HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Այն, ինչին գնում է Ադրբեջանը, մեծ ռիսկ է այդ երկրի իշխանությունների համար»

«Հետքի» հարցերին պատասխանում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը

-Պարոն Աբրահամյան, արդեն հինգերորդ օրն է՝ Արցախի սահմանի ողջ երկայնքով շարունակվում են ինտեսիվ մարտերը։ Երեկ հայտնի դարձավ, որ Լիբիայից օդանավ է գնացել Բաքու, ինչպես ենթադրվում է՝ զինյալներ փոխադրելու նպատակով։ Կարո՞ղ ենք ասել, որ Ադրբեջանը հույսը դրել է թուրք զինվորականների եւ օտարերկրացի վարձկանների վրա։

-Ադրբեջանը ծայրահեղական տարբեր խմբերի աջակցությունը հիմնականում երկու պատճառով ունի: Առաջինը՝ դա իր զորքերի ամրացում է համարում եւ հիմնականում նրանց փորձում է օգտագործել ամենաթեժ կետերում, երկրորդ՝ ներքին խնդիր է լուծում, քանի որ հիմնական հարվածը հենց զինյալների վրա դնելով՝ խուսափում է զոհերի թեմայից  եւ դրանով, ըստ էության, փորձում է նաեւ ներքին ճնշումներից խուսափել։ Իհարկե, այս ողջ գործընթացը տեղի է ունենում Թուրքիայի մեծ աջակցությամբ։ Հայտնի է, որ Թուրքիան այդ զինյալներին օգտագործել է տարբեր այլ ճակատներում, եւ դա նորություն չէ նաեւ միջազգային հանրության համար։

-Ադրբեջանը հսկայական կորուստներ է կրում ռազմաճակատում, սակայն Ալիեւի ագրեսիվ հռետորիկան չի նվազում։ Արդյոք դա ներքին դժգոհությունները զսպելու եւ ինֆորմացիոն բլոկադայի մեջ գտնվող սեփական հանրությանն ապակողմնորոշելու միջոց է։ Հասարակությունը կների՞ նրան այս ամենը։

-Ադրբեջանի իշխանություններն իրենց ագրեսիան ուղեկցում են նաեւ ագրեսիվ հռետորաբանությամբ, նույնը կարելի է ասել Թուրքիայի համար, եւ բնական է, որ այս օրերին ադրբեջանական բանակը մեծ թվով ե՛ւ  զինտեխնիկայի, ե՛ւ մարդկային կորուստներ ունի, որը որոշակի ժամանակահատվածում լուրջ խնդիրներ է առաջացնելու նաեւ երկրի ներսում։

Յուրաքանչյուր պարագայում Ադրբեջանը փորձելու է գոնե որոշ հատվածների նկատմամբ վերահսկողություն ունենալ, որ ներքին քարոզչությունում օգտագործի եւ զսպի տարբեր սրացումներն ու դժգոհությունները։

Իրականում այն, ինչին գնում է Ադրբեջանը, եւս մեծ ռիսկ է այդ երկրի իշխանությունների համար, որովհետեւ այդ տիպի կորուստները՝ ե՛ւ զինտեխնիկայի, ե՛ւ մարդկային ուժի, ինչ արդյունք էլ ունենան, ցանկացած իշխանության պարագայում բավականին թանկ գին են ունենալու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter