
3 ամսում 170 գայլ. գայլերի դեմ պայքարի այլ ձև չկա՞
Երեկ Կենդանաբանության ինստիտուտ ներկայացվեց 170-րդ գայլի մորթի, որով գայլերի մորթիների ընդունման հանձնաժողովն ավարտեց իր աշխատանքն այս եռամսյակում: Ըստ կառավարության որոշման՝ 2012թ.-ի համար թույլատրվում է խփել 200 գայլ, իսկ յուրաքանչյուր գայլի դիմաց տրվում է 100 հազար դրամ պարգևավճար:
Հանձնաժողովի նախագահ, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանի խոսքերով՝ իրենց աշխատանքները նախատեսված են ամբողջ 2012թ.-ի համար: Այս եռամսյակում իրենք արդեն ընդունել են 170 գայլ, մնացած 30 գայլը նախատեսում են ընդունել արդեն 4-րդ եռամսյակի ընթացքում: Գայլերի մեծ մասը բերել են Վայոց ձորից, Արագածոտնից և Արարատյան դաշտավայրից:
Ա. Ավալյանի խոսքով՝ հանձնաժողովի կողմից ընդունված բոլոր գայլերը համապատասխանում են ներկայացված պահանջներին: Սակայն եղել են նաև դեպքեր, երբ ներկայացվել են այլ կենդանիների մորթիներ, որոնք չեն ընդունվել:
Հանձնաժողովի անդամ, ԲՆ հատուկ պահապանվող տարածքների բաժնի պետ Արամ Աղավասյանի խոսքերով՝ հաճախ մարդիկ ոչ թե դիտմամբ խաբում, այլ շփոթում են գայլը գայլանման շան կամ այլ կենդանու հետ: Իսկ գայլ որսալն իրականում շատ դժվար է:
Հանձնաժողովի անդամ, բնապահպանության տեսչության պետի տեղակալ Արթուր Գևորգյանը նշեց, որ գայլը ստանալուց հետո որսորդի գումարը փոխանցվում է իր համայնքի փոստին, համայնքի ղեկավարության կողմից էլ ներկայացվում է փաստաթուղթ, որը հաստատում է, որ գայլը խփվել է բնակավայրի մոտ:
Նրա խոսքով՝ սա գայլերի դեմ պայքարի փորձված միջոց է, որը կիրառվել է խորհրդային տարիներին, այժմ գործում է նաև Ռուսաստանում: Այն գյուղացին, ով անմիջականորեն վնաս է կրում գայլից, այս կերպ կարծես թե փոխհատուցում է ստանում: Ա. Աղավասյանի խոսքերով՝ 100 հազարական դրամներով լուծվում են նաև սոցիալ-տնտեսական խնդիրներ:
Բացի այդ՝ խփում են այն գայլերին, որոնք դուրս են գալիս իրենց արեալից և մոտենում են բնակավայրերին: Դրանք այն գայլերն են, որոնք ոհմակ ստեղծելու համար մոտենում են բնակավայրերին և վնաս հասցնում: Իսկ 170 գայլերի մեծ մասը խփվել է հենց բնակավայրերի, գոմերի մոտ:
Հանձնաժողովի անդամների կարծիքով՝ գայլերի դեմ պայքարի այլ ձև գոյություն չունի, գուցե կարելի է գայլերն արտահանել այլ երկրներ, որտեղ կա այդ պահանջարկը:
Հանձնաժողովը գտնում է, որ բնապահպանների բարձրացրած աղմուկն անհիմն է: Այնինչ,
«Էկոդաշինքի» համակարգող, բնապահպան, Կենդանաբանության ինստիտուտի գիտաշխատող Սիլվա Ադամյանի կարծիքով՝ գայլերի դեմ պայքարի նման ձևը բարբարոսական է, կան այլ մեթոդներ, որոնց շնորհիվ կարելի է վանել գայլերին բնակավայրերից: Նախ, պետք է չավերել բնական միջավայրը, իսկ գայլը բնակավայրին մոտենում է, որովհետև իր բնական միջավայրը խախտվել է, կեր չկա, և նա դուրս է գալիս որսի: Պետք է գումարներ ներդնել, որպեսզի ամրացվեն գոմերը, բնակավայրերի մոտ անցկացվեն փշեր, ցանցեր, որոշ երկրներում անգամ ցածր հոսանք են կիրառում՝ գայլին հետ վանելու համար, ինչպես նաև բաց թողնել այլ մանր կենդանիներ, որոնք գայլի համար որս են:
Ս. Ադամյանը նշեց, որ սրանք մեթոդներ են, որոնք արդյունավետ կիրառվում են այլ երկրներում, իսկ Հայաստանում կիրառվում է գնդակահարությունը: Պետք է գումարը հատկացնել ոչ թե որսորդներին շահագրգռելու և պարգևատրելու համար, այլ համապատասխան մասնագետներին ուղարկել արտերկիր վերապատրաստման, փորձի փոխանակման, որովհետև վերջիններս որակավորում չունեն և կիրառում են իրենց իմացած մեթոդը, ինչը ամենահեշտն է: Իսկ «գայլերին ոչնչացնելով մեր խնդիրները չեն լուծվի»:
![]() |
![]() |
Ա. Գևորգյանը հավաստիացնում է, որ իրենք փորձում են աշխատանքներն այնպես կարգավորել, որ այլ կենդանիների չվնասեն: Արգելվում է կապկաններով, թունավորմամբ որսալ գայլը: Իսկ արգելված ձևով գայլ որսացողը ենթարկվում է 150 հազար դրամ տուգանքի: Իսկ Ա. Աղավասյանը հավաստիացնում է, որ որսաշրջանից հետո որսի դուրս եկածը պատժվում է, իսկ իրենք խիստ հետևում են դրան:
Ա. Գևորգյանի խոսքով՝ որսը որսորդի սեփականությունն է, և եթե նա գտնում է, որ գայլի մորթին իր պատից կախած ավելի մեծ արժեք ունի կամ կարող է վաճառել այլ գնով, կարող է և չներկայացնել հանձնաժողովին: Իսկ իրենք էլ հետևում են, որ գայլի փոխարեն այլ կենդանի չխփվի:
Սիլվա Ադամյանի խոսքով՝ այսօր հայտնի չէ, թե քանի գայլ կա Հայաստանում, միայն մոտավոր հաշվարկներով՝ 700: Նա առաջարկում է նաև կառավարության կողմից հատկացված գումարի մի մասը գոնե տրամադրել Կենդանաբանության ինստիտուտին, որպեսզի այն կատարի ուսումնասիրություններ, մոնիտորինգ՝ պարզելու գայլերի իրական վիճակը, այնուհետև ներկայացվեն համապատասխան առաջարկություններ:
Ս. Ադամյանի խոսքով՝ դա գիտական խոշոր աշխատանք է, պահանջում է համապատասխան ռեսուրսներ, իսկ դա այժմ հնարավոր չէ անել ինստիտուտի միջոցոներով: Այնինչ ԽՍՀՄ տարիներին նման ուսումնասիրության համար օգտագործվել է անգամ ուղղաթիռ: Հիմա մոտավոր հաշվարկներով ոնչացվում են գայլերը, իսկ դրանց պետք է որսալ որսաշրջանի ընթացքում:
Բնապահպանը նշեց, որ գայլերի խնդիրն առկա է ամբողջ աշխարհում, և եթե այս ձևով շարունակվի, նրանց թիվը զգալի կկրճատվի նաև Հայաստանում: Իսկ դա աղետալի հետևանքներ կունենա:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել