
Գերմանիայում գրանցվել է վերջին հինգ ամիսներին կորոնավիրուսի ցուցանիշների առավելագույն աճը
Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտը շաբաթ օրը՝ սեպտեմբերի 26-ին գրանցել է ապրիլի վերջից ի վեր Գերմանիայում կորոնավիրուսի նոր դեպքերի ամենամեծ աճը։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն։ Վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 2507 նոր դեպք, մահացել է 9 մարդ։
Կորոնավիրուսի համավարակից ի վեր Գերմանիայում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսի 282 730 դեպք, 9452-ը մահացել են, իսկ մոտ 249 700 մարդ էլ ապաքինվել։ Գերմանիայում ներկայումս կորոնավիրուսի վերարտադրողականության ինդեքսը կազմում է 0,91, այն դեպքում, երբ նախօրեին այն կազմում էր 0,78։ Սա նշանակում է, որ 100 վարակվածներ վարակում են 91 առողջ մարդու։
Ընդհանուր առմամբ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 32,8 միլիոն դեպք, ավելի քան 994 000 մարդ մահացել է։ Կորոնավիրուսով վարակվածների թվով առաջատար երկրներն են ԱՄՆ-ն (7,24 միլիոն), Հնդկաստանը (5,9 միլիոն) և Բրազիլիան (4,69 միլիոն)։
Սեպտեմբերի 26-ի դրությամբ Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի շուրջ 1 143 571 դեպք, 20 225 մարդ մահացել է։ Վերջին մեկ օրվա ընթացքում այնտեղ գրանցվել է կորոնավիրուսի 7 523 նոր դեպք, մահացել՝ 169-ը։
Սեպտեմբերի 26-ի դրությամբ Ուկրաինայում էլ նոր դեպքերի թիվը հասել է 3833-ի, ինչը կորոնավիրուսի համավարակից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։ Ընդհանուր առմամբ վարակվածների թիվը հասել է 195 504-ի, որոնցից 3903-ը մահացել են, 86 873-ը՝ ապաքինվել։ Դեպքերի մեծ մասը գրանցվել է Կիևում։
Լուսանկարը՝ «Reuters» գործակալության
Մեկնաբանել