HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Աննա Նաղդալյան. «Ունենք փաստական անհերքելի տվյալներ, թե որ կողմն է սկսել մարտական գործողությունները»

Հայկական կողմն ունի փաստական անհերքելի տվյալներ, թե ով է սկսել մարտական գործողությունները: Այս մասին մամուլի կենտրոնում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ շեշտելով, որ իրենց ունեցած ինֆորմացիան Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը փոխանցում է միջազգային հանրության ներկայացուցիչներին:

Աննա Նաղդալյանի խոսքով՝ միջազգային հանրությունը անվերապահորեն աջակցում է խաղաղության հաստատմանը և դատապարտում է տարածաշրջանում ուժի կիրառումը:

«Բախվելով միջազգային հանրության միանշանակ դիրքորոշմանը և ուժի կիրառման միակողմանի դատապարտմանը՝ Բաքուն սկսեց օգտագործել իր ավանդական գործիքակազմը և կեղծ լուրեր տարածեց, թե հայկական կողմն է սկսել մարտական գործողությունները»,- նշեց ԱԳՆ խոսնակը:

Տարիներ շարունակ խախտելով 1994-95 թվականներին ձեռք բերված հրադադարի եռակողմ համաձայնագիրը և հրաժարվելով Մինսկի խմբի կողմից առաջարկված ու Արցախի, Հայաստանի կողմից ընդունված հետաքննության մեխանիզմների ներդրման գաղափարից՝ Ադրբեջանը, ըստ Աննա Նաղդալյանի, ի ցույց է դրել, որ իր գործողությունները միտված են եղել ուժի կիրառման քողարկմանը և դրա համար հող նախապատրաստելուն:

Ըստ ԱԳՆ խոսնակի՝ Արցախի նկատմամբ այս ագրեսիան ունի երկու առանձնահատկություն. առաջինը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակայնորեն հրաժարվել է խաղաղ գործընթացից, և խնդիր է դրվել, հարցը լուծել ռազմական ճանապարհով, և երկրորդը՝ Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող քաղաքական և ռազմական ուղղակի աջակցությունն է, մասնավորապես՝ Ադրբեջանի զինված ուժերում թուրքական ռազմական ներկայությունը:

«Այս ամենը մեզ թույլ է տալիս պնդելու, որ այս անգամ Արցախի ժողովուրդը պայքարում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ: 100 տարի առաջ մեր պատմական հայրենիքում հայ ժողովրդին ոչնչացրած Թուրքիան ներկայում խրախուսում է Ադրբեջանին՝ նույն ցեղասպան գործողությունները իրականացնել հայ ժողովրդի նկատմամբ Հարավային Կովկասում: Բայց պետք է նշեմ, որ Արցախի և Հայաստանի կարողություններն ու վճռականությունը հակազդելու այդ դաշինքին աներեր է, քանի որ այդ վճռականությունն այլընտրանք չունի: Այստեղ խոսք է գնում իր պատմական հայրենիքում հայ ժողովրդի անվտանգության և կյանքի մասին»,- ասաց Աննա Նաղդալյանը:

Հարցին, թե Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթաց սկսելու մասին ուղերձներ հղվել են միջազգային հանրությանը, Աննա Նաղդալյանը պատասխանեց, որ դիվանագիտության մեջ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը նախապես չի ներկայացնում այն քայլերը, որոնք պատրաստվում է ձեռնարկել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter