HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Հյուպատոսարանի աշխատակից ներկայացած անձն ու կեղծ անշարժ գույքի գործակալը

Սեպտեմբերի 21-ին հրապարակված մեր հոդվածից հետո խմբագրություն էին դիմել մարդիկ, որոնք ևս տուժել են list.am կայքում տեղադրված բնակարանների վարձակալության կեղծ հայտարարություններից։ Նրանցից մեկից գործակալը պահանջել է 25 000 դրամ, իսկ մյուսից 35 000 դրամ կանխավճար։ Հեռախոսահամարներն ու օգտատիրոջ տվյալները նույնն են եղել։

Մեզ դիմած քաղաքացիները ասում էին, որ գործակալը ներկայացել է Սերգեյ անունով։ 

Բացի այդ, ֆեյսբուքյան «Վարձով բնակարաններ» խմբում տեղադրել էինք մեր հոդվածը, հրապարակման մեկնաբանություններում մարդիկ  գրել էին, որ իրենք էլ են դարձել խաբեության զոհ։

Հիշեցնենք՝ գրել էինք, որ list.am կայքի օգտատերերից մեկը վարձակալության է տալիս գոյություն չունեցող բնակարաններ։ Հաշվեհամարը, որի վրա փոխանցվում էր քաղաքացիների կողմից ուղարկվող կանխավճարը, գրանցված էր Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչ Էլմիրա Դաղունցի անունով։

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, խմբագրություն էր զանգահարել մի մարդ, ներկայացել էր որպես Սերգեյ Դավթյան և նշել, որ աշխատում  Դոնի Ռոստովում Հայաստանի հյուպատոսարանում։ 

Մեզ զանգահարողը ասել էր, որ իրեն դիմել են Դաղունց ընտանիքի անդամները, որոնք, կարդալով մեր հոդվածը, շփոթության մեջ են ընկել, քանի որ նրանք ոչ մի կապ չունեն կատարվածի հետ։ Սերգեյ Դավթյանը պատմում էր, որ հյուպատոսարանում աշխատում է որպես խորհրդական, մեր հարցին, թե հյուպատոսարանի ո՞ր բաժնում է աշխատում, Սերգեյը պատասխանել է, որ իր անձին ու աշխատանքին վերաբերող հարցերի չի պատասխանելու, ուղղակի զանգահարել է իր հայրենակցի շահերը պաշտպանելու ու իրականությունը ներկայացնելու համար։ 

Առաջին զրույցի ընթացքում հյուպատոսարանի աշխատակից ներկայացող Սերգեյ Դավթյանը ասել է, որ Էլմիրա Դաղունցը գտնվում է Հայաստանում, իսկ նրա տղան արդեն 9 տարի է՝ Հայաստանում չի ապրում, նշել է, որ Էլմիրա Դաղունցի ինքնազգացողությունը հոդվածը կարդալուց հետո վատացել է, որ նրան տեղափոխել են հիվանդանոց։

Երկրորդ հեռախոսազրույցի ժամանակ  Սերգեյն ասել է, որ Էլմիրա Դաղունցը արդեն 1 տարուց ավել, իսկ որդին՝ Սերոբ Դաղունցը 9 տարի է Հայաստանում չեն բնակվում։ Մինչդեռ Սերոբ Դաղունցը 2014-ին կալանավորվել էր։

Դավթյանն ասել է, որ բանկային հաշիվը, որը գրանցված է Սերոբ Դաղունցի մոր՝ Էլմիրա Դաղունցի անունով, նրանց մոտ չէ, այլ օգտագործվում է Հայաստանում բնակվող մեկ այլ մարդու կողմից, որի տեղը ընտանիքի անդամները չգիտեն։ 

Դավթյանի խոսքով՝ ընտանիքն անհանգստացած է կատարվածի համար, ամաչում է, որ թյուրիմացության պատճառով իրենց անունն է շահարկվում, և պատրաստվում է ներկայացնել իրական փաստեր։

Հավելենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից մեզ տեղեկացրին, որ Դոնի Ռոստովի հյուպատոսարանում Սերգեյ Դավթյան անուն-ազգանով աշխատակից չկա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter