HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«բուդդան ցած է նետվում կիեւյանից»․ փոքրատառ պատմության ֆրագմենտ

գրում է «ինչ-որ պահից սկսած ես հասկացա, որ լրիվ ամայացել եմ, որ ամայացրել եմ շուրջս»։

գրում է «ես առ ոչինչ էի, դատարկություն, զրո, ունեի մեկը մյուսից ծանր անձնական անդառնալի կորուստներ»:

գրում է «իմ ողջ էությամբ ներողություն եմ խնդրում իմ բոլոր ընկերներից, հարազատներից, ինձ սիրող ու հանդուրժող մարդկանցից, նմանապես ինձ արհամարհող ու ինձնից խորշող մարդկանցից, ծանոթներից ու անծանոթներից»։

Պաչյանի նամակի ֆրագմենտներն են, որ երեկ ստացա էլեկտրոնային փոստի միջոցով, իսկ դրանից մեկ օր առաջ արդեն «P/F»-ն էր ձեռքիս՝ Պաչյանի նոր, աչք ծակող կազմով գիրքը, որի աջ անկյունում սեւով կարմիրի վրա գրված է՝ «վեպ»։

2013-ին սկսած վեպի հիմնական մասն Արամն ավարտել է 2016-ին, հետո վերսկսել 2019-ից։ «Մինչեւ վերջ գրել եմ, փոփոխել եմ երեւակայի ամեն ինչ․․․ Նույնիսկ տպարանում»․ գրում է Արամը․ «գրել եմ կաֆեներում, տարբեր փողոցներում, մեքենայիս մեջ․․․Որտեղ պատահի, որտեղ ի վիճակի եմ եղել»։

Արդեն վաղը՝ սեպտեմբերի 26-ին, «Միրզոյան» գրադարանում տեղի կունենա գրքի շնորհանդեսը։ Մինչ այդ զրույցն է, որ Արամի հետ ունեցա, եւ, որը հրապարակելու եմ ամբողջությամբ՝ առանց սրբագրման՝ պահպանելով բոլոր այն գծերն ու միջամտությունները, որոնք «տեղավորել» է Արամը։

——————————

Միջանկյալ

Այսպիսով։ Վեպը կարդացի մեկ օր առաջ, ավելի ճիշտ՝ ֆրագմենտները «շնչեցի»  մեկը մյուսի հետեւից, հետո՝ Պաչյանի նամակը ստացա, որ էլի ֆրագմենտալ էր, հիշեցի, ոնց ուղիղ 3 տարի առաջ, երբ Արամը #բալկոնում էր, մեջբերեց Սիմոնա Վեյլնին․ «միայնությունը իրեն հնարավորություն է տալիս ուշադիր լինել», ու, հիշողության այդ կտորը «տեղավորելով» ֆրագմենտների մեջ, աշխատանքային դոկումենտը բաց՝ քնեցի (հազվադեպ պատահող բան է)։

Ու հիմա ճիշտ եմ համարում պատմել երազս, չնայած որ միջանկյալ այս պատմությունը, որ «իրական» չէ, գուցե որեւէ մեկին առանձնապես չհետաքրքրի, բայց այսկերպ պիտի տպավորությունս տեղավորեմ։

Երազը։ Սեպտեմբերի 24-ն է, Կիեւյանի դարպաս-աշտարակներից աջի վրա կարմիր մեծ կտորին սեւ տառերով նշված է ամիս-ամսաթիվը (ինչպես «վեպ» բառը գրքի կազմին), ձախի վրա՝ ժամն է՝ 00։00 (ինչպես «արամ պաչյան»՝ գրքի կազմին), մարդիկ կարմիր ահռելի կակաչներով հերթով մոտենում են կամրջին, մեջտեղով գետ է հոսում, հունը խփում է ասֆալտին, ոստիկանները ուշադիր են, որ որեւէ մեկը գետը չմտնի։ Շարքը ձգվում է, հրահանգ՝ «կա՛նգ առ»։ Շարքը կանգնում է։ Հրահանգ՝ «նետվի՛ր»։ Կիեւյանի կենտրոնական մասից՝ աջ եւ ձախ կողմերից, ահռելի կակաչները սեղմած կրծքներին, մեկիկ-մեկիկ նետվում են․․․ Ու այնպես չէ, որ հրահանգ խախտողին պատիժ է հասնում․․․ Այդպես ամեն րոպեն մեկ «կակաչավորները» նետվում էին ազատ ու անկաշկանդ, համաձայնեցված ու առանց վարանելու․․․8-րդ նետվողների հետ արթնացա»։

Արամ, «P/F»-դ ոնց որ բաժակի մեջ բտած սառույց լինի, որ կեսից հալվում, աջ ու ձախ է խփվում, մինչեւ ջուր դառնա, լցվի ներսդ, կորչի։ Հետո՝ ավելի ուշ, նորից էդ սառույցի կարիքը կա, բայց խփված տեղին դնելու, ցավ չզգալու համար։ Ֆրագմենտները հիմնականում հասցնում են այնտեղ, որտեղ այլեւս անհնար է, որտեղ «հոգիդ համբերությամբ կսպասի երկնքի վայրէջքին» ինչպես որ գրել ես։

Ես ուզում եմ ուղիղ լինել. էլ միջոց ու ետդարձ չկա ուղիղ չլինելու համար. ուրեմն «P/F»-ը իմ հոգևոր ապականության հայելին է, թե որպես մարդ, թե որպես հեղինակ: Ինչ-որ պահից սկսած ես հասկացա, որ լրիվ ամայացել եմ, որ ամայացրել եմ շուրջս: Պատճառները խորն են, գրեթե անհատակ: Պատճառները հարյուրներով են, դրանք կապ չունեն ինձ հետ ու իհարկե կապ ունեն ինձ հետ: Դրանք իմ մանկության, պատանության ու հասունության սպիներն էին, միջավայրերն էին, որտեղ ձևավորվել էի, իմ ահռելի, անհավանական մեծ ու դրանով սարսափելու աստիճան ճղճիմ «Ես»-ն էր՝ կենդանու ու մարդու արանքում իրար անցած, կենդանու մարդու արանքում լռված խոսող դիակը, որ ոչ սիրել գիտեր, ոչ ապրել, ոչ հարգել, ոչ ճանաչել մարդկանց, ոչ ճանաչել կյանքը:

Ես առ ոչինչ էի, դատարկություն, զրո, ունեի մեկը մյուսից ծանր անձնական անդառնալի կորուստներ: Ու քանի այս առիթը կա, իսկ կարող է այլևս չլինել, ես իմ ողջ էությամբ ներողություն եմ խնդրում իմ բոլոր ընկերներից, հարազատներից, ինձ սիրող ու հանդուրժող մարդկանցից, նմանապես ինձ արհամարհող ու ինձնից խորշող մարդկանցից, ծանոթներից, ու անծանոթներից, ում վիրավորել եմ, ում հասցեին չարախոսել եմ, վատաբանել, ում ստել եմ, ում նախանձել եմ, ումից երես եմ թեքել, ում՝ կորցնելու վախից քծնել եմ, ում տված ահռելի սերը փոշիացրել, ցեխն եմ շպրտել:

Ես ներողություն եմ խնդրում՝ ասելով, որ խորքում ես մեղավոր չեմ, որ մարդ եմ, բայց իհարկե ես մեղավոր եմ, որ մարդ եմ ու անկեղծ ասում եմ՝ վերջին հաշվով ես չգիտեմ, թե ինչ է մեղավոր լինելը ու չգիտեմ, թե ինչ է մեղավոր չլինելը: Բայց ուզում էի, շատ էի ուզում ներողություն խնդրել ու հիմա խնդրեցի:

Վեպս սկսվեց 2013 թվականից, հենց այդ առ ոչնչից, ոչ մի տեղից, որը կարող է և համոզել, որ ինքը ամենակայուն տեղն է, քանի որ ոչինչը հաստատ ինչ-որ տեղ է: Ես Ձեն-բուդդայական դպրոցի փիլիսոփայությանն ու վարքաբանությանն այդ շրջանում եմ ծանոթացել, չնայած դեռ իմ պատանության տարիների սիրելի գրքերից մեկը՝ չինական հին գրականության կոթողներից էր՝ «Գիրք փոփոխության», որը միշտ ուսապարկիս մեջ էր: Իրականում ես արևելյան իմաստասիրություն չէի փնտրում, դրա էկզոտիկ ու հոգևոր կողմը չէի փնտրում: Ես ինքս ինձնից էի ուզում ապաքինվել, ինքս ինձնից էի ուզում ազատագրվել, իմ երկվությունից, ինձ շրջապատող աշխարհից: Ես անկեղծ չէի նաև Ձենի հետ, հերթական անգամ օգտապաշտորեն բանեցնում էի այն, որպեսզի գիշատիչ «Եսս» փոքր ինչ հագենա: Մնում էր գրելը՝ այնպես ինչպես հնարավոր է, ինչպես ստացվում է: Ու վեպում ապրումների ու փորձառության բոլոր հետքերը առկա են՝ Ձենի կոանները, որոնք ընթերցողին ֆրագմենտներ կթվան, ընդունված ու ճանաչելի իմաստների բացակայությունը և իհարկե անիմաստության հանդեպ մեծ հավատն ու մխիթարանքը, ապա պատմողի, P/F-ի, սևի, ֆիլի, արամի հանկարծահաս սատորինները:

․․․եւ կղզին, որ ամեն ինչ էր բացի կղզի լինելուց։

Գրքում մի տեղ գուցե սևը, չեմ հիշում կամ գուցե հենց P/F-ը ասում է՝ «Ես ես չեմ», «Ես եկել էի ասելու, որ ես ես չէի»: Հիմա գիտեմ՝ կղզին երբեք չի կարող կղզի լինել, ես երբեք չեմ կարող ես լինել. ես ոչ Սևակ Թամամյանն եմ, ոչ Արամ Պաչյանը: Միայն կարող եմ ցանկանալ ինչ-որ բան: Ես կարող եմ միայն ինչ որ բան լինելու ցանկությունը վերապրել․ այդքանը:

․․․ եւ սեւը հասկացավ, որ միակ բանը, ինչի համար արժե մեռնել ու միակ բանը, ինչի համար արժե ապրել՝ ցավն է։

սևը, ինչպես և ես, բուժաշխատողների ընտանիքում ենք մեծացել՝առնչվելով ցավի ու դրա շուրջ պտտվող երեխայի հոգին տակնուվրա անող ակնարկների հետ: Մենք իրոք սարսափում էինք ցավից, որի դեմ կենաց-մահու կռիվ էր տալիս սևի ու իմ հայրը՝ Հադրութից, Գետաշենից, Ստեփանակերտից ուղարկելով մարդկանց մարմիններից հանած փամփուշտները, արկերի բեկորները, որպես ցավի պատճառ ու ցավից մնացած հուշ: Հետո սևը կամ ես՝ մենք, սիրեցինք ցավը, ինչպես սիրում են ամենադաժան, բայց ամենակարևոր թշնամուն: Այդպես լինում է:

․․․ չխոսե՛լ, էլ երբե՛ք չխոսել։

Լեզուն ինձ երբեք չի արտահայտել, առավելապես բանավոր խոսքը՝ երբեք: Լեզուն մեծ խաբեբա է: Լեզվի սուտը ասես նրա կենտրոնական նյարդային համակարգը լինի, որից սնուցվում է, որով ապրում է - ու ազնվորեն: Խոսելիս երբեք չեմ կարողացել արտահայտել ու փոխացնել այն, ինչ իսկապես զգում եմ, դա եղել է մասամբ, եղել է կեղծ, սուտ, հորինում այնպես, ինչպես ավելի շատ բանավոր խոսքն է կարողանում ոտի վրա կեղծել, ստել ու հորինել:

Առ այսօր մարդկանց հետ նորմալ խոսելու ունակություն չունեմ, միշտ չգիտեմ՝ ինչ խոսեմ, ինչու խոսեմ, ինչպես խոսեմ: Լավ, ի՞նչու է խոսքը ինձ այլ կերպ դիրքավորում, քան ես իրականում կամ: Մինչդեռ շարունակում եմ խոսել, մեկ-մեկ խայտառակ թութակել, հիմարության մեջ գագաթների հասած թութակի անսպառ եռանդով: Ահա, թե ով և ինչ է լեզուն – նաև:

 

Տարածությունն անընդհատ շարժվում է ստատիկ պատկերը հա՜ լողում է ձեւափոխման ու ձեւախեղման ընթացքի մեջ։ Այն, ինչ կար, էլ չկա։ Այն, ինչ կար, գուցե չէր էլ եղել։ Հարաբերությունը մնում է շատ անսպասելի դիպվածի հույսին օրը կավարտվի, եթե ծաղկավաճառը ներկա լինի իր տեղում, ու «ասելիքդ սափորես»․․․ Սափորես, որովհետեւ դու էլ տեղում եղար։

Հա, «ձեւափոխման ու ձեւախեղման ընթացքի մեջ»: Ամբողջ վեպը ձևերի ուռճացում է, փլուզում, ու խեղում, ինչպես նաև իմաստների – բայց երբ ապակառուցում ես ձևը, ապակառուցում ես իմաստը, միևնույնն է դրանք նոր ձևերի ու իմաստների են հանգեցնում, թեկուզ անճանաչելի – ինձ համար դա բնության օրենքն է, Վալերիի՝ /կարգի ու անկարգության/ վտանգավոր մենամարտը:

Ես գիտեմ, որ «P/F»-ը ընթերցելիս իմաստային բնույթի հարցեր են ծագելու՝ ինչ իմաստ ուներ այս կամ այն կտորը, այս կամ այն կոանը, այս կամ այն արտահայտությունը, լուրի նմանվող տողը: Դա նույնն է, թե հարցնել՝ ինչ իմաստ ունես դու, ինչ իմաստ ունի ընդհանրապես կյանքը, գրականությունը, լեզուն:

Մեծ հաշվով ամեն ոք ինքն է որոշում իմաստների ու ձևերի դասավորությունը, ինքն է չափ տալիս դրանց: Հիմա կասկածանքով եմ վերաբերվում հաճախ գործածվող «ասելիք» բառին: Ո՞րն է այս գրքի ասելիքը: Ասելիք ունի՞ հեղինակը, թե ոչ:

«P/F»-ում այդ չարչրկված ասելիքները հնարավորինս սափորել եմ, որպեսզի խորքերից տեղափոխեմ մակերես, դեպի վճիտություն, որ երևա սափորը, այլ ոչ թե դրա մեջ թաքցրած ասելիքը:

․․․Բայց հրաժարումն անհնար է թվում, որքան էլ սուզվես «թարմ, բուրավետ վերմակի տակ ու քնես»։ Տրամվայը Երեւանին վերադարձնելու քո (սեւի) խնդրանքը նույն այդ վերմակի տակից շշնջալու պես մի բան է, «կարմիր» ապստամբությունդ՝ անհնար ու տեքստդ էլ լսելու է, կարդալու չի․․․ լսում ես մի բան, որն այլեւս չկա։ «Լսում ես» հիշողությունը։ Ինչպե՞ս հրաժարվես հիշողությունից։

Իրականում սևը ինքն իրեն է խնդրում, ինքն իր հիշողությունից է խնդրում, որպեսզի տրամվայը ի վերջո վերադառնա քաղաք՝ իր հիշողության-Երևան, որտեղ կախարդանք կար, ամբողջականության պատրանք կար, ձայներ կային: Տրամվայի դըխկ, դըխկոցներն ինձ համար Երևան քաղաքի սրտի զարկերն էին: Հետո սիրտը կանգնեցվեց՝ մնաց սրտազարկի հիշողությունը, որը երբեմն ոչ միայն գիտակցության մեջ ես պատկերում, բուռ-բուռ հավաքում, վերականգնում, այլ նաև լսում ես:

Տարիների ընթացքում հիշողությունը ինքն իրենից է հրաժարվում, որքան ուզում ես ջանա, միևնույն է, հեռանալու է և շատ հանգիստ՝ համոզելով, որ ոչինչ չի եղել:

Ու համոզվելու ես, որ ոչինչ չի եղել:

Ու նորից ինչպե՞ս հրաժարվես, երբ Գետառը շարունակում է շաղ տված առաջ բրդել «կրծած խնձորը, փսլինքը, դավոյի սատկած շանը, շինարարական աղբը․․․»։

Երբ հիշողությունդ ոչ թե երեկվանն է, այլ վաղվանը, երբ «շան պոչով» խառնում ես սուրճդ․․․ Այնպես, ասես քաղաքն է, որ խելքը թռցրել է, ոչ թե սեւը, ֆիլը, արամը․․․

Խաչատուր Աբովյանի՝ Քանաքեռից, Երվանդ Շահազիզի՝ «Հին Երևանից», Բակունցի՝ «Րևան, Րևա՜նից» ու «Պրովինցիայի մայրամուտից», Մ. Արմենի՝ «Երևանից», Միքայել Մանվելյանի անավարտ՝ «Երևանից», Վիոլետ Գրիգորյանի՝ «Քաղաքից», Գրիգոր Պըլտեանի «Շրջումի»՝ Փարիզից ու Բեյրութից, Ժուլյեն Գրակի «Մի քաղաքի ձևը»՝ Նանտից, անշուշտ Ջոյսի «Դուբլինցիներից» – ահա ինչ տեղերից է հոսում«P/F»-ի Երևանը, ինչ տեղերից է սնունդ առնում Երևանի կալանված Գետառը:

Կա՞ մի քաղաք, որտեղ գետը բանտարկյալ է – եթե այո, ուրեմն բանտարկյալ է քաղաքի ժամանակը, բանտարկյալ է անվերջությունը, քաղաքի կյանքն ու հույսը: Այդ քաղաքը՝ Երևանն է: Մեքենաները անցնում են բանտարկված գետի վրայով, մենք քայլում ենք կենդանության վրայով՝ ամեն օր տրորելով նրա հոգին, նրա մարմինը:

«P/F»-ում սևը և իր ընկերը գիշերով Աբովյանի՝ «Վերք Հայաստանի» հերոսի՝ Աղասու շիրմաքարն են փնտրում: Դա նոր լեզվի փնտրտուք է, նոր լեզվի անհրաժեշտություն, մերօրյա իրականությունը ընթերցելու ունակ նոր պատմելաձևի կարիք, աղավաղված Երևանի ու նրա ապագայի որոնում: Մինչդեռ փնտրողները՝ սևը և իր ընկերը, արդեն մարդիկ էլ չեն, նրանք անստվեր են, անմարմին, անգամ ուրվականներ չեն, ոչ էլ վամպիրներ: Իսկ նոր, կենարար բան փնտրել-գտնելու համար առնվազն պիտի ստվեր ու մարմին ունենաս:

«P/F»-ի ավարտը` Գետառը, որ գրվել է 2013 թվականին, փոխում է վեպի ողջ հնչերանգը, գուցե նաև վեպի ողջ իսկությունը:

Մեծ հաշվով վերջին դրվագում Գետառը հին, ծեծված, բայց դեռ թարմությունը պահպանող ճշմարտությունն է հևում՝ «Շատ մի ատիր՝ սիրել կա»:

․․․ Եվ միայնության հետ սենյակում հաշտ նստածը մի օր նայելու է պատուհանից, որ սպասի «վատ ապակեգործին»այն մեկին, ում Բոդլերը գլորեց աստիճաններով․․․ Իսկ Գետառը շարունակելու է էլի հոսել, տրամավայը քաղաքին հետ վերադարձնող չի լինելու, եւ բոլորը միաբերան ասելու են՝ «աստված ի՛մ, գժվե՜լ է»․․․

Խելագարը մի տեսակ ինքն իր հետ խոսողն է: Գետառը, վաղուց մեռած ու ցամաքած պիտի լիներ, Մալաթիա շարժվող 5 համարի տրամվայի ձայնը դեռ ականջներիս մեջ է: Երևանում ինչ որ մի բան դեռ ապրում է, կյանքը դեռ կյանք է: Դոն Կիխոտը մեռնելիս ի՞նչ էր կտակում՝ խենթություն: Դոն Կիխոտը, Սանչո Պանսան, Պանսայի էշը, Դուլսինեան հաստատ, բոլորն էլ տեղը տեղին գժվել էին, բայց չմոռանանք՝ գժվել էր նախ և առաջ Սերվանտեսը: Այդուհանդերձ դրանից հետո էլ նրանք կային, ինչ որ կերպ կային ու շարունակում էին լինել:

Ինչպես Մարինե Կարոյանն արդեն ասել է «ես հանգիստ եմ քեզ համար», եւ ավելին՝ նաեւ «P/F»-ի համար, որ պայթեցնելու է՝ «քաղաքին վերադարձնելով իր ողջ սերը»։

«P/F»-ը իմ հոգևոր թշվառության, իմ անկման ու իմ առ ոչինչ լինելու հացն էր, որ յոթ տարի թխել եմ, եփել եմ, հավաքել եմ, տուն սարքել. լրիվ, լրիվ «սարքոցիա»  գնում. իսկը սարքել եմ, բայց սարքել եմ խեղումի, անճարության ու հոգեվարքի ձեռքով, որ մեկ-մեկ ասես ինքն իր երեսը ճանկռող բարուրի երեխա լինի, չգիտի՝ ճանկռելն ինչ է, սեփական երեսը վնասելն ինչ է – ուղղակի ճանկռում է, ծնվել է, որ ճանկռի:

Փոքր ժամանակ ես ու քույրս թխվածքի տուփ ունեինք, միջի թխվածքները համով, համով կերել էինք, տուփը դուրներս շատ էր եկել: Հիշում եմ՝ սովորական տուփ էր, երեսին՝ սովորական ջեմով թխվածքի պատկեր, բայց չգիտեմ ինչու խելագարի պես սիրում էինք տուփը ու մեջը պահում մեր դոնալդները, լովիսները, տուռբոները, մեր կերած ամերիկյան կոնֆետների թղթերը:

«Վեպ» կոչվածը ինձ համար իմ ու քրոջս մանկության թխվածքատուփն է, որի մեջ ես տեղավորել եմ բոլորովին այլ բաներ, այնպես ինչպես, յուղի տարայի մեջ տատիկս կոճակներ էր հավաքում՝ տարբեր վերարկուներից, տարբեր շապիկներից, տարբեր բլուզներից, բայց միևնույն է՝ դրանք կոճակներ էին:

«P/F»-ի կազմին՝ ամենաներքևում գրված է՝ «վեպ» - դա պոզայի համար չի արվել, թե տեսեք վեպ եմ գրել, կամ ինձ պատեպատ եմ տալիս, որ«P/F»-ը անպայման վեպ համարվի: Չէ, դա ուղղակի իմ տուփի, իմ արկղի անվանումն էր, որի մեջ մասունքներ հավաքեցի:

Հետգրություն։ Վեպի շնորհանդեսը տեղի կունենա «Միրզոյան» գրադարանում, սեպտեմբերի 26-ին՝ 18։00-ին։

Նշում։ 2015 թվականի Փետրվարի 22-ին «DILIJAN CHAMBER MUSIC»-ի շրջանակներում Լոս-Անջելեսում «Zipper Hall» սրահում կատարվել է կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանի վոկալի, ջութակի եւ հարվածային գործիքների համար գրված «Pachyan Fragments» ստեղծագործությունը։

Նշում։ «P/F»-ի վերջաբանը՝ «ձեն-ով արամը կամ վիպակ վեպի մասին» (վերջաբան՝ առաջաբանի փոխարեն) գրել է կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտագետ Արթուր Ավանեսովը։

Նշում։ «P/F»-ը հրատարակել է «Էջ» հրատարակչությունը։

Խմբագիր՝ Սեւակ Ղազարյան, կազմի ձեւավորումը՝ Գարեգին Մարտիրոսյանի, տեխնիկական խմբագիր՝ Վիտալի Ասրիեւ, էջադրող՝ Հասմիկ Արեւյան։

Լուսանկարները՝ Անուշ Քոչարյանի։

Լուսանկարներում՝ հատվածներ (ֆրագմենտներ)՝ «P/F»-ից։

Մեկնաբանություններ (2)

Անի
Գեւորգ ջան, տեքստում ասվում է, որ հասկանալք չկա՝ դասագրքային պարզ ոսկեղենիկով։ Փորձեք պարզապես թուլանալ եւ հաճույք ստանալ. ասում են՝ փորձված հակաթույն է՝ գրեթե դասագրքային:
Գեւորգ
Փորձեցի կարդալ հոդվածը .... կարդացի! Ներող եղեք, չհասկացա ինչ էր, ինչի մասին էր: Այնքան հասկացա, որ Պաչյանը (պաչյանը) գիրք է հրատարակել՝ - կարմիր կազմով, որտեղ նշված է նաեւ, որ վեպ է (երեւի, որ առնողը չշփոթի նոր դասագրքի հետ!)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter