HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հանրապետության 32 դպրոցում ուսուցիչ չլինելու պատճառով քիմիա առարկան չի դասավանդվել

«Քիմիան արվեստ է, որի միջոցով կարելի է ամեն օր արարել»,- ասում է քիմիական գիտությունների թեկնածու, Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատող Արփինե Հարությունյանը: Նրա կարծիքով՝ քիմիան աշակերտները շատ չեն սիրում՝ առարկան ճիշտ չմատուցելու պատճառով: 

 2019-2020 ուսումնական տարվա տվյալներով՝ Հանրապետության 32 դպրոցներում, ուսուցիչ չլինելու պատճառով, քիմիա առարկան չի դասավանդվել, երեքում էլ՝ մաթեմատիկա:

Բնագիտական ոլորտում մանկավարժների քիչ լինելը մեր զրուցակիցը բացատրում է մի քանի պատճառով՝ հասարակության ոչ բավարար տեղեկացվածությունը, առարկաները ճիշտ չներկայացնելը և ուուցիչների դերը: Միաժամանակ այս ոլորտում կան ուսուցիչներ, որոնք ցանկացել են դառնալ մեկ այլ մասնագետ, բայց ինչ-որ հանգամանքների բերումով դարձել են ուսուցիչ: Դիմորդները բժիշկ դառնալու համար ընտրում են քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն առարկաները:

«Արդյունաբերական քաղաքից դուրս եկող մարդը հասարակական գիտություններում ի՞նչ է անելու, եթե հետո պետք է գնա մարզ,  առնվազն որոշակի ոլորտի պետք է համապատասխանի: Արդյունքում զարգացնում ենք որոշ ֆակուլտետներ՝ հանգեցնելով մարզերի երիտասարդության արտահոսքին դեպի Երևան ու Հանրապետությունից դուրս»,- ասում է Արփինե Հարությունյանը:

Մեր զրուցակիցը մտավախություն հայտնեց, որ բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրվածության պակասը կարող է հանգեցնել նրան, որ ստիպված լինենք այդ ոլորտի մասնագետներին արտերկրից հրավիրել, այն էլ` մի քանի անգամ բարձր աշխատավարձով:

Նա օրինակ է բերում, թե ինչպես Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտի) գիտաշխատողները պետության համար դժվար պահին օզոնատորների (շնչառական խնդիրների համար) արտադրությունն իրենց վրա վերցրին,  սակայն պետությունն էլի չաջակցեց. սարքավորումը թարմացնելու փոխարեն նախընտրեցին արտերկրից բերել կամ այլ ընկերության նման հնարավորություն ընձեռել: Սա նշանակում է, որ պետությունը հավատ չունի իր գիտնականի նկատմամբ, չկա ճիշտ քաղաքականություն: Այս ամենի հետևանքով գիտաշխատողները հարցի առաջ են հայտնվում՝ արդյոք պետությանը գիտություն պետք է, թե չէ: Ասում է՝ նույնիսկ երաշխիք չկա, որ մի քանի տարի անց Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը չի փակվի՝ նշելով, որ 2008 թվականից պարբերաբար ինստիտուտի մի հատված օտարվում է:

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Սմբատ Գոգյանը սպասելի է համարում բնագիտական մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրության պակասը: Մատնանշում է, որ մանկավարժությունը բարձր վարձատրվող մասնագիտություն չէ, հետևաբար բարձր որակավորում ունեցող մասնագետների համար հստակ բևեռացում է առաջանում:

«Նախ մանկավարժությամբ ու կրթությամբ պետք է զբաղվեն մարդիկ, որոնք ունեն ինչ-որ մակարդակի կրթական և մասնագիտական բարձր ցենզ, բայց նման որակավորում ունեցողները կարողանում են շատ արագ վերաորակավորվել և 3-4 ամսվա ընթացքում ուսանելուց հետո աշխատել որպես ծրագրավորող` ուսուցչից մի քանի անգամ բարձր վարձրատրվելով: Հետևաբար հարց է առաջանում` անձը, որը մտածում է իր անձնական ապահովության մասին, ինչու պետք է ընտրի ուսուցչի մասնագիտությունը»,- ասում է Գոգյանը:

Սմբատ Գոգյանը դասավանդել է դպրոցում և այն կարծիքին է, որ դպրոցը կրթական ստեղծագործ միջավայր, այն «գործ է, պետք է անենք վիճակն է», որտեղ ուսուցչին չի տրվել ստեղծագործական ազատություն, տնօրենը կրթական հարցերի վերաբերյալ որոշում կայացնելու լեգիտիմ իրավասություն չի ունեցել: Պատճառներից գլխավորն եղել է այն, որ ընտրությունների ժամանակ կրթական համակարգը նպաստել է քաղաքական իշխանության վերարտադրմանը: Ուսուցիչների միջին տարիքը գնալով աճում է, և ինչ-որ պահից հետո դպրոցներում տոտալ դատարկություն կարող է լինել: 2020-2021 ուսումնական տարում ԵՊՀ-ին առընթեր ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում (Հայաստանում ֆիզմաթ մասնագիտացված մեկ դպրոց կա) երկու թափուր հաստիք է եղել` մեկը ֆիզիկայի, մյուսը` պատմության ուսուցչի:

Հեղափոխությունից երկու տարի անց այդպես էլ չկա ուսուցիչների մոտեցումները փոխելու, վերապատրաստելու ինստիտուցիոնալ կառույց. վերապատրաստումը չի կարող մի քանի ամսվա աշխատանք լինել:

«Գլխավորն այն է, որ կրթությունը սարքենք օրակարգ, հիմա կրթությունն օրակարգ չէ: Երկրում քաղաքական պրոցեսներից բացի՝ ուրիշ օրակարգ չկա: Կրթության դերի մասին խոսում ենք, սակայն մեր գործողություններում որևէ կերպ չենք կարևորում այն: Եւ քանի դեռ երկրում ծանոթով աշխատանքի ընդունվելն ավելի հեշտ է, քան` ըստ սեփական ընդունակությունների, հարցը չի կարող ռացիոնալ լուծում ստանալ: Պետք է քայլեր ձեռնարկվեն, որ կրթություն ստանալը ձեռնտու լինի, երբ ձեռնտու լինի, մարդիկ կսկսեն կրթություն պահանջել, իսկ երբ պահանջեն, լուծում էլ կլինի»,- եզրափակում է Գոգյանը:

Կենսաբանական գիտությունների թեկնածու Ֆլորա Սարուխանյանն ուսումն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Գիտությունների ազգային ակադեմիայի Կենսաքիմիայի ինստիտուտում: Դեռ մանկուց ընդգծված սեր է ունեցել բնության նկատմամբ, և չնայած ի սկզբանե մտադրություն է ունեցել բժշկական համալսարանում ուսանել, սակայն այժմ հետադարձ հայացք գցելով՝ ափսոսանք չունի իր կայացրած ընտրության համար: Ընտրած մասնագիտության շնորհիվ նախևառաջ մեծացել է աշխարհհայացքը, ասում է` բնագիտությունն առհասարակ կյանքի հիմքն է, առանց դրա կյանքը հնարավոր չէ պատկերացնել: Դա իր կյանքն ավելի է հետաքրքրացրել, հարստացրել:

«Մեր հասարակության մոտ որոշակի մասնագիտությունների նկատմամբ պահանջարկ կա, ասում են` դիմիր տնտեսագիտական, ծրագրավորում, բաժիններ, որտեղ մասնագետը բարձր է վճարվում, գիտությունը մեզ այդքան էլ հետաքրքիր չէ, առավել ևս բնագիտության ուղղվածության»,-ասում է Ֆլորան:

Ուստի պետք է փոխվի ոչ միայն հասարակության մոտեցումը, այլև՝ Կառավարության: Խնդիր է այն, որ չկա հստակ ռազմավարություն, թե պետությանն ինչ է հարկավոր գիտությունից: Եւ չնայած վարչապետը կարծես թե կողմնորոշել է հասարակությանը դեպի տեղեկատվական տեխնոլոգիաներ, սակայն միայն ասելը բավարար չէ, պետք է լինի հստակ ռազմավարություն, թե օրինակ բնագիտական ուղղություններն ինչ կարող են տալ պետությանը:

Եթե ամբողջ աշխարհի գիտությունը հենվում է բնագիտության վրա, ապա մեզ մոտ այն անտեսված է: Գիտաշխատողները ստիպված են աշխատել իրենց հետաքրքրությունների ու հնարավորությունների սահմանում, մեկ այլ խնդիր էլ կա՝ գիտական ինստիտուտների նյութատեխնիկական հնարավորությունները:

Ֆլորան պատմում է, որ մի քանի տարի առաջ բժշկական համալսարանը մեծ կոնֆերանս էր կազմակերպել, որին հրավիրված էին նաև Նոբելյան մրցանակակիրներ, մի իսրայելցի գիտնական ներկայացրել է իրենց պետական ծրագրի մասին: Նախադպրոցական կրթական ծրագրում պարտադիր ներառվել է բնագիտությունը, որպեսզի սկսած մանկապարտեզից՝ երեխան սովորի, թե ինչ է բնությունը, և աստիճանաբար ձգտում ունենա դեպի բնական գիտություններ:

Վերջին երկու տարվա ընթացքում պետական մակարդակով գիտության նկատմամբ հետաքրքրության աճ գիտաշխատողը չի նկատել: Դեռ նախորդ իշխանություններից նույնն են պահանջել` ստեղծել պայմաններ, որ գիտությունն էլ արդյունք տա, սակայն պատասխանը մեկն է եղել` ինչ արդյունք եք տալիս, որ ինչ պահանջեք:

«Դա երկուստեք մոտեցում պետք է լինի, գիտնականը գցի Կառավարության վրա, Կառավարությունը` գիտանականի, հարցը չի լուծվում, ու մենք տեղից չենք շարժվում: Պիտի թեկուզ փոքր-փոքր քայլերով, օրինակ՝ մի տարի ինստիտուտը ոտքի կանգնեցնել, կարողանան իրենց նյութատեխնիկական բազան հարստացնեն, հետո անցնենք մյուսին: Նախևառաջ պետք է հարց հնչեցնել, թե արդյոք գիտությունը հարկավոր է մեզ, թե ոչ, քանի որ գիտությունը թանկ հաճույք է` այն էլ մեր երկրի համար»,- ասում է մեր զրուցակիցը:

Լուսանկարները` Անի Սարգսյանի, գլխավոր լուսանկարը` Նարեկ Ալեքսանյանի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter