
«Արյան կարիք միշտ կա»,- ասում է Արյունաբանական կենտրոնի տնօրենը
Արյան կարիք միշտ կա, նշում է Առողջապահության նախարարության՝ պրոֆեսոր Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը:
Նա ասում է, որ Արյան բանկի համալրումը շարունակական գործընթաց է և հիմա առավել ևս, դրա կարիքը կա, որպեսզի արյան անհրաժեշտություն ունեցողներին կարողանան բավարարել համապատասխան պաշարներով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի սահմանին Ադրբեջանի կողմից մարտական գործողություններ սկսելուց հետո Արյունաբանական կենտրոնն ու մի շարք բժշկական կենտրոններ հայտարարեցին արյան դոնորների անհրաժեշտության մասին:
Արյունաբանական կենտրոնի շուրջբոլորը բազմաթիվ մարդիկ կան հավաքված, տարբեր սեռի և տարիքի, բոլորը ցանկանում են արյուն հանձնել, սակայն ոչ բոլորին է հաջողվում, քանի որ մեծ հերթեր են:
Մարդկանց կուտակումներ թույլ չտալու համար արյունաբանականի երկու աշխատակիցներ գրանցում են դոնորության պատրաստակամություն հայտնած անձանց տվյալները: Օրինակ՝ մեր այցելության ժամանակ դրական ռեզուս ունեցողներից հեռախոսահամար են խնդրում՝ նշելով, որ կզանգահարեն հոկտեմբերի 1-2-ն ընկած հատվածում, իսկ բացասական արյուն ունեցողներին հերթագրում են սեպտեմբերի 29-ի առավոտվա համար:
Կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի խոսքով՝ բացասական ռեզուսը սակավ հանդիպող արյուն է, և դրա կարիք ունենալու դեպքում երբեմն խնդիրներ են լինում, չնայած որ այս պահին պաշարները բավարար են և այդ առումով խնդիրներ չկան: Հերթագրումների ժամանակ առաջնահերթությունը տրվում է հենց բացասական արյուն ունեցողներին:
Դոնորից արյուն և անալիզներ վերցնելուց հետո, ստուգում են դրա պարունակությունը և եթե ամեն ինչ մաքուր է, ապա արյունը ուղարկվում է օգտագործման:
Մեկնաբանել