HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանում բոյկոտում են թուրքական ապրանքը. իրավիճակն ու շուկան թուրքականից «մաքրելու» ճանապարհները

Արցախում ռազմական գործողությունների վերսկսումից հետո թուրքական ապրանք բոյկոտելու կոչերը Հայաստանում կրկին ակտիվացել են։ Սոցիալական ցանցերում, տարբեր խմբերում ներկայացվում են թուրքական արտադրության ապրանքներ՝ կոչ անելով գնումներ կատարելիս հրաժարվել դրանցից ու առկայության դեպքում նախապատվությունը տալ տեղականին: Այս նպատակով նաև ստորագրահավաք է կազմակերպվել: 

Մի քանի սուպերմարկետներ ու խանութներ արդեն հայտարարել են, որ դադարեցնում են թուրքական ապրանքների վաճառքը։ 

Հայաստանում թուրքական ապրանքներից հրաժարվելու կոչեր հաճախ են արվում: Պարբերաբար թեման սրվում է՝ հատկապես արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի լարվածության ժամանակ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով` օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ: Նույն օրը Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն:

Թուրքական ապրանքները բոյկոտող քաղաքացիների նպատակը Ադրբեջանի անվերապահ աջակից Թուրքիայի բյուջեին հարվածելն է: Եվ ամեն անգամ, երբ այս թեման ասպարեզ է գալիս, բարձրացվում է նաև տեղական արտադրությունը զարգացնելու և թուրքական ապրանքներից աստիճանաբար՝ առանց բիզնեսին ու սպառողներին վնասելու հրաժարվելու հարցը: 

Թուրքիայի հետ առևտրի ոլորտում Հայաստանը ներմուծողի դերում է

Թուրքիայի հետ առևտրային հարաբերություններում Հայաստանը գլխավորապես ներմուծողի դերում է, արտահանումը շատ թույլ է:

Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ)՝ այս տարվա առաջին կիսամյակում  Հայաստանը Թուրքիա է արտահանել ընդամենը 374 հազար դոլարի ապրանք, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 72.3%-ով նվազել է: 

Միևնույն ժամանակ, վեց ամսում Հայաստանը Թուրքիայից ներմուծել է մոտ 99 մլն դոլարի ապրանք՝  14.5%-ով ավելի քիչ, քան նախորդ տարվա առաջին կիսամյակում:

Հայաստանի արտահանման կազմում Թուրքիայի տեսակարար կշիռն այս տարվա առաջին կիսամյակում 0% է, իսկ ներմուծման կազմում՝ 4.9%:

Վերջին տասը տարիներին Հայաստանը, տարեկան կտրվածքով, Թուրքիայից Հայաստան է ներմուծել 137-268 մլն դոլարի ապրանք: Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2019 թվականին:

Հայաստանը ավելի քան 700 անուն ապրանք է ներմուծում Թուրքիայից

Մաքսային ծառայության տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանը ավելի քան 700 անուն ապրանք է ներմուծում Թուրքիայից: Ընդ որում՝ այս ներմուծումը բավականին դիվերսիֆիկացված է: 

Հայաստանը Թուրքիայից գնում է տարատեսակ ապրանքներ՝ հագուստից, կոշիկից, նավթամերքից մինչև կենցաղային ապրանքներ, շինանյութ և այլն: Ներմուծվում է ինչպես պատրաստի արտադրանք, այնպես էլ՝ տեղական տարատեսակ արտադրությունների համար անհրաժեշտ հումք: 

Այս տարվա առաջին կիսամյակում Թուրքիայից Հայաստան ներմուծված ապրանքների առաջին տասնյակի ապրանքներն են՝ տրիկոտաժե  հագուստի առարկաներ, ցիտրուսային պտուղներ, նավթամթերք, տրիկոտաժե պաստառներ, լվացող և մաքրող միջոցներ, փայտանրբաթելային սալիկներ, կոշիկի արտադրության համար անհրաժեշտ ապրանքներ, ալյումինե տրամատ և ձող, էլեկտրասարքեր, հիգիենայի պարագաներ:

Թուրքիայի արտահանման կազմում Հայաստանի կշիռը 0.1% է

Համադրելով Թուրքիայի պաշտոնական վիճակագրության տվյալները՝ տեսնում ենք, որ  վերջին տարիներին Թուրքիայի արտահանման կազմում Հայաստանի տեսակարար կշիռը 0.1-0.15%-ի շրջանակներում է եղել։ Այսինքն՝ Հայաստանը Թուրքիայի համար արտահանման առաջնային շուկա չէ։  

Թուրքական ապրանքներից պետք է հրաժարվել աստիճանաբար՝ առանց հայկական բիզնեսի ու սպառողների շահերը վնասելու

Որքան էլ թուրքական ապրանքները բոյկոտելու կոչերի նպատակները պարզ են և քննարկման ենթակա չեն, դրանց ազնիվ մղումները, միևնույն է, չպետք է մոռանալ ներմուծող տնտեսվարողների ու սպառողների շահերը։ Հայկական շուկան թուրքական ապրանքներից «մաքրելու» գաղափարը պետք է իրականացնել աստիճանաբար՝ զուգահեռ զարգացնելով նմանատիպ ապրանքների արտադրությունը Հայաստանում։ Ընդ որում՝ սա կարող է մի քանի տարի տևել, բայց եթե որոշված է հրաժարվել թուրքականից, ապա գործընթացը պետք է այսօրվանից սկսել։ Փորձագետները սրա համար տարբեր ճանապարհներ են առաջարկում։

«Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը նշում է, որ հայ տնտեսվարողները Թուրքիայից պատրաստի ապրանք ու հումք են բերում միայն այն պատճառով, որ այս պահին գնի ու որակի առումով ավելի հարմար այլընտրանք չունեն։ 

Նա ևս շեշտում է, որ թուրքական ապրանքներից հրաժարվելու գործընթացը կարող է մի քանի տարի տևել, և այն պետք է հստակ ծրագրով իրականացնել։ Այստեղ պետությունը պետք է պատրաստ լինի օժանդակել այն բիզնեսներին, որոնք կարող են տուժել թուրքական պատրաստի ապրանքներից ու հումքից հրաժարվելու ծրագրի արդյունքում։ 

Գործընթացը հարկավոր է սկսել պատրաստի հագուստից ու կոշիկից, այդ թվում՝ արտասահմանյան բրենդային ներկայացուցչություններ այստեղ բացելով։ Հումքը պետք է ամենավերջում թողնել, քանի որ տեղական արտադրության համար թուրքական հումքը դեռևս այլընտրանք չունի։

Ըստ Էմիլ Ստեփանյանի՝  մի կողմից պետությունը կարող է բարձրացնել Թուրքիայից ապրանքների ներմուծման մաքսատուրքերը, սակայն մյուս կողմից էլ պարտադիր պետք է տարբեր դրամաշնորհային կամ այլ ծրագրերի միջոցով օժանդակի ներմուծողներին, որպեսզի վերջիններիս համար մաքսատուրքերի բարձրացումը մեծ հարված չլինի։ 

«Եթե մենք այս գործընթացը սկսեինք հինգ-վեց տարի առաջ, ապա այսօր արդեն թուրքական ապրանքներ Հայաստանում քիչ կլինեին։ Ճիշտ է՝ այսօր մեր ներմուծման կազմում Թուրքիայի կշիռը մոտ 5% է, բայց եթե ըստ առաձին ապրանքատեսակների դիտարկենք, ապա՝ կան ապրանքներ, որոնց մինչև 80%-ը Թուրքիայից ենք ներկրում, օրինակ՝ նարինջը։ Այս գործընթացը պետք է շուտ սկսեինք՝ Թուրքիայից Հայաստան ներմուծման ժամանակ մաքսատուրքերի կամաց-կամաց բարձրացումով։ Հիմա փոխվել են հագուստի ներկրման մաքսատուրքերի հաշվարկների ձևերը, որոնք ենթադրում են ավելի բարձր մաքսավճարներ։ Այս փոփոխությունների արդյունքում չորս միլիարդ դրամի փոխարեն Հայաստանի բյուջե է մտնելու ութ միլիարդ դրամ։ Ես առաջարկում  էի՝ այդ լրացուցիչ չորս միլիարդ դրամն ուղղել սոցիալական լարվածության մեղմացմանը. տարբեր ծրագրերի ու դրամաշնորների միջոցով այն տալ բիզնեսներին, որոնք տուժելու ենք մաքսատուրքերի բարձրացումից»,- «Հետքի» հետ զրույցում նշեց Էմիլ Ստեփանյանը։ 

Նա շեշտում է՝ զուգահեռ պետք է խրախուսել տեղական արտադրությունը ու վերացնել թուրքական ապրանքներից հայկական շուկայի ունեցած կախվածությունը։ Ժամանակն է, որ հայկական կողմը քայլեր ձեռնարկի, քանի դեռ Թուրքիան դա չի արել։ «Օրինակ՝ կարող են թե՛ պետական մակարդակով, թե՛ իրենց ներքին կարգով միանգամից արգելել դեպի Հայաստան որևէ ապրանքի արտահանումը»,- ասում է փորձագետը։ 

Թուրքիայի հետ առևտրային հարբերությունները խստացնելու գործընթացին կարող է խոչընդոտել Հայաստանի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամակցությունը, որի շրջանակներում պետությունները պարտավորվածություններ ունեն։ Սակայն, փորձագետները համոզված են՝ ցանկության դեպքում կարելի է երկկողմանի լուծումներ գտնել։

ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը ևս ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այս թեմային։ Նրա խոսքով՝ այսօր հատկապես կարիք կա աշխատելու հագուստի արտադրության հումքային բազայի դիվերսիֆիկացման և տեղական արտադրական կարողությունների զարգացման ուղղությամբ։

Ըստ էության, մանածագործության ոլորտում ռազմավարական պատուհան կա, կարելի է նոր բիզնես հիմնել և հաջողությամբ սպասարկել տեքստիլ արդյունաբերության արժեշղթայի վերին օղակները։

«Այստեղ կարծում եմ կարող են համագործակցել և համատեղ բիզնես հիմնել նաև հագուստի արտադրության ոլորտի ներկայացուցիչները (ուղղահայաց՝ դեպի ներքև ինտեգրացիա), ինչը թույլ կտա մեղմել իրացման ռիսկերը և հնարավորինս զսպել հումքի ինքնարժեքի բարձրացումը (ենթադրաբար թուրքական արտադրողների մոտ մասշտաբի էֆֆեկտի արդյունքում ինքնարժեքը ավելի ցածր է)»,- գրել  է տնտեսագետը։

Մեկնաբանություններ (3)

Turkish brand shops
Did armenia close down the turkish brand shops such as Lc Waikiki in Yerevan that I saw when I was there?
Nesrin
Because Armenia is a third world country
Tro
About raw materials, Armenia should be able to grow cotton instead of importing it. Soviet Armenia was growing cotton, why can't independent Armenia? It's the easiest thing to grow.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter