HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Արամ Կարապետյանի կարծիքով` պայքարի միակ ձևը փողոց դուրս գալն է

Առաջիկա խորհրդարանական ընտրությունններին չմասնակցելը «Նոր ժամանակներ կուսակցության» նախագահ Արամ Կարապետյանի համար քաղաքական որոշում է: Պատճառն այն է, որ Ա. Կարապետյանը համոզված է` ընտրությունները նախապես ծրագրված են, չեն լինելու արդար և թափանցիկ, պարզապես այս անգամ կկիրառվեն նոր տեխնոլոգիաներ: Իշխանությունն ունի նպատակ` խորհրդարանում ստեղծել լուրջ մեծամասնություն, կլինի նաև փոքր մաս կազմող ընդդիմություն: Սակայն դրա նպատակը ժողովրդավարություն ցուցադրելն է:

«Նոր ժամանակներ կուսակցության» նախագահի կարծիքով` այս ընտրություններին արմատական ընդդիմությունն ունի երկու ճանապարհ.  չմասնակցել ընտրություններին, քանի որ դրանք ծրագրված են իշխանությունների կողմից կամ էլ մասնակցել, բայց դրանով նա լեգիտիմացնում է իշխանությունների արարքը: Ա. Կարապետյանը նաև խոստանում է ընտրություններից 2 շաբաթ առաջ ասել, թե որ քաղաքական ուժը ինչքան ձայն է հավաքելու:

Ա. Կարապետյանը նշեց, որ ընդդիմությունն ամեն անգամ պայքարում է հաղթանակի համար, բայց յուրաքանչյուր ընտրությունից հետո պարտվող է դուրս գալիս: Այս անգամ իրենք որոշել են ընդդիմանալ և չմասնակցել ընտրություններին: Միաժամանակ, Ա. Կարապետյանը չի ողջունում բոլոր ընդդիմադիր ուժերի` խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշումը: Սակայն կոչ է անում բոլոր քաղաքացիներին մասնակցել ընտրություններին, նույնն անելու է նաև ինքը` իր ձայնը տալով ընդդիմությանը:

Ա. Կարապետյանը կարծում է, որ այն ընդդիմադիրները, որոնք անընդհատ քննադատում էին իշխանություններին, ներկայանում որպես ընդդիմադիր, այժմ հայտնվել են իշխանական ցուցակներում, պարզապես ծախվել են:

Ա. Կարապետյանի խոսքերով` ՀԱԿ-ը, մասնակցելով ընտրություններին, նպատակ ունի ակտիվացնելու ժողովրդին: Նա նույնիսկ կես կատակ, կես լուրջ նշեց, որ ընտրությունների հաջորդ օրը կլինի նոր Նոր տարի. ընտրակաշառքները բաժանված կլինեն և մարդիկ որոշակի գումար կունենան: Այն հարցին, թե նպատակ ունեն զբաղեցնել ՀԱԿ-ի տեղը, Ա. Կարապետյանը ատասխանեց, որ «ոչ միայն հավակնություն ունեն, այլ այդպես է դասավորվում կյանքը»: Եթե ընդդիմությունն անցնելու է ամբողջ խորհրադարանական ճանապարհը ու վերջում գալու փողոց, ինչո՞ւ միանագամից չգնալ փողոց: Ա. Կարապետյանի կարծիքով` Հայաստանում միայն փողոցի միջոցով կարելի է հասնել փոփոխության, իսկ իրենք արդեն փողոցում են:

Ա. Կարապետյանը կարծում է, որ ՀՀ-ի արտաքին քաղաքականությունը ոչ թե շախմատ է, այլ ռուլետկա: Հայաստանը «հազիվ պրծավ հայ-թուրքականից», այնինչ իշխանությունները ներկայացնում են, թե այդ ամբողջ գործընթացը նախապես ծրագրված դիվանագիտական քայլ է: Գերտերություններից յուրաքանչյուրն իր շահն է հետապնդում, իսկ Սերժ Սարգսյանը շարունակում է նրանց խոստումներ տալ: Դրա նպատակը իշխանության մնալն է, սակայն, Ա. Կարապետյանի խոսքերով, այդ «խոստումներն արդեն դառնում են վտանգավոր»: Նա չի սիրում Ռոբերտ Քոչարյանին, սակայն նրա ու Ս. Սարգսյանի միջև տարբերություն կա. Ռ. Քոչարյանի քաղաքականության մեջ «դոմինանտ առաջ էր տարվում ցեղասպանության հարցը»: Ա. Կարապետյանի խոսքերով` Հայաստանում «ժողովրդավարությունն աճուրդի է հանվում».  իշխանությունները ժողովրդավարության փոխարեն գումարներ են ակնկալում դրսից:

 Չնայած «Նոր ժամանակներ կուսակցությունը» որոշել է չմասնակցել խորհրդարանական ընտրություններին, սակայն կուսակցության առաջնորդի ծրագրերի մեջ է մտնում առաջադրվել որպես երկրի նախագահի թեկնածու: Նա արդեն ունի բազմաթիվ ծրագրեր, որոնք պատրաստ է կյանքի կոչել ընտրվելու դեպքում: Մասնավորապես, Ա. Կարապետյանն առաջարկում է ընդունել օրենք, ըստ որի նույն անձը չի կարող 2 անգամ ընտրվելուց հետո կրկին հայտնվել խորհրդարանում կամ 2 անգամ նախագահ ընտրվելուց հետո հետագայում կրկին լինել նախագահ: Այդ դեպքում կլինի առողջ սերնդափոխություն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter