HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազի եղբայրը, քաղաքապետարանի նախկին պաշտոնյան և այլք Դալմայի տարածքում բարձրահարկ շենքեր են կառուցելու

Մաս 3

Մաս 1, Մաս 2

Այս հրապարկմամբ կանդրադառնանք Դալմայի այգիների համեմատաբար փոքր կառուցապատողներին։ Մոնթե Մելքոնյան փողոցի և Ծիծեռնակաբերդի խճուղու մեջտեղում գտնվող հողակտորների վրա ծրագրել են կառուցապատում իրականացնել Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արտյոմ Օվսյանի եղբայրը, Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության նախկին պետ Սամվել Մհերյանը, 2001 թվականին վարչապետի վերահսկողական ծառայության պետ աշխատած և սպանված Գագիկ Պողոսյանի հետ փոխկապակցված անձի ընկերությունը, Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի ազգականի ընկերությունը։

Դալմայի այգիների տարածքում՝ Ծիծեռնակաբերդի խճուղի 11/1 հասցեում, սեփականության իրավունքով 0.2 հա հողակտոր ունի Սամվել Մհերյանը։ Այն գտնվում է «Սահակյանշին» ընկերությանը պատկանող հողակտորի անմիջապես հարևանությամբ։

Սամվել Մհերյանը 2007-2012թթ․ գազասպառող բաժանորդների ներտնային համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայություններ մատուցող «Էյ ջի սերվիս» ՍՊԸ-ում եղել է 16 տոկոսի բաժնետեր, ինչպես նաև տնօրինել է ընկերությունը 2007-2010թթ․։  Քաղաքապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակվելուց երեք ամիս անց՝ 2011 թվականի փետրվարին, մուտք է գործել քաղաքապետարան, և արդեն 2015 թ․-ին զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարութան և բարեկարգման վարչության պետի պաշտոնը։ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից, Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման համակարգում երկարամյա անբասիր և բարեխիղճ աշխատանքի համար, պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։ Սամվել Մհերյանը պաշտոնից ազատվել է 2018 թ.-ի օգոստոսին՝ Տարոն Մարգարյանի հրաժարականից մեկ ամիս անց։

2000 քմ հողակտորը նա ձեռք է բերել 2012 թ․-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 21.08.2012 թ.-ի հ․ 5934-Ա որոշմամբ։ Երևանի քաղաքապետարանից մեզ տրամադրեցին աճուրդով հողեր վաճառելու մասին որոշումը։ Ծիծեռնակաբերդի խճուղու 11/1 հասցեի 2000 քմ հողակտորի մեկնարկային գինը եղել է 50 միլիոն դրամ։ Աճուրդում հաղթող ճանաչված Սամվել Մհերյանը այն ձեռք է բերել 52 միլիոն 500 հազար դրամով։

satellite-small.jpg (1.12 MB)

Սամվել Մհերյանը իրեն տրամադրած տարածքում դեռևս կառուցապատման աշխատանքներ չի սկսել։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2019 թ․-ի  սեպտեմբերի 9-ին Սամվել Մհերյանին տվել է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցելու նախագծման թույլտվություն (Ճարտարապետահատակագծային առաջադրանք)։ Որպես շենքի թույլատրելի բարձրություն առաջադրանքում նշված է․ «Կառույցը Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող հողամասի ստորին հատակագծային նիշից նախագծել 5 կիսաստորգետնյա և մինչև 18 հարկանի՝ 12-րդ հարկից սկսած նահանջով, բնակելի հարկերի բարձրությունը՝ հարկից հարկ ընդունելով 3.30 մ։ Հնարավոր է մասնակի ավելի բարձր շեշտադրում՝ տանիքը սպասարկող աստիճանավանդակների և վերելակների հորանների համար»։ Որպես լրացուցիչ պայման նախագիծը պետք է համալիր փորձաքննության ենթարկվի, այդ թվում՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության։

«Խաչհար» ՍՊԸ-ն սեփականության իրավունքով տիրապետում է Մոնթե Մելքոնյան 16 հասցեի 0.339 հա հողակտորին։ «Խաչհար»-ը ճանապարհաշինական ընկերություն է։ «Հետք»-ը, 2018 թ.-ին անդրադառնալով քաղաքապետարանի հետ խոշոր պայմանագրեր կնքած ընկերություններին, գրել էր, որ ընկերության 100 % բաժնետեր Ռուբեն Բաղդասարյանը ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի ազգականն է՝ հորաքրոջ որդին։ Բաղդասարյանը ՊՆ-ի վարչական տարածքի բարեկարգման աշխատանքներին ակտիվ մասնակցելու համար 2010 թ․-ին պարգևատրվել էր անվանական զենքով։

«Խաչհար» ՍՊԸ-ն քաղաքապետարանի հետ համագործակցության պատմություն ունի։ 2010 թ․-ին ընկերությունը նոր տեխնոլոգիայով ասֆալտապատման ծրագիր է իրականացրել Երևան համայնքում, Գագիկ Բեգլարյանի պաշտոնավարման ժամանակ։ Այլ նախագծեր նույնպես ունի իրականացրած։

Մոնթե Մելքոնյան 16 հասցեի հողը, ըստ քաղաքապետարանից մեզ տրամադրած տվյալների, 2018 թ. որոշմամբ, վաճառվել է աճուրդով։ Հաղթող է ճանաչվել Կարեն Մկրտչյանը և 47 միլիոն 487 դրամով դարձել հողի սեփականատեր։ Հետագայում այդ հողակտորը դարձել է «Խաչհար» ՍՊԸ-ի սեփականությունը։

Ռուբեն Բաղդասարյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ հողը ձեռք է բերել Կարեն Մկրտչյանից, սակայն արժեքը չցանկացավ հայտնել։ Պատրաստվում է այնտեղ շինարարություն սկսել, բայց դեռևս քաղաքապետարանից թույլտվությունների տրամադրման գործընթացը ձգձգվում է։ Մինչդեռ ինքը վարկային միջոցներ է ներգրավել, գրավադրել հողակտորը, որ կարողանա շինարարություն իրականացնել։

«Ո՛չ բնապահպանական, ո՛չ պատմամշակութային, ոչ մի բան չկա տարածքում, ոչ մի բնակիչ չկա, որ բողոքի, բայց արդեն մի տարի է՝ չեմ կարողանում շինարարություն սկսել։ Խնդիր կա ջրի, գոնե թույլ տան ջուրը բերեմ, սենց մնացել է։ Իմ կողքը քանդել են, մյուս կողքը չեն քանդել, վաղը կողքինս հիմքը գցեց, ես քանդեմ, դա ո՞նց է լինելու, էդ հողը սաղ լցվելու է մեջը, ոնց քանդեմ, որ մեջը չթափի»,- ասում է Ռուբեն Բաղդասարյանը։

Ընկերությունն իրեն պատկանող հողակտորի վրա բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցելու նախագծման թույլտվությունը ստացել է 2019 թ․-ի նոյեմբերի 14-ին։ Ըստ ճարտարապետահատակագծային առաջադրանքի՝ կարող է մինչև 22 հարկանի շենք կառուցելու նախագիծ մշակել` 18-րդ հարկից հետ նահանջով։ 2020 թ․-ի մարտի 10-ին բազմաֆունկցիոնալ համալիրի նախագիծը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության շրջանակում հանրային լսման է դրվել։ Դրական եզրակացություն, սակայն, դեռևս չեն ստացել։

Ռուբեն Բաղդասարյանն ասում է, որ Դալմայի այգիների այդ հատվածը գեղեցիկ բնակելի թաղամաս կլինի՝ տեսարանով և ճանապարհային հաջողված ենթակառուցվածքներով։

Անդրադառնալով Աշոտ Արսենյանի հետ բարեակամական կապին՝ Ռուբեն Բաղդասարյանը նշում է, որ իրականում ոչ մի հովանավորություն Արսենյանի կողմից չի եղել։ Ինքը Դաղստանում իր 17 արտադրամասը փակել է հայ-թուրք հարաբերությունների սրացման պատճառով և 1991թ․-ին եկել է Հայաստան, եղբոր հետ հիմնել «Խաչհար» ընկերությունը (երկու եղբոր որդիների անուններով՝ Խաչիկ և Հարություն) և սկսել շինարարություն իրականացնել, մասնակցել պետական տենդերներին։ Այս տարվա մարտին նույնիսկ վիճել է իր մորեղբորորդու հետ։ «Ես ի՞նչ մեղք ունեմ, որ ինքն իմ քեռու տղեն է»,- ասում է Ռ․ Խաչատրյանը։

Նա ավելացնում է, որ «Խաչհարը» մեծ ձեռնարկություն է եղել, խոշոր հարկատու, վերջին մի քանի տարիներին է մի փոքր «խեղճացել»։

satellite-small.jpg (1.12 MB)

Զավեն Օվսյանին պատկանող 0.333 հա հողակտորը գտնվում է Մոնթե Մելքոնյան 10 հասցեում։ Զավեն Օվսյանը Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արտյոմ Օվսյանի եղբայրն է։

2020 թ.-ի մարտի 2-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նրան տրամադրել է նախագծման թույլտվություն, որի համաձայն՝ նախագծվող շենքը պետք է ունենա 3 ստորգետնյա և մինչև 18 վերգետնյա հարկ։ Հունիսի 8-ին էլ Երևանի քաղաքապետարանում նշանակված է եղել նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ լսում։ Դրական եզրակացություն դեռ չեն ստացել:

Զավեն Օվսյանը նաև նույնանուն ԱՁ-ի հիմնադիրն է, որի վերաբերյալ ՊԵԿ-ը երկու անգամ վարչական տույժ է նշանակել՝ չկատարած հարկային պարտավորությունների համար։ Քաղաքապետարանից ստացված փաստաթղթերի համադրմամբ՝ Զավեն Օվսյանի հողակտորը Երևան համայնքից առաջինը ձեռք է բերել «Սահակյանշին» ՓԲ ընկերությունը։ «Սահակյանշին» ընկերությունն էլ այս տարածքում հողի սեփականատեր էր դարձել «ճանապարհ հողի դիմաց» գործարքի արդյունքում։ Ընկերությունը Մոնթե Մելքոնյան փողոցն իր միջոցներով կառուցել է, որի դիմաց համայնքը նրան վճարել է հողատարածքով։

«Ռիմ-Գարուն» ՍՊԸ-ն Ծովակալ Իսակովի պողոտա 12/11 հասցեի 0.3 հա հողակտորի վրա սկսել է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի հիմքերի կառուցումը։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությունն առայժմ տվել է միայն շենքի հիմքերը կառուցելու շինթույլտվություն։ Նախագծման թույլտվության համաձայն` շենքը պետք է լինի մինչև 22 հարկ, 18-րդ հարկից հետ նահանջով։ Ընկերությունը նախորդ տարվա նոյեմբերի 20-ին շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն է ստացել։

Ընկերությունը Իսակովի պողոտա 12/11 հասցեի հողակտորը ստացել է որպես փոխհատուցում։ ՍՊԸ-ն Արշակունյաց պողոտա 28 հասցեում սեփականության իրավունքով հասարակական շինություն է ունեցել, որը Երևան համայնքը քանդել է՝ դրա տեղում տրամադրելով Իսակովի պողոտայի 0.3 հա հողամասը։ «Ռիմ Գարուն» ՍՊԸ-ի շինությունը գտնվել է Կոմիտասի թանգարանին հարող բարեկարգման ենթակա տարածքում, որի պատճառով էլ քանդվել է։ Ընկերությունն այդ տարածքում 25 տարով վարձել էր Երևան համայնքին պատկանող 2500 քմ հողամասը և վրան 164 քմ մակերեսով սննդի կետ էր կառուցել: Որպես շինության նկատմամբ ընկերության ունեցած սեփականության իրավունքի դադարեցման և վարձակալության պայմանագրի խզման գին՝ փոխանցվել է Իսակովի պողոտայի հողակտորը։

22.08.2013թ.-ին Երևանի քաղաքապետի որոշմամբ հողմասերի փոխանակում է տեղի ունեցել։ Արշակունյաց պողոտայի՝ «Ռիմ Գարուն» ՍՊԸ-ն վարձակալությամբ տրամադրած հողամասը փոխանակվում է Իսակովի պողոտային հողամասի հետ։ Ընկերությունը ստանում է հողամասի գնման նախապատվության իրավունքով։ Քաղաքապետի մեկ այլ որոշմամբ Երևանի բյուջեից 20 միլիոն դրամ է հատկացվել ՍՊԸ-ի՝ Արշակունյաց պողոտայի շինությունը քանդելու դիմաց։ 2013 թ.-ի հոկտեմբերի 22-ին քաղաքապետի որոշմամբ Իսակովի պողոտայի նույն հողակտորը ուղղակի ձևով 20 միլիոն դրավ վաճառվել է «Ռիմ Գարուն» ՍՊԸ-ին։ Այդպիսո՝ «Ռիմ գարուն» ՍՊԸ-ն դարձել է Իսակովի պողոտայի հողամասի սեփականատեր։ 

«Ռիմ Գարուն» ՍՊԸ-ն 1997թ․-ին գրանցված ընկերություն է։ 2019թ․-ից այստեղ միանձնյա բաժնետեր է դարձել Երևանի Թումանյան փողոցում բնակվող Նոնա Տիգրանի Պողոսյանը։ Նույն հասցեում է հաշվառված Խաչատուր Գագիկի Պողոսյանը։ Պողոսյանը նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խորհրդական, վարչապետի վերհսկողական ծառայությանը ղեկավար Գագիկ Պողոսյանի որդին է։ Գագիկ Պողոսյանը սպանվել է իր բնակարանից դուրս գալուց՝ դռանն ամրացված նռնակի պայթյունից։ 2001 թ․-ին մեծ աղմուկ առաջացրած դեպի ժամանակ վիրավորում էր ստացել Պողոսյանի 19-ամյա որդին՝ Խաչատուր Պողոսյանը։ Գագիկ Պողոսյանի սպանությունը մինչ օրս չի բացահայտվել։

Չնայած դեռևս նոր են սկսվել կառուցապատման աշխատանքները, սակայն ընկերության բնակարաններն արդեն վաճառքի են հանվել։ «Ար-գո ռիելթի» անշարժ գույքի գործակալությունն է իրականացնում վաճառքը, որը գնորդներին բնակարաններ է առաջարկում է 900 դոլար արժեքով՝ ոչ վերանորոգված տարածքի 1 քմ-ի համար և 1000 դոլար՝ վերանորոգված վիճակում։

«Ռիմ-Գարուն» ընկերության ղեկավարության հետ զրուցել չհաջողվեց։ Ցուցապաստառի վրա նշված համարին նախկին տնօրենը պատասխանեց, ով խոստացավ մեր հեռախոսահամարը փոխանցել նոր տնօրենին, որ նա մեզ հետ կապ հաստատի։ Մեր հիշեցնող զանգից հետո էլ մեզ հետ կապ չհաստատեցին։

Մոնթե Մելքոնյան 44 հասցեում էլ շարունակվում են «Վերածնունդ» երիտասարդական ավանի կառուցման աշխատանքները։ Կառավարության 2018 թ․-ի մարտի 22-ի որոշմամբ Մոնթե Մելքոնյան և Լենինգրադյան փողոցների հատման մասում գտնվող Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող 6.57 հա հողակտորը 457 միլիոն դրամ կադաստրային արժեքով օտարվել է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ին։ Հողն օտարվել է պայմանով՝ այն կարող է օգտագործվել բացառապես «Վերածնունդ» երիտասարդական ավանի կառուցման նպատակով և իր նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան: 52 միլիարդ դրամ գնահատված սոցիալական բնակարանաշինական ծրագրով նախատեսվել է մինչև 2021 թվականը կառուցել 1000 բնակարան, մանկապարտեզ, հասարակական տարածքներ։ Կառուցվող շենքերի բնակարանները մատչելի պայմաններով պետք է տրամադրվեն շահառուներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter