HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, քիչ առաջ հեռացել է խորհրդակցական սենյակ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։ Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։

Պաշտպանը նշեց, որ եթե կալանավորման որոշում լինի, ապա դա կլինի քաղաքական հետապնդում Ծառուկյանի նկատմամբ։

Ծառուկյանը, հիշեցնենք,  մեղադրվում է Ազգային ժողովի 2017 թվականի ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու մեջ: Ազգային անվտանգության ծառայությունը նրան կալանավորելու մինորդություն է ներկայացրել երեք ամիս առաջ՝ հունիսի 21-ին, սակայն կալանքի միջնորդությունը մերժվել է։ Վերադաս ատյանում այս որոշումը բեկանվել է, գործն ուղարկվել նոր քննության։

Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության հիմքում ԱԱԾ-ն դնում է գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը և դիտարկեց, որ միջնորդությունից երեք ամիս է անցել, այս ընթացքում Ծառուկյանը գտնվել է ազատության մեջ, սակայն առկա չէ որևէ տվյալ այն մասին, որ նա խոչընդոտել է գործի քննությանը։

Այս հանգամանքն, ըստ պաշտպանի, ընդունում են նաև միջնորդություն ներկայացրած անձինք, բայց, այնուամենայիվ, պնդում են, որ Ծառուկյանը պետք է կալանավորվի։ Նշենք, որ դատական նիստը, որի ընթացքում քննվել է կալանքի միջնորդությունը, տևել է շուրջ 6 ժամ։ Մինչ խափանման միջոցի հարցի քննությունը սկսելը, դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակել է իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշում։ Դատարանը խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կայացնելու է այսօր` ժամը 23:00-ի սահմաններում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter