HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազի եղբայրը վաճառել է Դալմայի այգիներում ունեցած տարածքը, բայց ՇՄԱԳ հայտն ինքն է ներկայացրել

Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արտյոմ Օվսյանի եղբայրը` Զավեն Օվսյանը, Դալմայի այգիներում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցելու նպատակով շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ է ներկայացրել ՇՄ նախարարություն:

2020 թ.-ի մարտի 2-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Զավեն Օվսյանին տրամադրել էր նախագծման թույլտվություն: Նախագծման թույլտվության համաձայն` դատախազի տեղակալի եղբայրը Դալմայի այգիներում` Մոնթե Մելքոնյան 10 հասցեում, պատրաստվում է 3 ստորգետնյա և մինչև 18 վերգետնյա հարկ ունեցող շենք կառուցել:

Նա այդ հասցեում 0.333 հա հողատարածք ուներ, սակայն Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի սեփականության վկայականից տեղեկանում ենք, որ Զավեն Օվսյանն այս տարվա հունիսի 4-ին վաճառել է իր հողատարածքը Լևոն Լյուդվիգի Մնացականյանին` տարաժամկետ վճարման պայմանով:

ՇՄԱԳ հայտը, սակայն, ներկայացրել է Զավեն Օվսյանը, ոչ թե նոր սեփականատերը:

Համաձայն ՇՄԱԳ հայտի, էսքիզային նախագծով նախատեսվում է բազմաֆունկցիոնալ շինություն 21.80մ և 60.20մ հատակագծային չափերով` 18 վերգետնյա և 3 ստորգետնյա հարկերով: Վերգետնյա հարկերից առաջին երկուսը նախատեսված են լինելու որպես հասարակական սպասարկման նշանակության տարածքներ, իսկ մյուս 16 հարկերը կլինեն բնակելի: Բնակելի հարկերից յուրաքանչյուրում նախատեսվում է 13 բնակարան: Այդպիսով, 16 բնակելի հարկերում միասին ստացվում է 208 բնակարան:

Շենքի առավելագույն բարձրությունը առաջին հարկի հատակի նիշից 64.60 մ է: Ստորգետնյա հարկերը ծառայելու են որպես ավտոկայանատեղի, դրանցից յուրաքանչյուրն ունենալու է 1915 քմ մակերես: Ընդհանուր կայանատեղիների թիվը կազմելու է 156:

Նախագծի կոնստրուկտորական մասը մշակված է լինելու մոնոլիտ` երկաթբետոնե կոնստրուկցիաներով: Շինարարությունն իրականացվելու է, թույլտվության տրամադրումից հետո, 39 ամսվա ընթացքում: Համալիրի մուտքն ու ելքը կազմակերպվելու է Մոնթե Մելքոնյան փողոցից:

Բնապահպանական միջոցառումների համար ամբողջ շինարարության ընթացքում նախատեսվում է հատկացնել 1,2 մլն դրամ, իսկ շինարարության ավարտից հետո` բարեկարգել և սիզամարգով պատել շրջակա տարածքը:

Տարածքում նախատեսվում է տնկել 7 հատ կարմիր թխկի, 10 hատ գնդաձև ակացիա, 14 hատ գնդաձև իլենի, 3 հատ փռվող գիհի, 8 հատ կատալպա, 2 հատ հուդայածառ, 8 hատ դրախտածառ, 8 hատ ասպիրակ, 7 հատ բարբարիս, 6 հատ սակուրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter