HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արա Ղազարյան. «Արցախի պաշտպանության համար ՄԻԵԴ դիմելը նոր ձևաչափ է և օրիգինալ»

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Հայաստանը պահանջում է պարտադրել Ադրբեջանին` դադարեցնել քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով: Բացի այդ, պահանջում է պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից, ինչպես նաև ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց:

Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, թե սպասվում էր, որ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դիմելու է ՄԻԵԴ կամ հակառակը, սակայն Արցախի պաշտպանության համար ՄԻԵԴ դիմելը նորություն է: Արա Ղազարյանը նշեց, որ Հայաստանի պաշտպանության համար միջանկյալ միջոցի կիրառման պահանջով դիմելը սպասելի էր այնքանով, որ անհատական գանգատների կուտակումը, ավելացումն ու կրկնումն, ի վերջո, բերում է այս ձևաչափի: Սակայն, երեկվա միջանկյալ միջոցի կիրառման պահանջը Արցախի մասով բոլորովին նոր ձևաչափ է և, ըստ էության, վարչապետի այն հայտարարության արտահայտումն է իրավաբանության մեջ, երբ ասաց՝ «Արցախը Հայաստան է և վերջ»:

«Սա առնվազն իրավական հարթակում նոր ձևաչափ է: Արդյոք հաշվարկ արվել է, որ սա քաղաքական հարթակում կբերի փոփոխության, չգիտեմ: Լինելով նոր ձևաչափ՝ շատ օրիգինալ լուծում է առաջարկվում: Ոլորտի իրավաբաններն այդ մտքից մի տեսակ իրար եկան, միևնույն ժամանակ անորոշ է, ռիսկային տարր կա: Մտնում ես մի դաշտ, որն ամբողջությամբ այլ է, քան վերջին 18 տարվա ձևաչափը, եթե կոնկրետ վերցնենք ՄԻԵԴ-ի առումով»,-ասաց Արա Ղազարյանը:

Միջազգային իրավունքի մասնագետը նշում է, որ «Չիրագովն ու այլոք ընդդեմ Հայաստանի» գործով ասվում էր, որ Հայաստանն ուղղակի թե անուղղակի վերահսկում է Արցախի տարածքը, այժմ արդեն Հայաստանն է ասում այդ մասին:

«Մյուս կողմից՝ այնպիսի իրավիճակ է, որ դա ինքնաբերաբար երևում է: Որովհետև այստեղ ակնկալվում է արդյունք ոչ միայն Հայաստանին, այլև Արցախին: Սա նաև մարտահրավեր է, որի ճանապարհն այնքան էլ հարթ չի լինելու: Թույլ թվեք այդքանն ասել, որովհետև դեռ ուսումնասիրում ենք նոր իրավիճակը»,-հավելեց Ա. Ղազարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter