսեյ Մորդաշովը, Ռոլդուգինի հաշվին խոշոր գումարներ է փոխանցել։

Հաշվետվություններում նշվում է նաև Ռուսաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Վալենտին Յումաշևի անունը, որը ներկայում զբաղեցնում է Պուտինի խորհրդականի պաշտոնը։ Յումաշևը միլիոնավոր դոլարներ է ստացել Ռուսաստանի մեկ այլ խոշոր մեծահարուստ Ալիշեր Ուսմանովից։

Լուսանկարը՝ headtopics.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter