HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Վահրամ Պողոսյան․ «Ադրբեջանի որևէ սադրանք մեզ hետ չի պահելու մեր նպատակից»

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը սեպտեմբերի 27-ին տեղեկատվական շտաբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ բացի սահմանային հատվածներից՝ հակառակորդը թիրախավորել է Արցախի խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան տասնյակ վիրավորներ և 2 հաստատված զոհ՝ տատ և թոռ Մարտունի քաղաքից։ Զոհված երեխան 9 տարեկան աղջիկ է։ Այս պահի դրությամբ հակառակորդը շարունակում է ինտենսիվ կրակել շփման գծի ամբողջ երկայնքով։

«Քիչ առաջ հակառակորդի կողմից տարածած այն տեղեկատվությունը, որ իբրև թե իրենց հաջողվել է գրավել հայկական մի քանի բնակավայրեր, չի համապատասխանում իրականությանը։ Պաշտպանության բանակը լիովին վերահսկում է իրավիճակը։ Այս պահի դրությամբ բազմաթիվ զանգեր ունենք ինչպես Հայաստանից՝ մայր հարենիքից, այնպես էլ Սփյուռքի տարբեր գաղթօջախներից։ Կոչ ենք անում համազգային մոբիլիզացիա իրականացնել, որպեսզի կարողանանք ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ հաղթանակով դուրս գալ այս իրավիճակից։ Ադրբեջանի որևէ սադրանք մեզ hետ չի պահելու մեր նպատակից, դա Արցախի ժողովրդի ինքնորոշման ճանաչման սկզբունքն է»,- նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը։

Ըստ նրա՝ մարդկանց շրջանում որևէ խուճապ չկա, բոլորը գտնվում են ապաստաններում:

Արցախի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանի խոսքով էլ՝ մինչ այսօր առավոտյան ադրբեջանական կողմից ռազմական ագրեսիայի սանձազերծումը՝ ԱԳՆ-ն, ուշադիր հետևելով իրավիճակին և զարգացումներին, պարբերաբար հանդես էր գալիս հայտարարություններով՝ դատապարտելով ադրբեջանական կողմի ռազմատենչ քարոզչությունը, ինչպես նաև բացահայտ սպառնալիքները ուժի կիրառման վերաբերյալ։

«Արցախի Հանրապետությունը ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների համաձայն` իրականացնում է իր ինքնապաշտպանության անկապտելի իրավունքը և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները ագրեսիան հետ մղելու և տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու համար։ Արցախի ԱԳՆ-ն ուղիղ կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես իրազեկված են ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ, և երկու հայկական պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունները համակարգված աշխատում են միջազգային կառույցներին տեղեկացնելու և ադրբեջանական ագրեսիան կասեցնելու նպատակով»,- տեղեկացրեց Արտակ Ներսիսյանը։

Նա նաև նշեց, որ այսօրվա զինված հարձակմանը նախորդել է Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական կողմերի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին հրապարակային թիրախավորմանը, Արցախի դեմ ուժի կիրառման բացահայտ սպառնալիքներին, ինչպես նաև զինված ուժերի շփման գծում հոկտեմբերի 1-ին նախատեսված ԵԱՀԿ-ի կողմից դիտարկման անցկացման մերժմանը։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ամբողջությամբ պատասխանատվություն է կրում ագրեսիայի հանցագործության համար միջազգային իրավունքի նորմերի համաձայն

«Արցախի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիան ոչ մի կասկած չի թողնում, որ հակամարտությունն ուժի միջոցով լուծելու ադրբեջանական փորձերի նկատմամբ ամենաարդյունավետ պատասխանը միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումն է»,- ասաց Արտակ Ներսիսյանը։

Պաշտպանության բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Սուրեն Սարումյանի խոսքով՝ հակառակորդը հյուսիսային, հարավային և հարավարևելյան ուղղությամբ ձեռնարկել է ագրեսիա, որն ուղեկցվել է հրետանային նախապատրաստությամբ, թիրախավորվել են խաղաղ բնակավայրերը, որոնք որևէ առնչություն չունեն կոմբոտանտների հետ։

Ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ կորուստներ, այդ թվում՝ 4 ուղղաթիռ, շուրջ 10 հետևակի մարտական մեքենա, տանկ, հարվածային անօդաչու թռչող սարքեր և հետախուզական անօդաչու թռչող սարքեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter