
Արարատ Միրզոյան. «Մենք չունենք ընտրություն, պետք է կռվենք հրով-սրով, հնարավոր ու անհնար ձևերով»
«Մեզ պատերազմ է հայտարարված` լայնածավալ ու դաժան պատերազմ, որտեղ թշնամին չի ուզում հաղթել, մեզ ուզում է ոչնչացնել»,- իրավունքի ուժով հրավիրված ԱԺ հատուկ նիստի իր ելույթում ասաց Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանը: Ըստ ԱԺ նախագահի` Ադրբեջանն ուզում է Արցախը ոչ թե ուղղակի իր կազմում տեսնել, այլ տեսնել առանց արցախահայության: Հակառակ պարագայում չէր լինի հայատյացության այն մթնոլորտը, որ կա Ադրբեջանում` մանկապարտեզից մինչ բուհեր:
«Հակառակ դեպքում թշնամի Ադրբեջանը չէր սպառնա ոչնչացնել ատոմակայանը, գրավել Երևանը, չէր սպանի քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին, չէր կտրի մահացած ծերունու ականջները Թալիշում: Դրված է հայ ժողովրդի գոյության հարցը, մենք չունենք ընտրություն, չկա որևէ այլ տարբերակ, պետք է կռվենք հրով-սրով, հնարավոր ու անհնար ձևերով»,- ասաց Արարատ Միրզոյանը:
Միրզոյանի խոսքով` ապրելու իրավունք ունենալու համար կռվել է հարկավոր և հայրենիքը պաշտպանել` այդ կերպ երկարատև խաղաղություն պարտադրել թշնամուն: Միրզոյանն ընդգծեց` Արցախի ու Հայաստանի ազատությունն ու ֆիզիկական անվտանգությունը չեն սակարկվում, ուստի պիտի հաղթենք:
Դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ԱԺ նախագահն ասաց, որ խմբակցությունների և արտախորհրդարանական ուժերի անունից քաղաքական դաշտի միասնությունն ու սատարումն է հայտնում զինված ուժերին և գերագույն գլխավոր հրամանատարին:
Մեկնաբանել