HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրոպայում սկսվում է կորոնավիրուսի երկրորդ ալիքը. նոր սահմանափակումներ Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում և Չեխիայում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը սեպտեմբերի 22-ին խորհրդարանում հայտարարել է Անգլիայում կարանտինային նոր սահմանափակումների ներդրման մասին։ Նույն օրը երեկոյան իր ելույթի հիմնական թեզերը նա արտահայտել է նաև հանրությանն ուղղված տեսաուղերձով։ Մեծ Բրիտանիայի մյուս հատվածները՝ Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան ինքնուրույն են որոշում իրենց կարանտինային սահմանափակումները։ «Ես ցավում եմ, որ դա կազդի բիզնեսի մեծ մասի վրա, սակայն մենք պետք է գործենք»,- հայտարարել է Ջոնսոնը։

Այդպիսով Անգլիայում, որտեղ չի կարելի հավաքվել վեց հոգուց ավելի, կխստացվեն սահմանափակումները, սակայն փոքր բիզնեսի կորուստների մասին բողոքների ֆոնին, կառավարությունը չի դիմի առավել խիստ միջոցների։ Ջոնսոնն ընդգծել է, որ այդ սահմանափակումները կարող են ուժի մեջ մնալ մոտ կես տարի։ «Այս վիրուսը դարձել է երևույթ մեր կյանքում։ Եվ ես պարտավոր եմ խորհրդարանի անդամներին և ողջ երկրին ասել, որ մեր պայքարը շարունակվում է»,- նշել է Ջոնսոնը։

Վերջին շաբաթներին Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը կտրուկ աճել է։ Սեպտեմբերի 21-ին կառավարության գիտական և բժշկական խորհրդականները զգուշացրել են, որ եթե հիվանդությունը շարունակվի տարածվել նույն տեմպերով, ինչպես հիմա, հոկտեմբերին երկրում օրական կարող է վարակվել մինչև 50 հազար մարդ։

Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը սեպտեմբերի 22-ին հայտարարել է, որ երկրում ժամանակավորապես կարգելվի հյուրընկալվելը։ Այս սահմանափակումը արդեն տարածվում է Գլազգոյի և հարակից բնակավայրերի ավելի քան 1,7 միլիոն բնակչության վրա։ Այսուհետ, Սթերջենի խոսքերով, սահմանափակումները կտարածվեն ողջ երկրի վրա։ Բացի այդ, Շոտլանդիան ևս սեպտեմբերի 25-ից կարգելի ժամը 22:00-ից հետո փաբերի և ռեստորանների աշխատանքը։

Այսպիսով, Շոտլանդիան ներդնում է առավել խիստ կարանտինային միջոցներ, քան Անգլիան, որտեղ դեռևս թույլատրվում են հյուրընկալությունները, չնայած որոշակի սահմանափակումներով։

Լատինական Ամերիկան շարունակում է մնալ այն տարածաշրջաններից մեկը, որտեղ կորոնավիրուսը շարունակում է արագ տեմպերով տարածվել։ Այստեղ արդեն իսկ գրանցվել է կորոնավիրուսի 8,7 միլիոն դեպք։ Սեպտեմբերի 22-ի տվյալներով՝ Մեքսիկայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 700 հազարը։ Լատինական Ամերիկայի երկրներում կորոնավիրուսից մահացել է մոտ 322 հազար մարդ, որոնց 20 %-ը բաժին է հասնում միայն Մեքսիկային։ Նախորդ շաբաթ Արգենտինայում գրանցվել է հակառեկորդ։ Մեկ օրվա ընթացքում այնտեղ գրանցվել է կորոնավիրուսի 13 000 նոր դեպք։ Ամենից բարդ իրավիճակը Բրազիլիայում է, որտեղ վարակվածների թիվը հասել է 4 միլիոնի։ Այս ցուցանիշը 2 միլիոնով պակաս է Միացյալ Նահանգների ցուցանիշներից, որն առաջատարն է աշխարհում։

Լատինական Ամերիկան աշխարհի այն երկու տարածաշրջաններից մեկն է, որտեղ կմատակարարվի կորոնավիրուսի «Спутник-V» պատվաստանյութը։ Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը այստեղ կմատակարարի մոտ 100 միլիոն դեղաբաժին։ Նույնքան էլ կմատակարարվի Հնդկաստան։ Մասնավորապես, մոտ 50 միլիոն դեղաբաժին պատվիրել է միայն Բրազիլիայի Բահիա նահանգը։ Նահանգի առողջապահության նախարար Ֆաբիո Վիլաս Բոասը հայտարարել է, որ եթե պատվաստանյութն ունենա կողմնակի այլ ազդեցություններ, ապա իրավական ողջ պատասխանատվությունը կկրեն ռուսական ընկերությունները։

Սեպտեմբերի 18-ից Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 31 000 նոր դեպք։ Իշխանություններն արդեն իսկ խոսում են կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին։ Ամենից բարդ իրավիճակը Մադրիդում է, որտեղ սահմանափակվել է քաղաքի թաղամասերի միջև երթևեկությունը։

Ֆրանսիայի յոթ պրովինցիաների բնակիչներն Իտալիա մեկնելու համար պետք է ներկայացնեն կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան։ Երկրի որոշ հատվածներում, ներառյալ Իլ դե Ֆրանսում և Ֆրանսիայի հարավում, կտրուկ աճում է վարակվածների թիվը։

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշն էլ հայտարարել է, որ Չեխիան նորից հայտնվել է ծանր իրավիճակում։ Երկիրը օրական կտրվածքով կորոնավիրուսով վարակվածների թվով ԵՄ-ում երկրորդն է։ Այդ մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Յան Համաչեքը։ Նախկինում Չեխիային, ի շնորհիվ ճիշտ ժամանակին կիրառված լոքդաունի, հաջողվել էր խուսափել կորոնավիրուսի լուրջ տարածումից։ Սակայն սեպտեմբերի 21-ին 10 միլիոն բնակչություն ունեցող երկրում գրանցվել է կորոնավիրուսի 1474 նոր դեպք։ Բաբիշը կարծում է, որ այս ամռանը Չեխիայում սահմանափակումների չեղարկումը սխալմունք է եղել։ «Նույնիսկ ինձ շեղեց ամառը և ընդհանուր տրամադրությունը։ Դա սխալմունք էր, ես չէի ուզի այն նորից կրկնել»,- հայտարարել է Բաբիշը։

Լուսանկարը՝ Jeff J Mitchell/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter