HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Լիբիական օդանավը Թուրքիայի աջակցությունը վայելող Տրիպոլիից մեկնել է Բաքու

Երեկ՝ Երեւանի ժամանակով 22:10-ի սահմաններում, Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից Բաքու է թռել «Boeing 737-800» տիպի մարդատար ինքնաթիռ, որն Ադրբեջանի մայրաքաղաք է հասել Երեւանի ժամանակով գիշերը՝ 02:30-ի սահմաններում: Թռիչքն իրականացրել է լիբիական «Buraq Air» ավիաընկերությունը: 

Թռիչքը եղել է առանց կանգառների: Օդանավը մինչեւ Բաքվի Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայան հասնելն անցել է Թուրքիայի եւ Վրաստանի օդային տարածքով: 

Նկատենք, որ քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող Լիբիայի արեւմուտքում՝ Տրիպոլի մայրաքաղաքով, իշխում է ազգային համաձայնության կառավարությունը, որը, ի թիվս այլ երկրների, վայելում է Թուրքիայի աջակցությունը: Թուրքիան Լիբիայում օգտագործում է սիրիացի վարձկանների, որոնք կռվում են Լիբիայի արեւելքում իշխող գեներալ Հաֆթարի ուժերի դեմ: 

Սեպտեմբերի 27-ին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը, մեջբերելով հայկական հետախուզության տվյալները, նշել է, որ Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։ «Reuters» գործակալությունն իր հերթին կարողացել է զրուցել սիրիացի 2 վարձկանի հետ, ովքեր հայտնել են, որ Ադրբեջան են մեկնում Անկարայի համակարգման ներքո: «Ես չէի ուզում գնալ, բայց փող չունեմ: Կյանքը շատ ծանր է ու աղքատ»,- գործակալությանը հայտնել է «Ահրար ալ Շամ» իսլամիստական խմբավորման գրոհայինը (խմբավորումը համարվում է ահաբեկչական մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից): Վերջինս ու եւս մի վարձկան հայտնել են, որ իրենց ամսական մոտ 1500 դոլար են խոստացել՝ Ադրբեջանի կողմից կռվելու համար:

«The Guardian»-ը եւս զրուցել է սիրիացի վարձկանների հետ, որոնցից Օմարը (անունը փոխված է), ով Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող սիրիական Իդլիբ քաղաքից է, պատմել է, որ երբ իրենց առաջին անգամ Լիբիայում գործ էին առաջարկել, շատերը վախեցել էին մեկնել, բայց հիմա Լիբիա կամ Ադրբեջան մեկնել ցանկացող հազարավոր մարդիկ կան: «Այստեղ անելիք չունենք»,- ասել է իդլիբցի «Օմարը»: 

«The Guardian»-ը նշել է, որ ինչպես Ադրբեջան, այնպես էլ Լիբիա մեկնող վարձկանների մի մասը պատմել է, որ իրենց հայտնել են, թե պարեկություն պետք է անեն, բայց փոխարենը իրենց տարել են մարտագիծ: Շատերն էլ նշել են, որ հրամանատարներն իրենց գումարի 20 տոկոսը գրպանել են: 

Վերադառնալով Տրիպոլի-Բաքու չվերթին՝ շեշտենք, որ այս քաղաքների միջեւ կանոնավոր կապ չկա: Այսինքն՝ սա չարտերային չվերթ է: Բաքվից օդանավը մեկնել է Բանգլադեշի մայրաքաղաք Դաքա:  

Իսկ մինչեւ Բաքու մեկնելը, ինչպես տեսնում ենք flightradar24.com-ում, «Buraq Air»-ի այս օդանավը թռիչքներ է կատարել լիբիական Տրիպոլիից ու Միսրատայից դեպի Ստամբուլ եւ հակառակ ուղղություններով: Ի տարբերություն Բաքվի՝ Ստամբուլն այս ավիաընկերության թռիչքային հասցեակետերից է: 

Մեկնաբանություններ (1)

Chad Dust
Ans so, is the Forever War borne.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter