HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Պաշտպանության նախարարությունն ունի թուրքական F-16-ի կիրառման ապացույցները

Գիշերն Արցախի սահմանի ողջ երկայնքով շարունակել են ընթանալ մարտեր։ Դրանք չեն եղել նույն ինտեսնիվությամբ, ինչպես երեկ, բայց տեղ-տեղ եղել են հրետանային հրետակոծություններ։ Հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերն անցել են լայնածավալ հարձակողական գործողությունների, մասնավորապես՝ ավիացիոն հրետանային և հրթիռային հարվածներ են հասցրել։ Այս պահին այդ ուղղությամբ ընթանում են մարտեր։ 

Այս մասին մամուլի ասուլիսին հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչն, անդրադառնալով սոցիալական ցանցերով տարածվող այն տեղեկատվությանը, որ Շահումյանի շրջանում, Գետաշենում հայկական զինված ուժերն առաջխաղացում են ունեցել, ասաց՝ կոնկրետ ուղղություններով, կոնկրետ գործողությունների վերաբերյալ տեղեկություններ, որոնք հատկապես վերաբերում են հայկական զինված ուժերի հաջողություններին և առաջընթացներին, չի կարող մեկնաբանել, նախարարությունը նպատակահարմար չի գտնում։

Արծրուն Հովհաննիսյանը ընդգծեց, որ թուրքական F-16 կործանիչների՝ Ադրբեջանում լինելու մասին հայկական զինված ուժերը գիտեին դեռ օգոստոսի 13-14-ին, երբ Ադրբեջանում զորավարժություններն ավարտվեցին և այդ կործանիչները չհանվեցին Ադրբեջանից՝ մնալով ադրբեջանական օդանավակայաններում։ Այդ հարցը պաշտպանության նախարարությունը բարձրացրել է համապատասխան մարմիններին։ Հովհաննիսյանը սակայն չցանկացավ մանրամասնել, թե իրենց տեղեկություններով քանի F-16 կա Ադրբեջանում։ Դրանք տևական ժամանակ գտնվել են «Գյանջա» օդանավակայանում, ռազմական այս գործողությունների ժամանակ գործել այդ հատվածից։

«Ադրբեջանն ամեն կերպ փորձում էր այս ամեն ինչը չընդունել և երեկ էլ այդ ծիծաղելի հայտարարությունը, որ իբր իրենց ռազմաօդային ուժերի կազմում չկա F-16։ Մենք շատ լավ գիտենք՝ իրենց ռազմաօդային ուժերում ինչ կործանիչներ կան, և լավ գիտենք, որ իրենց կազմում եղած կործանիչները, իրենց առաջադրված խնդիրները չեն կարող կատարել ինչպես հարկն է, դրա համար F-16-երը այնտեղ են։ Հայաստանի Հանրապետությունը տիրապետում է համապատասխան տեղեկությունների, այդ թվում ռադիոտեխնիկական հետախուզական միջոցների։ Բոլոր նրանց, որոնք հերքում են, փորձում են լուրջ չվերաբերել պաշտոնական մեր տեղեկություններին, համապատասխան անակնկալներ սպասվում են՝ ռադիոտեխնիկական հետախուզական ապացույցներով»,-նշեց նա։

Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ ռազմական գործողությունների ընթացքում F-16 չի մտել Հայաստանի և Արցախի օդային տարածք, քանի որ հնարավորություն ունեն հեռահար կերպով իրենց խնդիրները լուծել։ Նա չբացառեց, որ Հայաստանը կարող է միջազգային փորձաքննություն պահանջել՝ պարզելու, թե ինչպես են թուրքական F-16-ները մասնակցել գործողություներին։ Պաշտպանության նախարարությունը բոլոր անհրաժետ ապացույցներն ունի։

Նա անդրադարձավ նաև արտաքին գործերի նախարարության տարածած այն հաղորդագրությանը, որ սեպտեմբերի 29-ի առավոտյան Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչը խոցել է Հայաստանի տարածքում գտնվող, ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը:

Հովհաննիսյանը նշեց՝ F-16 կործանիչը Հայաստանի օդային տարածքի խորքեր չի մտել, կարող է առանձին դրվագներով խախտումներ եղել են։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter